ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

ՍԱՀԱ մասին
Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա
2016 Մարտ 22

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան Հայաստանում սոցիալական աշխատողների մասնագիտական, ներկայացուցչական միակ կառույցն է, որն այս պահին ունի 200-ից ավելի անդամ: Ասոցիացիայի բոլոր անդամներն ունեն սոցիալական աշխատանքի, սոցիալական քաղաքականության, սոցիալական վարչարարության գծով բարձրագույն կրթություն, բակալավրի, մագիստրոսի, գիտական տարբեր կոչումներ (թեկնածուական, դոցենտական և այլն):

Ասոցիացիան՝ որպես ոչ կառավարական, ոչ քաղաքական, շահույթ չհետապնդող կազմակերպություն, ստեղծվել է 2004 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր այն աջակցում է իր անդամներին, առաջին հերթին, սոցիալական աշխատանք մասնագիտության շարունակական զարգացման միջոցով:

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան ունի ազդեցիկ և ծանրակշիռ «ձայն» հայ հասարակությունում սոցիալական արդարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, սոցիալական ներառմանը և քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանն առնչվող հարցերում: Ասոցիացիան, իր գործունեության նպատակներից ելնելով, իրականացնում է սոցիալական քաղաքականության և տարաբնույթ ծրագրերի կատարելագործմանն ուղղված աշխատանքներ, սոցիալական աշխատանքի պրակտիկայի չափանիշների «ուժեղացմանը», սոցիալական աշխատանքի շահառուների իրավունքների պաշտպանությանը նպաստող գործառույթներ: Այն նաև իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ, վերլուծություններ, իրազեկման, լուսաբանման և հիմնախնդիրների բարձրաձայնմանն ուղղված գործունեություն:

Ասոցիացիան ուղղակիորեն արտահայտում է Հայաստանում սոցիալական աշխատողների շահերը, իրավունքները, ներկայացնում է նրանց հիմնախնդիրները, նախաձեռնում միջոցառումներ դրանց լուծման ուղղությամբ:

Ասոցիացիան նպաստում է իր անդամների անձնական և մասնագիտական աճին, Հայաստանում սոցիալական աշխատանքի կրթության, պրակտիկայի և սոցիալական քաղաքականության զարգացմանը: 

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի գործունեության տեսլականը

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան ձևավորում և ներկայացնում է Հայաստանում սոցիալական աշխատողների «ձայնը» և կարծիքը այն հիմնախնդիրների շուրջ, որոնց հետ նրանք բախվում են իրենց ամենօրյա գործունեության ընթացքում: Ասոցիացիան իր գործունեության հիմքում տեսնում է սերտ և արդյունավետ համագործակցությունը սոցիալական աշխատանքի շահագրգիռ բոլոր կողմերի հետ, ինչպիսիք են՝ պետական և ոչ պետական կազմակերպությունները և նրանց անդամները, սոցիալական քաղաքականության պատասխանատուները, սոցիալական աշխատանքի կրթությամբ զբաղվող մասնագետները, շահառուները, նրանց ընտանիքները, համայնքները և այլն:

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի առաքելությունը

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի առաքելությունը Հայաստանում սոցիալական աշխատանք մասնագիտության կայուն և շարունակական զարգացման ապահովումն է, ինչպես նաև անհատների, ընտանիքների և համայնքների սոցիալական բարեկեցությանը նպաստելը:

Որպես Ասոցիացիայի գործառման հիմնական խնդիրներ հանդիսանում են.

  • սոցիալական քաղաքականության և սոցիալական աշխատանքի պրակտիկայի հիմնախնդիրներին արդյունավետորեն արձագանքելը,
  • սոցիալական ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցությունը,
  • առավել հասցեական քաղաքականություն և հասանելի ու արդյունավետ սոցիալական ծառայություններ ունենալու համար համապատասխան աշխատանքների իրականացումը,
  • սոցիալական աշխատանքի կրթության և պրակտիկայի ստանդարտների մշակումը, ներդրումն ու դրանց իրագործման հանդեպ հսկողության իրականացումը,
  • սոցիալական աշխատանքի պրակտիկայում նոր մոտեցումների և տեխնոլոգիաների կիրառմանը նպաստելը,
  • սոցիալական ծառայությունների մշակման, տրամադրման և գնահատման խնդիրներով զբաղվող կառույցների մասնագետներին փորձագիտական և խորհրդատվական աջակցության տրամադրումը,
  • իրավական դաշտի կատարելագործման, սոցիալական քաղաքականությունների վերանայման հարցում անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը,
  • Հայաստանի սոցիալական աշխատողների համախմբումը, նրանց մասնագիտական և պաշտոնեական խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը, նրանց իրավունքների պաշտպանությունը և մասնագիտության շահերի ներկայացումը,
  • հայ հասարակությունում սոցիալական աշխատանքի բարձր հեղինակության ապահովումը և մասնագիտության մասին հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

Սոցիալական աշխատանքի հայկական ասոցիացիայի գործունեության ռազմավարական ուղղությունները

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան որդեգրել է …….. ռազմավարական զարգացման ուղղությունները: Դրանք արտացոլում են կազմակերպության գործառման հիմնական նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև նպատակ ունեն ուղղորդելու Ասոցիացիայի և վերջինիս անդամների գործունեությունը՝ ապահովելով կազմակերպության գործունեության շարունակական բարելավման  համար անհրաժեշտ նախադրյալներ:

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի 2013-2017 ռազմավարական պլանը կարող եք գտնել այստեղ կամ կապվել Սոցիացիայի խորհրդի անդամների հետ: