ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Վարչություն
Ռուբեն Մարկոսյան
2016 Ապրիլ 15

    Ռուբեն Մարկոսյանը 1996-99 թթ-ին սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրայում: 1998-2001 թթ-ին եղել է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ: 2002թ-ին դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու: 2005-2008 թթ-ին եղել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ: 2004-2005 թթ-ին աշխատել է որպես «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի արտաքին կապերի բաժնի պետ: 1999-2009 թթ-ին աշխատել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միկրոբիոլոգիայի ինստիտուտում ՝որպես գիտաշխատող:
2008-2009 թթ-ին աշխատել է ՀՀ ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում որպես միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վաչության պետ :
    2009 թվականից Ռ. Մարկոսյանը Երևանի պետական համալսարանի պրոռեկտորն է: Դասավանդում է ԵՊՀ Հանրային Կառավարման ամբիոնում: 2012 թ-ից մինչ այժմ ԵՊՀ հանրային կառավարման ամբիոնի ասիստենտ է:
Ռ. Մարկոսյանը շուրջ 5 տարի աշխատել է սոցիալական ապահովության բնագավառում, մասնակցել է բարեփոխումների ծրագրերին, աջակցել է ոլորտում միջազգային կառույցների (ԱՄՆ ՄԶԳ, Համաշխարհային բանկ) ծրագրերի իրականացմանը: Ակտիվորեն ներգրավված է եղել Սոցիալական ապահովության միջազգային ասոցիացիայի (ISSA) և Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի աշխատանքներում, 2005-2009 թթ-ին ներկայացրել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը այդ կառույցներում:
Ներկայումս ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման բաժնի մագիստրատուրայի ուսանողներին կարդում է «Սոցիալական ծառայությունների համակարգը ՀՀ-ում» դասընթացը:

Արթուր Մկրտիչյան
2016 Ապրիլ 13

Արթուր Մկրտիչյանը 1983 - 1990 թթ.-ին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը: 1990 - 1993 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1994 թ-ին ստացել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2008 թ-ին՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: 2011 թ-ից սոցիոլոգիայի պրոֆեսոր է և ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի 013 խորհրդի անդամ: 1997-1998, և 2001 - 2002 թթ. նա աշխատել է որպես հետազոտող Գերմանիայի Բիլեֆելդի համալսարանում և Բեռլինի Հումբոլդտի համալսարանում:
Նա ղեկավարել է մի շարք գիտահետազոտական նախագծեր, ունի վերապատրաստումների և փորձագիտական ծառայությունների մատուցման հարուստ փորձ:
Ա. Մկրտիչյանը ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանն է, ղեկավարում է ֆակուլտետի միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող բազմաթիվ ծրագրեր, բազմիցս մասնակցել է միջազգային գիտաժողովներին և սեմինարներին ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում, Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, ՌԴ -ում և այլն:

Արտակ Խաչատրյան
2016 Ապրիլ 11

     Արտակ Խաչատրյանը ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության ֆակուլտետը 1979 թ-ին: 1980 թ-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանում և փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, դոցենտ: 1991-92 թթ-ից Արտակ Խաչատրյանը 6 ամսով վերապատրաստվել է Լոնդոնի Էկոնոմիկայի Դպրոցի Սոցիալական աշխատանքի և վարչարարության ֆակուլտետում՝ միաժամանակ պատրաստելով սոցիալական աշխատանքի գծով կադրեր՝ համալսարանաական դասընթացներով, որոնք հետո սկսել են դասավանդել ԵՊՀ-ում:
1993 թ-ից Ա.Խաչատրյանն ակտիվորեն մասնակցում է ՀՀ Սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումներին՝ սոցիալական ծառայողների համար իրականացնելով վերապատրաստումներ, նրանց համար նախապատրաստելով ուսումնական և ուսումնա-օժանդակ նյութեր:
Ա. Խաչատրյանը որպես փորձագետ մասնակցել է միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից իրականացված բազմաթիվ ծրագրերի, որոնց նպատակը եղել է ՀՀ սոցիալական ծառայությունների զարգացումը, դրանցում սոցիալական աշխատանքի տարրի զարգացումը: Նա լուրջ ներդրում ունի ՀՀ քրեական արդարադատության և երեխաների պաշտպանության համակարգերում սոցիալական աշխատանքի տարրի զարգացման գործում:
1996-2013 թթ-ից Արտակ Խաչատրյանը, մասնակցելով չորս «Տեմպուս» ծրագրերի, նպաստել է ՀՀ-ում սոցիալական աշխատանքի գծով կրթության կազմակերպման գործին: Այդ ընթացքում ԵՊՀ-ում մշակվել և ներդրվել են «սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ կրթական չափորոշիչները, բակալավրի և մագիստրոսական ծրագրերը, հեռավար ուսուցման համակարգը:
2005 թ-ից Ա. Խաչատրյանը ղեկավարում է ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը: Նա հեղինակ է մոտ 50 հրատարակված աշխատությունների։ Ա. Խաչատրյանը Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի վարչության անդամ է։

 

Սյուզաննա Ջուհարյան
2016 Ապրիլ 09

       Սյուզաննա Ջուհարյանը 1992-1997 թթ-ին սովորել է ԵՊՀ Սոցիոլոգիայի, Հոգեբանության, Փիլիսոփայության ֆակուլտետի Սոցիոլոգիայի բաժնում և ստացել ավարտական դիպլոմ՝ սոցիոլոգ մասնագիտությամբ:
1999-2000 թթ-ին շարունակել է ուսումը ռուս–բրիտանական բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Մոսկվայի սոցիալական և տնտեսագիտական գիտությունների բարձրագույն դպրոցում՝ սոցիալական աշխատողի մասնագիտական կրություն ստանալու նպատակով, ինչը այդ տարիներին դեռևս հնարավոր չէր ՀՀ-ում: Ավարտելուց հետո ստացել է Մանչեստերի Համալսարանի կողմից սոցիալական գիտությունների մագիստրոսի կոչում և Մոսկվայի բարձրագույն դպրոցի՝ սոցիալական աշխատողի և սոցիալական աշխատանք դասավանդողի դիպլոմ:
Առաջին աշխատանքային փորձը ձեռք է բերել դեռևս ուսանողական տարիներին՝ նախ որպես սոցիոլոգ-հետազոտող՝ մասնակցելով տարբեր նախագծերում որպես սոցիալական հեռախոսային խորհրդատվություն տրամադրող՝ «Վստահություն» հեռախոսակենտրոնում: Խորհրդատվական աշխատանքին զուգահեռ մշտապես մասնակցել է ՀՀ-ում տարբեր սոցիալ-տնտեսական և սոցիալ-քաղաքական հետազոտություններում՝ որպես հետազոտող:
2000թ-ին, մագիստրատուրան ավարտելուն պես, աշխատանքի է ընդունվել ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոն՝ որպես դասախոս։ Դասավանդվող առարկաների, ինչպես նաև գիտական հետաքրքրությունների շրջանակը նվիրված է սոցիալական աշխատանքի զարգացման պատմությանն ու սոցիալական աշխատանքի տեսական հիմնահարցերին, առողջապահական ոլորտում սոցիալական աշխատանքին, սոցիալական աշխատողի դերի, գործառույթների և դեպքի վարման պրակտիկայի ներդրման և զարգացման հնարավորություններին սոցիալական տարբեր ծառայություններում, ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման հնարավորություններին:
Դասավանդման ընթացքում հանդիսացել է տարբեր մասնագիտական ձեռնարկների համահեղինակ, ինչպես նաև հեղինակային առարկայի և դասախոսական ձեռնարկի ստեղծող: Դրանցից են՝ Վալեոլոգիական վարքագիծ և ՄԻԱՎ վարակ. Դասախոսական նյութեր, Սոցիալական դեպքերի ժողովածու, Միջազգային սոցիալական աշխատանք և այլն:
Ս. Ջուհարյանը դասավանդման զուգահեռ մասնակցել է ՀՀ-ում սոցիալական քաղաքականության՝ մասնավորապես սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրերի մշակմանը, մասնագետների վերապատրաստմանը՝ հանդես գալով որպես հետազոտող, խորհրդատու և վերապատրաստող:
Ամենախոշոր ծրագրերից են «Սոցիալական աշխատող–2013. Վերապատրաստման ծրագիր», որտեղ նա հանդիսացել է հանրապետությունում պետական սոցիալական գործակալությունների աշխատակիցների մեկամյա վերապատրսատման ծրագրի մշակողը և փորձագետը, 2011-2012 թթ-ին «ՀՀ բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում տրամադրվող սոցիալական ծառայությունների միասնական փաթեթի և ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի կառուցվածքագործառութային մոդելի մշակում» ծրագրում եղել է փորձագիտական թիմի անդամ, 2014թ-ին հանդիսացել է «Նագաշյան մանուկների տուն» սոցիալական աջակցության կենտրոնի մասնագիտական թիմի ղեկավար/փոխտնօրեն, որտեղ իրականացրել է սոցիալ-հոգեբանական, կրթական և դաստիարակչական ծրագրերի կազմակերպումը և ղեկավարումը: Կենտրոնի նպատակն է առանց ծնողական խնամքի մնացած և հաստատությունում ապրելու փորձ ունեցած երիտասարդ աղջիկների ինտեգրումը հասարակություն:
Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին, սովորում է գերմաներեն:

Աստղիկ Մինասյան
2016 Մարտ 22

Աստղիկ Մինասյանը 1987թ-ից ՀՀ կառավարության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ակտիվ աշխատակից է: Մինչև ԱՍՀ նախարարությունում աշխատելը նա մասնագիտությամբ բժիշկ է եղել: Չորս տարի աշխատել է նաև՝ որպես hոգեբան:

Մինասյանի դերը և փորձը տարիների ընթացքում խիստ տարաբնույթ է եղել: Մինչ ԱՍՀՆ Սոցիալական աջակցության վարչության պետ դառնալը եղել է Նոր Խարբերդի մանկատան տնօրենը: Կառավարության աշխատանքների մասին նրա պատկերացումը և մասնակցությունը պետական սոցիալական աջակցության քաղաքականության մշակման հարցում թույլ են տալիս նրան համարել սոցիալական քաղաքականության հիմնահարցերի խորաթափանց խորհրդատու: Հանդիսանում է գիտական հոդվածների հեղինակ:

Մանանե Պետրոսյան
2016 Մարտ 20

Մանանե Պետրոսյանը ավարտել է բանասիրության ֆակուլտետը, ապա վերամասնագիտացել է սոցիալական աշխատանքի ոլորտում՝ ավարտելով ԵՊՀ սոցիալական աշխատանքի հեռաուսուցման դասընթացը, իսկ այնուհետև ստացել սոցիալական քաղաքականություն և վարչարարություն մագիստրոսի կոչում: Սովորել է Մարդու Իրավունքներ և Կոնֆլիկտի կառավարում մագիստրատուրայում Պիզայի համալսարանում /ներկայումս պաշտպանության փուլում է/:   Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի հիմնադիրներից է։ Սոցիալական-բարեգործական տարբեր կազմակերպություններում աշխատել է՝ որպես սոցիալական աշխատող, վերջին մոտ 10 տարին աշխատում է Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնում և ղեկավարում է կազմակերպության արտաքին կապերի, ցանցային աշխատանքի, ֆոնդերի հայթայթման, սոցիալական ծառայության գործունեության լուսաբանման աշխատանքները, բազմաթիվ նոր  սոցիալական ծրագրերի և ծառայությունների ստեղծման համահեղինակ է։ Երեխաների կենտրոնի և  Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող կանֆերանսների, կլոր սեղանների, լոբբիստական նախաձեռնությունների հիմնական կազմակերպիչն է։ Նա ասոցիացիայի միջազգային կապերի պատասխանատուն է։

Անահիտ Սահակյան
2016 Մարտ 19

   Անահիտ Սահակյանը Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ է, հոգեբանական գիտությունների թեկնածու։ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալն է: Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի վարչության անդամ։ Անահիտ Սահակյանը 1992 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում և ունի դասավանդման բազմամյա փորձ։
Նա նաև որպես վերապատրաստող և որպես փորձագետ ընդգրկված է բազմաթիվ այլ ծրագրերում։ Մասնավորապես, որպես վերապատրաստող Ա. Սահակյանը ընդգրկված է Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից իրականացվող սոցիալական ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրում, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրում, որը կազմակերպվում է ԵՊՀ հետբուհական վարչության կողմից։
Ա. Սահակյանը հանդիսանում է նաև «Հղի կանանց խորհրդատվական կենտրոնի» համակարգող, համագործակցել է World Vision Հայաստան կազմակերպության՝ «ՀՀ-ում երեխաների նկատմամբ բռնության կրճատման» ծրագրի հետ՝ որպես փորձագետ։ Անահիտ Սահակյանը համագործակցում է նաև մի շարք հասարակական կազմակերպությունների հետ՝ որպես խորհրդատու։
Նա նաև «Հայ Ժողովրդավարական ֆորում» ՀԿ ծրագրերի համակարգողն է: ՀԿ-ն ստեղծվել է 2000թ-ին և մինչ օրս իրականացրել է մի շարք կարևոր ծրագրեր: Դրանցից կարելի է նշել սոցիոլոգիական հետազոտությունները՝ ՀՀ-ում աղքատության հետազոտությունը, հաշմանդամների հիմնախնդիրների բացահայտմանն ուղղված հետազոտությունը, ներառական կրթության վերաբերյալ հետազոտությունները և այլն:
2003թ-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվերով իրականացվել է «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական հաստատությունների շրջանավարտներին» ծրագիրը: 2002թ.-ից մինչև այսօր իրականացնում է ՀԸԲՄ կողմից հովանավորվող «Աջակցություն հղի կանանց» ծրագիրը՝ Վանաձորում, Թալինում, Եղվարդում և Երևանում: ՀԺՖ իր գործունեության ամբողջ ընթացքում իրականացրել է ՀՀ-ում սոցիալական ոլորտի մասնագետների, ինչպես նաև մանկական խնամակալական հաստատությունների անձնակազմի վերապատրաստումներ, բանակ և հասարակություն, փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի հիմնախնդիրը ծրագիրը և այլն:

Նվարդ Մելքոնյան
2016 Մարտ 19

Նվարդ Մելքոնյանը 1997 թ.-ին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, Սոցիոլոգիայի և Հոգեբանության ֆակուլտետը, մասնագիտությամբ սոցիոլոգ է: 2001թ.-ին ավարտել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի իստիտուտի ասպիրանտուրան: 2004թ.-ին պաշտպանել է «Քաղաքական առաջնորդի իմիջի ձևավորման առանձնահատկությունները. Սոցիոլոգիական վերլուծություն» թեմայով թեկնածուական ատենախոսությունը: Երևանի Պետական Համալսարանի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ է, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու:
     2001 թ-ից աշխատում է ԵՊՀ-ում: ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է 2007 թ-ից: SPRING PR-ընկերության համահիմնադիր նախագահ է 2009 թ-ից: 2013 թ-ից ղեկավարում է Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ Տեղեկատվության և Հանրային հաղորդակցության գիտական-կրթական կենտրոնը: 2015 թ-ին պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով:
Հայկական սոցիալական աշխատողների ասոցիացիայի վարչության անդամ է և AASW-ի հաղորդակցությունների պատասխանատուն է 2015 թ-ից: ՀՀ PR ասոցիացիայի՝ APRA-ի անդամ է 2006 թ-ից:
       Որպես դասընթացավար և փորձագետ ընդգրկված է բազմաթիվ ծրագրերում։ Մասնավորապես, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի «Հասարակայնության հետ կապեր և մարքեթինգային հաղորդակցություններ» վերամասնագիտացման դասընթացներում, ԱՄՆ Ժողովրդավարության Ազգային ինստիտուտի, Ադենաուերի հիմնադրամի, Էթիկայի դպրոցի Հայաստանյան մարքեթինգի ասոցիացիայի կողմից կազմակերպվող վերապատրաստման և վերամասնագիտացման ծրագրերում։ 2005 թ-ից առ այսօր համագործակցում է ԵՊՀ Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության հետ՝ քաղաքացիական ծառայողների վերպատրաստման դասընթացների շրջանակներում:
Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային գիտաժողովների և սեմինարների, մասնավորապես «Սոցիալական պաշտպանության պետական համակարգը՝ անկախության պայմաններում» գիտաժողովին (Երևան, մարտ, 2016 թ.), «Սոցիալական աշխատանքը Հայաստանում. բարեփոխումներին համընթաց» թեմայով գիտագործնական համաժողով, (նոյեմբեր, 2015 թ. ) և այլն:
     Բազմաթիվ գիտական հոդվածների (40-ից ավել) և մասնագիտական ուսումնական ձեռնարկների (5) հեղինակ է:

Նունե Գեղամյան
2016 Մարտ 19

Նունե Գեղամյանը ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։ ԵՊՀ-ում աշխատում է 2005 թվականից։

Նա նաև Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի հիմնադիրներից է։ Ներկայումս «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի ծրագրի ղեկավարն է։ Ն. Գեղամյանը բազմիցս մասնակցել է միջազգային կոնֆերանսների և սեմինարների, որոնք տեղի են ունեցել ՌԴ-ում, Իռլանդիայում և Հունաստանում։ Ն. Գեղամյանի մասնագիտական հետաքրքրությունների ոլորտն ընդգրկում է սոցիալական քաղաքականությունը, սոցիալական պաշտպանության ոլորտը, «Սոցիալական աշխատանք» մասնագիտության արդի հիմնախնդիրները։ Ն. Գեղամյանը մի շարք ուսումնա-օժանդակ ձեռնարկների և գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է։

Քնարիկ Գարանֆիլյան
2016 Մարտ 17

     Քնարիկ Գարանֆիլյանը 1979 թ-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը և ստացել է ինժեների որակավորում: Երկար տարիներ աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, որպես նախագծող, ապա վերամասնագիտացել է սոցիալական աշխատանքի ոլորտում՝ ավարտելով ԵՊՀ սոցիալական աշխատանքի հեռաուսուցման դասընթացը, ինչպես նաև ունի «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմության և քրիստոնեության» ուսուցչի որակավորում և աշխատանքային փորձ:
     1990 թ-ից աշախատել է տարբեր բարեգործական ՀԿ-ներում նախ որպես սոցիալական աշխատող, ապա նաև ծրագրերի ղեկավար, իսկ 2002 թ-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմի հրավերով և հովանավորությամբ հիմնադրել է Մեծամոր համայնքային կենտրոնը, ապա նաև «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է: Նա մշակել և ղեկավարել է բազմաթիվ ծրագրեր ֆինանսավորված Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի, Փի-Էյչ Ինթերնեշնլի, ԱՄՔՈՐ-Հայաստանի, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, ՔԶՀՀ և այլնի կողմից։
    «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպությունը իրականացնում է կյանքի դժվար իրավիճակում հայտնված (ԿԴԻՀ) ընտանիքների ամրապնդման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, օրենքի հետ խնդիր ունեցող և վարքային խնդիրներով երեխաների համար վերականգնողական աշխատանքներ, ինչպես նաև համայնքի զարգացմանն ուղղված ծրագրեր։ Տարեկան սպասարկվում է ավելի քան 150 ԿԴԻՀ երեխա և 130 ընտանիք։ Հատկապես մեծ հաջողություններ է գրանցել վարքային, ինչպես նաև օրենքի հետ խնդիր ունեցող երեխաների հետ աշխատանքում։
     «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն հայտնի է նաև իր «Փալանչո» մանկա-պատանեկան տիկնիկային թատրոնով, որը գործում է 2003 թ-ից և մեծ ճանաչում ունի հանրապետությունում, բազմաթիվ բարեգործական ներկայացումներով հանդես է եկել ՀՀ տարբեր մարզերում, սահմանամերձ գյուղերում, երեխաների խնամքի հաստատություններում, ծերանոցներում, Աբովյանի կանանց և անչափահասների քրեակատարողական հիմնարկում, Ստեփանակերտում և Բերձորում: 2005 թ-ից թատերախումբը մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության համահայկական և 2006 թ-ից Տիկնիկնային արվեստի գործիչների միջազգային միության Հայկական կենտրոնի կողմից կազմակերպված «Թումանյանական Հեքիաթի օր» միջազգային փառատոններին` արժանանալով պատվոգրերի:
    «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն մեծ դերակատարություն ունի ոչ միայն Մեծամոր համայնքում, այլև մյուս մարզում։ Պարբերաբար կազմակերպում է ընդլայնված մարզային և համայքային քննարկումներ ընտանեկան բռնության, երեխաների հիմնախնդիրների, շահառուների իրավունքների իրականացման վերաբերյալ:
Այն իր աշխատանքնային մոդելով հարստացնում է սոցիալական ծառայությունների դաշտը Հայաստանում, ունի իր ուրույն տեղը հայրենական ծառայությունների շրջանակում և որի կարևորագույն արդյունքներն են՝
սոցիալական ծառայությունների զարգացում.
սոցիալական ռիսկերի առաջացման, խնամքի հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելում.
անչափահասների շեղվող վարքի հաղթահարում և այդպիսի վարքային մոդելների առաջացման կանխարգելում.
ընտանիքներում բռնության դրսևորումների կանխարգելում ընտանիքների ամրապնդում և շահառուների բարոյահոգեբանական վիճակի փոփոխություն.
երեխաների ստեղծագործական ներուժի զարգացում և արտադպրոցական ժամանցի, մշակութային կյանքի կազմակերպում։
Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանի կողմից Ք. Գարանֆիլյանը արժանացել է շնորհակալագրի «ՀՀ Արմավիրի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած ավանդի» համար:
     Ք. Գարանֆիլյանը Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի վարչության և Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ է , Մեծամորի Խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողովի նախագահն է: Նա ակտիվ ներգրավված է նաև ազգային մակարդակում ընթացող օրենսդրական բարեփոխումների, նոր ռազմավարական ծրագրերի և հայեցակարգերի մշակման աշխատանքներում, հանդես է գալիս մամուլի ասուլիսներով։

Արմինե Անդրանիկյան
2016 Մարտ 16

      Արմինե Անդրանիկյանը 1980-1985 թթ-ին սովորել է ԵՊՀ Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետում և ստացել մաթեմատիկոսի որակավորում: 1982-1984 թթ-ի ուսումնառության ընթացքում ՀՄՖ-ում ստացել է հոգեբանի հասարակական մասնագիտություն: 1985-1988 թթ-ին սովորել է ՀՀ ԳԱ և ԵՊՀ ՀԿ-ի (ներկայումս ԻԱՊԻ) ստացիոնար ասպիրանտուրա բաժնում, իսկ 1993 թ-ին ՀՀ ԳԱ ԻԱՊԻ-ի գիտ. խորհրդի որոշմամբ (ԽՍՀՄ բարձրագույն որակավորման հանձնաժողով) շնորհվել է ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածուի գիտ. աստիճան:
       Հանդիսանում է գիտական հոդվածների հեղինակ: 1985 թ-ին աշխատել է ՔԿԱՀ ԵԳՆԻ-ում որպես ինժեներ, 1989-2000 թթ-ին` ՀՀ ԳԱ և ԵՊՀ-ի ԻԱՊԻ-ում որպես գիտաշխատող, իսկ 1996 թ-ից առ այսօր աշխատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Նոր Նորքի տարածքային բաժնում որպես բաժնի պետի տեղակալ: 2005 թ-ից ՍԱՏԲ-ում ղեկավարում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ ուսանողների պրակտիկան: 2005-2015 թթ-ին համատեղությամբ ներգրավվել է ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիայի «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ դասընթացներում որպես «Մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք» թեմայով դասախոս:
      Ա. Անդրանիկյանը որպես վերապատրաստող ընդգրկված է եղել մի շարք ծրագրերում, մասնավորապես 2003 թ-ին փուլերով անցկացվող «Սոցիալական ծառայող-2003» վերապատրաստման ծրագրում որպես դասախոս և այդ ծրագրի շրջանակներում հրատարակված «Սոցիալական դեպքերի ժողովածուի» խմբագրական հանձնախմբում, 2008 թ-ին ԱՍՀԱԻ-ի կողմից իրականացվող վերապատրաստման ծրագրում «Սոցիալական պաշտպանության համակարգը և բնակչությանը մատուցվող ծառայությունները» թեմայով, 2011 թ-ին` «Սոցիալական աջակցության համակարգը և նրա դերը աղքատության հաղթահարման գործում» թեմայով, 2013-2014 թթ-ին ՏԿԻ-ում սոցիալական հարցերի բնագավառի համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրում «Սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման խնդիրները Հայաստանում» թեմայով, 2015-2016 թթ-ին ԱՍՀԱԻ-ի կողմից իրականացվող սոցիալական ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրերում:
       Մասնակցել է սեմինարների, գիտաժողովների, համաժողովների, գիտագործնական խորհրդաժողովի, մասնավորապես 2010 թ-ին փուլերով անցկացվող ԻՍԾ-երի տրամադրման միասնական համակարգի մոդելի մշակման մասին, 2014-2015 թթ-ին ընտանեկան բռնության շրջանակներում ոստիկանության համագործակցային մոդելի, կարողությունների զարգացման ծրագրերով սեմինարներին և հանդես եկել զեկույցներով:
      Պրակտիկ գործունեության ընթացքում մշտապես հանդես է եկել մասնագիտական նշանակության, համակարգային ընդհանրական խնդիրների բացահայտմամբ, սոցիալական աջակցության բնագավառի նորմատիվ իրավական ակտերի հետ կապված հետազոտական գործունեությամբ, առաջարկություններով և մասնակցել սոցիալական պաշտպանության համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների ծրագրերին:

 

Մարինե Յարմալոյան
2016 Մարտ 14

    Մարինե Յարմալոյանը ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը և ունի սոցիալական աշխատանքի մագիստրոսի կոչում։ ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս է, որտեղ աշխատում է 2007 թվականից սկսած։
2007-2008 թթ-ին աշխատել է ՀՀ Հոգեկան Առողջության Հիմնադրամի ցերեկային կենտրոնում՝ որպես սոցիալական աշխատող։ Ներկայումս Մ. Յարմալոյանը հանդիսանում է ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի հայցորդ։ Մ. Յարմալոյանի մասնագիտական հետաքրքրությունների ոլորտն ընդգրկում է հոգեկան առողջությունը, սոցիալական իրավունքը, սոցիալական քաղաքականությունը և սոցիալական պաշտպանությունը, կանանց չվճարվող աշխատանքի գնահատման հետ կապված խնդրի ուսումնասիրությունը։
     Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, որոնք առնչվում են խնամատար ընտանիքի ինստիտուտի ձևավորման պատմությանը ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, որդեգրությանը, հեռաուսուցման կազմակերպման և իրականացման առանձնահատկություններին, կանանց չվճարվող տնային աշխատանքի գնահատման խնդիրներին, «բնակչության սոցիալական պաշտպանություն» հասկացության սահմանմանը և այլն։
    Նա մասնակցել է տեղական և միջազգային մի շարք գիտաժողովների և վերապատրաստումների։ Մ. Յարմալոյանը հանդես է եկել որպես վերապատրաստող և փորձագետ մի շարք ծրագրերի շրջանակներում. 2010 թվականից առ այսօր ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի Սոցիալական աշխատանքի բարձրագույն դպրոցի հետ համատեղ իրականացվող օնլայն դասընթացի պատասխանատուն է:
2011թ-ի հունիսին եղել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում տրամադրվող սոցիալական ծառայությունների միասնական փաթեթի և համալիր (ինտեգրված) սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի կառուցվածքագործառութային մոդելի մշակման նպատակով խորհրդատվական ծառայությունների տրամադրում» ծրագրի շրջանակներում կարճաժամկետ փորձագետ: 2016թ. փետրվար-մարտ ամսիներին իրականացվող «Դեպք վարողների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում հանդես է եկել որպես փորձագետ:

Եվգինե Վարդանյան
2016 Մարտ 11

     Եվգինե Վարդանյանը Երևանի պետական համալսարանի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբոնի դասախոս է։ 2005 թ.-ին ավարտել է ԵՊՀ Սոցիալական աշխատանք բաժնի բակալավրիատը, իսկ 2007 թ.-ին ՝ նույն բաժնի մագիստրատուրան: Վարդանյանը այժմ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հայցորդ է: 2008թ.-ից աշխատում է Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնում՝ որպես դասախոս։ 2010 թ.-ից ներառված է միջազգային կրթական մի շարք ծրագրերում, որոնք նպատակուղղված են ԵՊՀ-ում կրթական առկա ծրագրերի զարգացմանը, նոր ծրագրերի ստեղծմանը:
Վարդանյանը աչքի է ընկնում նաև ակտիվ գործունեությամբ: Մասնավորապես, որպես փորձագետ ընդգրկվել է՝ Համաշխարհային բանկի, UNICEF-ի, World Vision-ի մի շարք ծրագրերում, համագործակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների հետ:
Արիզոնայի պետական համալսարանի (ԱՄՆ) ու ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում 2015 թ-ին իրականացրել է «Տարեց կանանց սոցիալական և առողջական հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված սոցիալական և առողջապահական ծառայությունները ՀՀ գյուղական համայնքներում» թեմայով սոցիոլոգիական հետազոտությունը, որի արդյունքները և վերջնական զեկույցը հրապարակված են Երևանի պետական համալսարանի և Արիզոնային պետական համալսարանի պաշտոնական կայքերում:
Եվգինե Վարդանյանը գիտական մի շարք հոդվածների հեղինակ է, որոնք հրատարակվել են տեղական և միջազգային ամսագրերում: Մասնակցել է գիտական բազմաթիվ միջոցառումների՝ գիտաժողովների, սեմինարների, կլոր-սեղանների, որոնք անցկացվել են ոչ միայն ՀՀ-ում, այլև ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռումինիայում, Ավստրիայում և այլուր:
Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտն ընդգրկում է սոցիալական աշխատանքը արդարադատության համակարգում, տեղական ինքնակառավարումը և տեղական ինքնակառավարման մարմինների դերը բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում, սոցիալական քաղաքականությունը և սոցիալական վարչարարությունը: