Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ մշակում է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը, որը ֆինանսավորվելու է Ճապոնիայի սոցիալական զարգացման գործակալության (JSDF) կողմից։
Առաջարկվող Ծրագրի հիմնական նպատակն է սոցիալական աջակցության ծրագրերի և ծառայությունների հասանելիության բարձրացումը, ինչպես նաև ինքնազբաղվածության հնարավորությունների տրամադրումը Հայաստանի թիրախ մարզերի շուրջ 11․000 անհատների, ովքեր ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում։
Ծրագիրը նախատեսում է մի կողմից ամրապնդել տվյալ տարածաշրջաններում գործող համայնքային և պետական սոցիալական աշխատողների դերը՝ որպես հիմնական կապող օղակներ խոցելի ընտանիքների և հասանելի սոցիալական աջակցության ծրագրերի և ծառայությունների միջև, մյուս կողմից՝ որպես Ընտանեկան նպաստների համակարգից դուրս գալու և ինքնաբավ դառնալու եղանակ՝ ծրագրի շահառուներին տրամադրել անհրաժեշտ աջակցություն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար։
Ի լրումն, ծրագրի թիրախ մարզերում սոցիալական դեպքի վարման մեթոդաբանությունը արդյունավետորեն կիրառելու համար՝ 200 պետական և համայնքային սոցիալական աշխատողներին (նույնպես հանդիսանում են ծրագրի ուղղակի շահառուներ) կտրամադրվի մեթոդական աջակցություն և կիրականացվի նրանց կարողությունների զարգացում։
Նախատեսվում է ծրագրում ներառել մոտավորապես 11․200 շահառուի՝ Հայաստանի հինգը մարզերից, որոնց թվում են Արմավիրը, Արարատը, Շիրակը, Լոռին և Կոտայքը։ Ծրագրի շահառուներին, ովքեր նշված մարզերում բնակվող՝ ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված տնային տնտեսությունների անդամներն են, կտրամադրվեն հետևյալ ծառայությունները՝ 1) աջակցություն ինքնազբաղվածությանը, 2) սոցիալական աջակցության այլ ծրագրերից կամ ծառայություններից օգտվելու հասանելիության բարձրացում՝ համաձայն սոցիալական աշխատողների կողմից իրենց գնահատված կարիքների։
Վերոնշյալ բաղադրիչի (ինքնազբաղվածության և ձեռնարկատիրական գործունեության խթանում) շրջանակներում՝ շահառուների եկամուտների մեծացման և կենսապայմանների բարելավման նպատակով՝ կփորձարկվի բիզնես դասընթացներից, խորհրդատվական ծառայություններից և փոքր դրամաշնորհների տրամադրումից կազմված ծրագիր, որի շրջանակներում առնվազն 300 շահառուի (կարողությունների զարգացման 600 մասնակիցներից) կտարամադրվի դրամաշնորհ (յուրաքանչյուրը մոտ 4․000 ԱՄՆ դոլար)՝ ձեռնարակտիրական գործունեությամբ զբաղվելու համար:
Ծրագրի իրականացման ողջ ընթացքում Ասոցիացիան կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ երաշխավորելու միջավայրային և սոցիալական գործունեությանն առաջադրվող պահանջները, այդ թվում հատուկ ուշադրություն կտրամադրվի ենթադրամաշնորհային բաղադրիչին։ Այս նպատակով մշակվել է Միջավայրային և սոցիալական կառավարման հատուկ ձեռնարկ, որն ուղղված է նշված նպատակի իրականացումն ապահովելուն։