ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

ՍԱ մասին օրենքի նախագիծ
ՍԱ օրենքի նախագծի մասին

Սկսած 2015 թվականից, սոցիալական ծառայությունների բնագավառի կանոնակարգման, մասնագիտական պահանջների հստակեցման և առավել մասնագիտացված, բարձրորակ ծառայությունների տրամադրումն խթանելու նպատակով, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան սերտորեն համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ոլորտի հասարակական կազմակերպությունների և կրթական կառույցների հետ, նախաձեռնեց աշխատանքները «Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագծի մշակման և ներդրման ուղղությամբ։

 

Վերջին տարիները ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի համար նշանավորվում են բուռն բարեփոխումների իրականացմամբ։ Ընդգրկելով սոցիալական պաշտպանության գրեթե ամբողջ համակարգը (երեխաների պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանություն, կենսաթոշակային բարեփոխումներ, ինտեգրված սոցիալական ծառայություններ և այլն) բարեփոխումները ոչ միայն ենթադրում էին փոփոխություններ աշխատանքի վարչական բնույթի, գերատեսչությունների միջև գործառույթների բաշխման, կառավարման և ղեկավարման հարաբերությունների, փաստաթղթավորման պահանջների, տեղեկատվական համակարգերի ներդրման մեջ, այլև նոր մարտահրավեր առաջադրում սոցիալական պաշտպանության համակարգին՝ ի դեմս ներ մոտեցումներով և սկզբունքներով մասնագիտացված սոցիալական ծառայություններ ունենալու անհրաժեշտությանը։ Այս տեսանկյունից, ի սկզբանե Ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման ծրագրում (ներկայումս՝ Սոցիալական ծառայությունների գործակալության) բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու պայմաններից մեկը նշվում էր, որ սոցիալական աշխատանքի բովանդակության, ինչպես նաև հասարակական հարաբերություններում սոցիալական աշխատողի տեղի ու դերի վերաիմաստավորումը։

Բարեփոխումները ի դեմս մասնագիտացված սոցիալական ծառայությունների գալու էին բարելավելու բնակչությանը մատուցվող ծառայությունները՝ կիրառելով սոցիալական աշխատանքի շրջանակներում ձևավորված մոտեցումներն ու աշխատանքի մեթոդները, մասնավորապես դեպքի վարման մեթոդաբանությունը։ Սակայն, բարեփոխումների ընթացքի դիտարկումը թույլ է տալիս ասել, որ շարունակական վարչարարական, կազմակերպաիրավական բնույթի փոփոխությունները ի վերջո չեն հանգեցնում որակական փոփոխությունների ծառայությունների բուն մատուցման գործընթացում։ Այսինքն, իննսունական թվականներին բնակչության հրատապ խնդիրներին արձագանքելու համար իներցիայով կազմավորված սոցիալական ծառայությունների համակարգում շարունակում են ուղղորդվել միևնույն աշխատանքային մոտեցումներով։

Ուսումնասիրելով այլ երկրների փորձը (մասնավորապես Ռումինիան, Մոլդովան և Խորվաթիա, որոնք ևս գտնվում են բարեփոխումների իրականացման փուլում) գալիս ենք այն եզրակացության, որ սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների և մատուցվող սոցիալական ծառայությունների արդյունավետության բարձրացման համար, կազմակերպչաիրավական և վարչարարական բնույթի փոփոխությունները կարևոր, սակայն ոչ բավարար նախապայման են։ Համակարգում որակական փոփոխությունները առաջին հերթին պահանջում են ծառայությունների մասնագիտացում։

Հայաստանի սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից 2016 նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում սոցիալական աշխատողների կրթական և վերապատրաստման կարիքների ուսումնասիրման նպատակով իրականացված հետազոտության արդյունքները, այս համատեքստում հետաքրքիր փաստեր են վեր հանել։ Մասնավորապես, պետական սոցիալական ծառայությունների  (Սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ (ՍԱՏԳ), Զբաղվածության տարածքային կենտրոններ (ԶՏԿ), Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարության ենթակայության ներքո գործառնող ՊՈԱԿ-ներ, Զարգացման և տարածքային կառավարման նախարարության ենթակայության ներքո գործառնող սոցիալական ծառայությոններ) աշխատակիցների ընդամենը 5%-ն ունեն սոցիալական աշխատողի մասնագիտական կրթություն, այն ինչ համակարգի նոր պահանջների համաձայն, մասնավորապես ինտեգրված սոցիալական ծառայությունների շրջանակներում սոցիալական ծառայությունների աշխատակիցները իրենց աշխատանքում սկսելու են կիրառել սոցիալական աշխատանք մասնագիտությանը բնորոշ մեթոդներ, մոտեցումներ և շարժվել այս մասնագիտության առաջնորդող սկզբունքներով։ Նման իրավիճակը բարեփոխումների արդյունավետության մասին որոշակի կասկածամտության առիթ է տալիս։ Պատճառն այն է, որ սոցիալական ծառայություններում մասնագիտական կրթություն ունեցող մասնագետների փոքր ծավալ ունենալու հետ մեկտեղ բավարար քայլեր չեն ձեռնարկվել նաև նրանց վերապատրաստման, որակավորման բարձրացման ուղղությամբ։ Մասնավորապես, պետական սոցիալական ծառայությունների աշխատակիցների մոտ 26%-ը վերջին երեք տարիների ընթացքում չի մասնակցել մասնագիտական վերապատրաստումների, ընդ որում բավականին տարածված պրակտիկա է յուրաքանչյուր ծառայությունից ընդամենը 2-3 հոգու վերապատրաստումը։ Նման մոտեցումը արդյունավետ կարող էր լինել այն դեպքում, երբ ծառայությունների աշխատակիցները սոցիալական աշխատանք մասնագիտությամբ հիմնարար գիտելիքներ ունենային, սակայն ներկա պայմաններում նման մոտեցումը մասնագետների մասնագիտական վերապատրաստումներին չի կարող արդարացված լինել։ Սրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ծառայության յուրաքանչյուր երրորդ աշխատակիցը պնդում է, որ ունի «Սոցիալական աշխատանքի հիմունքներ» և «Դեպքի վարում» դասընթացներին մասնակցելու կարիք։

Պատկերը գրեթե կրկնվում էր նաև 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համատեղ իրականացված ուսումնասիրության դեպքում։

Արդյունքում, սոցիալական պաշտպանության համակարգում ներդրվող աշխատանքի նոր մոտեցումներն ու սկզբունքները շարունակում են չլինեն սոցիալական ծառայությունների աշխատակիցների աշխատանքի լիարժեք մասը նաև պայմանավորված այն հանգամանքով, որ անցման շրջանում մասնագետները չեն ստացել բավականաչափ գիտելիքներ և հմտություններ նոր միջավայրում աշխատելու համար։ Նման իրավիճակի շարունակումը կհանգեցնի այնպիսի իրավիճակի, որ սոցիալական աշխատանքի մասնագետները ստիպված կլինեն իրականացնել իրենց վարչական պարտականությունները՝ չկարողանալով արձագանքել իրենց շահառուների կարիքներին: Միաժամանակ ստեղծված իրավիճակը կհանգեցնի նաև սոցիալական աշխատանքի մասնագետների հիասթափությանը և աշխատանքի նկատմամբ հետաքրքրվածության նվազմանը, որն էլ բացասաբար կանդրադառնա մատուցվող ծառայությունների որակի վրա: Մեկ այլ կարեւոր խնդիր է այն, որ ստեղծված իրավիճակը հանգեցնում է հասարակության մեջ մասնագիտության վերաբերյալ խեղաթյուրված պատկերացումների ձեւավորմանը:

Սա նշանակում է, որ պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն ծառայությունների մասնագիտացման ուղղությամբ, մասնավորապես համակարգում «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների ներգրավման և գործող ծառայությունների աշխատակիցների որակավորման բարձրացման միջոցով։

Այս համատեքստում ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտը  2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է: Այդ օրենքով սահմանվում են սոցիալական ծառայությունների, սոցիալական աջակցության և ինտեգրված սոցիալական ծառայությունների հասկացությունները, հիմնական սոցիալական ծառայությունները, դրանց դասակարգման հիմքերը և տրամադրող սուբյեկտները, սոցիալական ծառայությունների տրամադրման և սոցիալական աջակցության հիմնական սկզբունքները, սոցիալական աջակցության իրավունքը, նպատակը, սոցիալական աջակցության կառավարման համակարգը, սոցիալական աջակցություն ստացող անձանց իրավունքները և պարտականությունները, սոցիալական աջակցության ֆինանսավորման աղբյուրները, կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում սոցիալական համագործակցության, տեղական սոցիալական ծրագրերի իրականացման և սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված այլ հարաբերություններ:

Գործող «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի 38-42-րդ  հոդվածներով սահմանվում են սոցիալական աշխատանքը և սոցիալական  աշխատանքի մասնագետները, լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի,  խնամք տրամադրող կազմակերպությունների,  համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետների հիմնական իրավունքներն ու պարտականությունները: Սակայն՝ 

-օրենքում կիրառված սոցիալական աշխատանքի սահմանումը ամբողջությամբ չի արտահայտում սոցիալական աշխատանք մասնագիտական գործունեության էությունը եւ կարիք կա այն համապատասխանեցնելու Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի կողմից ընդունված սահմանմանը.

- օրենքով սահմանված չեն սոցիալական աշխատողների գործունեության երաշխիքները.

- օրենքով որպես  սոցիալական աշխատանքի մասնագետ առանձնացված է սոցիալական սպասարկողը, որը մասնագիտական գործունեությանը ներկայացվող պահանջներով չի կարող կոչվել սոցիալական աշխատանքի մասնագետ, ի լրումն սոցիալական աշխատանքի մասնագետների թվում բացի սոցիալական աշխատողներից կարող են լինել նաև այլ մասնագետներ, օրինակ սոցիալական վարչարարները և սոցիալական քաղաքականություն մշակողները.

- սոցիալական ոլորտում արագ փոփոխություններով և ընթացիկ բարեփոխումներով պայմանավորված  կարիք կա ներդնելու սոցիալական աշխատողների մասնագիտական գործունեության արտոնագրման համակարգ՝ առավել մասնագիտացված ծառայությունների տրամադրումն ապահովելու համար.

- սոցիալական աշխատողների գործունեությունը համակարգող, կանոնակարգող եւ շարունանական կրթության առաջադրվող պահանջներ, պրակտիկայի չափորոշիչներ մշակող մեկ միասնական մարմին չկա:

«Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ վերջին տարիների ընթացքում, սկսած 2017 թվականից իրականացվել են հանրային, մասնագիտական աշխատանքային քննարկումներ, համաժողովներ։ Օրինագծի ընդունումը հանդիսանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեկան ծրագրի մաս, սակայն դեռևս այն գտնվում է օրինագծի կարգավիճակում։

«Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը հանդիսանում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի առաջնային գերակայություններից մեկը։

ՍԱ մասին օրենքի նախագիծ

Գտնվում է մշակման փուլում․