ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Տեսակետներ և դիրքորոշումներ
Դիրքորոշում Արցախում ռազմական գործողությունների առնչությամբ
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հետ սահմանագծի ողջ երկայնքով սանձազերծած լայնամասշտաբ հարձակումը՝ խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, որոնք պատճառ են դարձել մարդկային զոհերի և վիրավորների քաղաքացիական խաղաղ բնակչության, այդ թվում տարեցների, երեխաների և հղի կանանց շրջանում։
 
Մենք արտահայտում ենք մեր անհանդուրժողականությունը մարդու և միջազգային հումանիտար իրավունքի նման կոպիտ ոտնահարման դեպքերի և ողջ տարածաշրջանի համար հումանիտար աղետ հրահրելու առնչությամբ։ Կոչ ենք անում սոցիալական աշխատողների միջազգային հանրությանը խստագույնս դատապարտել Ադրբեջանի հերթական ագրեսիան և ջանքեր գործադրել իրավիճակի արագ կայունացման ուղղությամբ։
 
Միևնույն ժամանակ, որպես սոցիալական աշխատողներին միավորող մասնագիտական հանրույթ մեր զորակցությունն ենք հայտնում տուժած քաղաքացիական բնակչությանն ու մարտական գործողությունների ընթացքում զոհված ու վիրավորված զինծառայողների ընտանիքներին և պատրաստակամությունը՝ մոբիլիզացնելու մասնագիտական ջանքերն ու ռեսուրսները նրանց անհրաժեշտ մասնագիտական աջակցություն տրամադրելու համար։
 
ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ԽԱՇԹԱՌԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԵՊՔԻ ԱՌԻԹՈՎ

 Ի ուշադրություն մասնագիտական հանրույթի, սոցիալական պաշտպանության և երեխաների պաշտպանության ոլորտում որոշում կայացնողների

 Ընդունվել է սույն թվականի օգոստոսի 26-ին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի Խորհրդի և Գործադիր վարչության կողմից՝ հեռակա հարցման կարգով

Խաշթառակի երեխաների ողբերգությունը ահազանգ է այն մասին, որ ժամանակն է, բացի խորը ապրումներից ու ափսոսանքից, նաև համապատասխան դասեր քաղել նման ողբերգություններից:

Ցավոք, այս ողբերգությունը եզակի դեպք չէ, այսպիսի իրավիճակում գտնվող ընտանիքները սակավաթիվ չեն մեր համայնքներում։ Տեղերում աշխատող մասնագետները` դեպք վարողները, համայնքային սոցիալական աշխատողները, Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչները, ընտանեկան բժիշկները, համայնքային ոստիկանները, ուսուցիչները, մանկապարտեզների դաստիարակները, տվյալ տարածքներում գործող հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները և այլոք, քաջատեղյակ են նման բարձր ռիսկային ընտանիքների ու նրանց երեխաների մասին:

Մասնագետների ու պատասխանատուների այսպիսի հսկայական բանակ ունենալու պարագայում, բռնության ենթարկված ու սպանված երեխաների դեպքերի ցավալի կրկնությունները մեզ հուշում են, որ ինչ-որ բան այնպես չէ և սա չի կարելի բացատրել պարզապես անտարբերությամբ: Առկա խնդիրները շատ ավելի խորքային են և էական արգելքներ են առաջացնում մասնագետների աշխատանքում։

Ասոցիացիայի գնահատմամբ առկա են առնվազն երկու հիմնական համակարգային բացթողումներ, որոնք անհետաձգելիորեն պետք է դրվեն քննարկման.

Առաջինը` նման ընտանիքներին անհրաժեշտ ծառայությունների աղքատիկ տեսականին է, որը գրեթե հավասարազոր է չունենալուն: Նման իրավիճակը, հետևանք է ընտանիքի բյուջեի կառավարման, ընտանեկան կյանքի կազմակերպման, հիգիենայի գրագետ ապահովման հմտությունների բացակայության, ֆիզիկական անկարողության, հոգեկան և մտավոր առողջության խնդիրների առկայության, սոցիալական մեկուսացվածության, ընտանիքի ոչ ճիշտ պլանավորման, ծնողավարման ոչ բավարար հմտությունների և այլ հանգամանքների, մինչդեռ նրանց այդ իրավիճակից դուրս բերելուն ուղղված առաջարկվող ծառայությունները սկսվում և ավարտվում են անկանոն, հաճախ չափից շատ հումանիտար օգնության՝ պարենի տրամադրմամբ և մասնագետների կողմից տրվող սաստումներով և/կամ տարվող բացատրական աշխատանքներով:

Իրական, իրավիճակը նշանակալիորեն բարելավող, կայուն և երկարաժամկետ մասնագիտական աջակցություն այս ընտանիքները որպես կանոն չեն ստանում: Բազմամասնագիտական աջակցությունից բացի, օրհասական է դառնում պատրոնաժային ծառայության ներդրումը, որպես ընտանեկան կյանքի առօրյայի կազմակերպման, բյուջեի կառավարման, երեխաների կյանքի ու դաստիարակության կազմակերպման և այլ հարցերում ընտանիքների համար ամենօրյա խորհրդատու, ուղղորդող, աջակցող, սովորեցնող։ Ծառայություն, որը կաշխատի ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ։

Երկրորդը՝ պատկան մարմինների (խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, երեխաների պաշտպանության բաժիններ, սոցիալական ծառայությունների բաժիններ, և այլն) կողմից որոշումների ընդունման ընթացակարգերի անհամապատասխանությունը հրատապ միջամտություն և արագ արձագանք պահանջող իրավիճակներին: Պրակտիկայում հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ անգամ երեխային ակնհայտ վնասող ծնողի ծնողական իրավունքները ոչ դադարեցվում են, ոչ էլ անգամ սահմանափակվում: Պետք է ընդունենք, որ որոշումների ընդունման գործընթացը մեր երկրում երեխայակենտրոն չէ և չի բխում երեխաների լավագույն շահից:

Այս ուղղությամբ, Ասոցիացիան տարիների պրակտիկ փորձի վերլուծության միջոցով մշակել է որոշումների ընդունման ընթացակարգի նախագիծ, որի ընդունումն ու ներդրումը թույլ կտան նման իրավիճակներում արագ լուծել երեխային անվտանգ միջավայր տեղափոխելու հարցը` մինչ իրավական խնդիրների կարգավորումը:

Ցավալի է, բայց գրեթե բոլոր երկրներում հենց նմանատիպ պատմություններն են դարձել առիթ լրջորեն անդրադառնալու և վերջապես գտնելու երեխաների պաշտպանության հիմնարար լուծումներ՝ ձերբազատվելով «ավանդական, մշակութային» համարվող ու սովոր պրակտիկայի այն կեղծ «արժեքներից», որոնց գինը առանձին դեպքերում երեխայի կյանք է արժենում:

Խաշթառակի երեխաների ցավալի պատմությունը  անխուսափելիորեն պետք է բերի երեխաների պաշտպանության համակարգում հիմնավոր համակարգային փոփոխությունների, որոնք պետք է պարտադիր կերպով ուղեկցվեն նաև հասարակական վերաբերմունքի փոփոխությամբ և հանրային պատասխանատվության բարձրացմամբ։

Այս առնչությամբ, անհրաժեշտություն կա հրատապ քայլերի ձեռնարկման, մասնավորապես.

  • Երեխաների վերաբերյալ որոշումների կայացումը պետք է տեղափոխել մասնագիտական հարթակ՝ յուրաքանչյուր շրջանում ձևավորելով համապատասխան մասնագիտական խորհուրդներ, որոնք անձնական պատասխանատվություն կկրեն յուրաքանչյուր դեպքի համար սկզբից մինչև վերջ։ Ներկայումս կամավորական հիմունքներով գործող խնամակալության հանձնաժողովները, որոնք նախորդ համակարգի ժառանգությունն են, չեն արդարացնում իրենց և նոր պայմաններում չեն կարող կենսունակ լինել։
  • Նշված խորհուրդները պետք է երեխայի կյանքին և անվտանգությանը սպառնացող անմիջական ռիսկերի առկայության պարագայում հրատապ որոշումների կայացման և երեխային ընտանիքից տեղափոխելու իրավասություն ունենան։

Սրանք փոփոխություններ են, որոնք պետք է տեղ գտնեն ոլորտը կարգավորող իրավական ակտերում, մասնավորապես, Ընտանեկան օրենսգրքում, Երեխաների իրավունքների մասին, Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին ՀՀ օրենքներում և այլ հարակից իրավական ակտերում, որոնք ոչ մի կերպ չեն արտացոլում, մարդու հետ սոցիալական աշխատանքի կարևորությունը։

Ասոցիացիան պատրաստակամ է իր ներուժն ու ծառայությունը բերելու նշված խնդիրների լուծմանը, հանուն մեր երեխաների արժանապատիվ և երջանիկ մանկության։

ՀՈՐԴՈՐԱԿ Հայաստանում սոցիալական ծառայությունների պրոֆեսիոնալիզացիայի վերաբերյալ

ՀՀ քաղաքացիների բարեկեցության, սոցիալական ծառայությունների և սոցիալական պաշտպանության համակարգի անկյունաքարը  որակյալ և արհեստավարժ աշխատուժն է։ Աշխատուժի պլանավորմամբ, որակավորման բարձրացմամբ և աշխատանքային պայմանների բարելավմամբ են պայմանավորված մատուցվող սոցիալական ծառայությունների արդյունավետությունն ու, ըստ այդմ, շահառուների կյանքում իրական փոփոխությունները։

«Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրինագծի ընդունմամբ հնարավոր կլինի հասնել սոցիալական աշխատանքի պրակտիկայի պրոֆեսիոնալիզացիայի հարցի մեկընդմիշտ և արմատական լուծմանը։ Սակայն մինչ այդ կարիք կա, որ ոլորտի դերակատարներից յուրաքանչյուրը, լինելով մասնագիտական աշխատուժի գաղափարի աջակիցն ու ջատագովը,  արդեն այսօր իր ներդրումը բերի իր գործունեության շրջանակում։

Մենք միասին անցել ենք սոցիալական ոլորտի աշխատուժի հավաքագրման և պլանավորման տարերային շրջանը։ Եկել է պահը խթանելու և աջակցելու սոցիալական աշխատանքի պրոֆեսիոնալ պրակտիկայի զարգացմանը՝  հնարավորություն տալով և խրախուսելով կրթությամբ սոցիալական աշխատողներին ընդունվել  համակարգ և զբաղեցնել թափուր տեղերը։

Նման մոտեցումը սոցիալական ոլորտի յուրահատկությամբ պայմանավորված անհրաժեշտություն է, որը երկու առանցք ունի.

  1. Սոցիալական աշխատողը պետք է հնարավորինս բացառի շահառուին վնասելու ռիսկը։ Նա սոցիալական պատասխանատվություն և հանձնառություն ունի հասարակության, պետության, մասնագիտական հանրույթի և իր շահառուների առաջ՝ գործելու մարդու իրավունքների պաշտպանության, բնակչության սոցիալական բարեկեցության խթանման և հասարակությունից բացառված անհատների ներառման ուղղությամբ։։
  2. Սոցիալական աշխատողն ինքը կարիք ունի պաշտպանության, և եթե նա արհեստավարժ է, պրոֆեսիոնալ, ապա այս տեսանկյունից հնարավոր ռիսկերն ավելի փոքր են։ Սա այնպիսի մասնագիտական միջավայրի ձևավորման ելակետն է, որտեղ մի կողմից հիմնարար են մասնագիտական էթիկան, արժեքներն ու սկզբունքները, իսկ մյուս կողմից՝ գործատուի, մասնագետի և շահառուի փոխգործակցությունը։

Հետևաբար, որակյալ սոցիալական ծառայություններ ունենալու երաշխիքը և՛ պաշտպանված շահառուն է, և՛ պաշտպանված մասնագետը, ով ունակ է վարչարարական և կառուցվածքային բնույթի փոփոխությունները «թարգմանելու» շահառուի հետ աշխատանքի «մասնագիտական լեզվի»։

 Այս առնչությամբ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի Խորհուրդը և Գործադիր վարչությունը համատեղ հորդորում են սոցիալական ոլորտի գործատուներին, ի դեմս՝ պետական, մարզային, համայնքային, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ենթակայությամբ գործող սոցիալական ծառայությունների ղեկավարներին և սոցիալական ծառայություններում աշխատանքի ընդունման լիազորություն ունեցող կառույցներին և անհատներին՝

  1. Սոցիալական աշխատողի, այդ թվում՝ ավագ սոցիալական աշխատողի, սուպերվիզորի, դեպք վարողի և այլ նման պաշտոններում թափուր հաստիքների վերաբերյալ աշխատանքային հայտարարություններում որպես պարտադիր հստակորեն սահմանել «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունենալու պահանջը:
  2. Խրախուսել երիտասարդ մասնագետների մուտքը համակարգ՝ հնարավորություն տալով ավագ մասնագետի ուղեկցությամբ ձեռք բերելու անհրաժեշտ պրակտիկ հմտություններ՝ որակյալ մասնագետ դառնալու համար։
  3. Այլ բարձրագույն կրթությամբ մասնագետներին սոցիալական աշխատողի հաստիքում ընդունել բացառապես այն դեպքերում, երբ աշխատանքի վերաբերյալ երրորդ անընդմեջ հայտարարության դեպքում հնարավոր չի լինում տվյալ տարածաշրջանում սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթությամբ անձի աշխատանքի ընդունումը։ Սակայն այս դեպքում մինչ աշխատակցի անմիջական պրակտիկայի թույլատրումը անհրաժեշտ է նրա համար ապահովել հատուկ մասնագիտական դասընթացի ուսուցում: 
  4. Տարբերակել.

ա. սոցիալական աշխատող` հասկանալով սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթությամբ կամ համապատասխան ուսուցումների միջոցով, բակալավրի կրթության որակավորման պահանջներին համապատասխան սոցիալական աշխատողի որակավորում ստացած  անձին,

բ. սոցիալական ծառայող`  ոլորտում գործող մասնագետներին, ովքեր ունեն սոցիալական աշխատանքի որակավորումից այլ բարձրագույն կրթության որակավորում,

գ. սոցիալական սատարող` ոլորտում գործող այն մասնագետները, ովքեր չունեն բարձրագույն կրթություն, ուղիղ օգնող ծառայություններ են մատուցում իրենց շահառուներին` ռեֆերենտի, անձնական ուղեկցողի, պատրոնաժի և այլ գործառույթներով,

դ. սոցիալական քաղաքականությամբ զբաղվող մասնագետները, ինչպես նաև սոցիալական ծառայությունների ղեկավարները ` սոցիալական վարչարարները, ովքեր անկախ որակավորումից ցանկալի կլինի վերապատրաստվեն «Սոցիալական քաղաքականություն և վարչարարություն» կամ նմանատիպ  բովանդակությամբ մագիստրոսական ծրագրով։

Սոցիալական ոլորտի պրոֆեսիոնալիզացիան՝ մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության հարցն է։ 

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Առողջապահության համակարգի սիրելի՛ աշխատակիցներ. ընտանեկան բժիշկներ, բուժքույրեր, պոլիկլինիկայի աշխատակիցներ, շտապ օգնության անձնակազմներ,

Ընդունեք մեր խորին երախտագիտությունն ու ակնածանքն այս օրերին ձեր կատարած հերոսական և մարդասիրական աշխատանքի համար։ Ձեր դերը առողջ հասարակություն կերտելու գործում անգնահատելի է և այս դժվարին օրերը եկան վերաիմաստավորելու ու արժևորելու այն ներդրումը, որ դուք ունենում եք յուրաքանչյուրիս կյանքում։ Շնորհակալ ենք ձեզ։
Քաջ գիտակցելով այս բարդ իրավիճակում ձեր հսկայական ծանրաբռնվածությունը, միևնույն ժամանակ մտահոգված լինելով այն երեխաների իրավիճակներով, ովքեր այս օրերին չարաշահման, բռնության տարբեր տեսակների զոհեր են, ենթարկվում են զրկանքների, թերսնուցված են, ունեն հրատապ մասնագիտակ աջակցության և անվտանգ միջավայր տեղափոխվելու կարիք` Ձեզ ենք դիմում խնդրանքով.
❗️Զանգահարեք մեզ հետևյալ հեռախոսահամարներով՝
060 54 01 50 կամ 0800 61 111 (երկրորդ համարին զանգերը զանգողի համար անվճար են) և հայտնեք այն իրավիճակների մասին, որոնք մտահոգիչ են թվացել երեխաների շահերի և անվտանգության տեսանկյունից։ Մենք հանձնառություն ենք հայտնում հետևողական լինել ձեր յուրաքանչյուր ահազանգին։

Շնորհակալ ենք ձեր մասնագիտական պարտքն այսքան բարձր մակարդակով իրականացնելու համար։ Ձեր ահազանգերը կօգնեն նաև մեզ իրականացնելու մեր մասնագիտական պարտքը՝ որպես սոցիալական աշխատողներ։

❗️Կոլեգաներ ջան, խնդրում եմ տարածեք

Հարգանքով՝
Երեխաների պաշտպանության հարցերով նախաձեռնող թիմ

 

h.գ․ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ևս հանդիսանում է նախաձեռնող խմբի անդամ։

Ասոցիացիայի նախագահի ուղերձը՝ արտակարգ իրավիճակում աշխատող սոցիալական աշխատողներին

Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի ուղերձը՝ արտակարգ իրավիճակում աշխատող սոցիալական աշխատողներին

«Սիրելի սոցիալական աշխատողներ,

Արտակարգ պայմանները թելադրում են ուժերի համատեղում և կենտրոնացում:

Հաշվի առնելով բոլորիս` շահառուների հանդեպ ունեցած էթիկական պատասխանատվության կարևորությունը, անհրաժեշտություն է առաջացել տեղեկատվության փոխանակման հարթակ ստեղծել արտակարգ պայմաններով պայմանավորված ՁԵՐ աշխատանքում հանդիպող դժվարությունները հաղթահարելու համար:

Դիմում եմ պետական և հասարակական-բարեգործական-մասնավոր սոցիալական կամ հարակից ծառայություններում աշխատող սոցիալական աշխատողներին` խնդրանքով` տեղեկացնել Ասոցիացիային ձեր դժվարությունների բնույթի մասին․

  • արդյո՞ք ստացվում է ձեռք մեկնել առավել խոցելիներին, արդյոք պաշտպանված եք ինքներդ, 
  • արդյո՞ք ստացվում է տեղեկացված լինել, կապ պահպանել բոլոր շահառուների հետ, ի՞նչ իրավիճակ է, մարդիկ ինչպիսի՞, ի՞նչ տեսակ աջակցության կարիք ունեն` պայմանավորված արտակարգ պայմաններով,
  • ի՞նչ ուղերձների կարիք ունեք, որ Ասոցիացիան որպես համախմբող կազմակերպություն կուզենաք փոխանցի որոշումներ ընդունողներին, աջակիցներին, կոլեգաներին, ծառայությունների ղեկավարներին, շահառուներին, հանրությանը, ոչ պետական , հասարակական-բարեգործական կազմակերպություններին։

Ուղարկեք Ձեր մտահոգությունները, մտորումները և հարցերը։

↪️Մեր սուպերվիզորները պատրաստ են մատուցել Ձեզ ԱՆՎՃԱՐ սուպերվիզորական ծառայություններ, մասնագիտական խորհրդատվություն:

↪️ Պատրաստ ենք կազմակերպել կոնսիլիումներ` դեպքերի վերաբերյալ:

↪️ Պատրաստ ենք սատար լինել Ձեզ` այս դժվարին օրերին:

Հետևեք արտակարգ պայմաններում կանխարգելիչ հորդորներին, պաշտպանված եղեք:

Պահպանե՛ք վարակից տուժած անձանց վերաբերյալ անձնական տվյալների գաղտնիությունը, զերձ պահեք այդ տվալները հանրային քննարկումներից, կիսեք այդ ինֆորմացիան միայն բժշկական անձնակազմի հետ, ահազանգեք նրանց:

Մաղթում եմ բոլորին տոկունություն, դիմակայություն:

Սոցիալական աշխատանքի ողջ շարմը այս օրերին հուսամ կդրսևորվի` արժեքները, սկզբունքները, շահառուների հանդեպ պատասխանատվությունը, հանրության առջև հաշվետվողականութունը և կառավարության կանխարգելիչ ջանքերին սատարելը » ։

Ձեր հարցերը և մտահոգությունները կարող եք ուղարկել Ասոցիացիայի ֆեյսբուքյան էջին, պաշտոնական էլհասցեին (infoaasw@gmail.com) կամ զանգահարել 044465738

Նոյեմբերի 25-ը՝ Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային օր

Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է։

Այս առիթով Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիան հրապարակել է ուղերձ՝ հայտնելով իր անհանգստությունը կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ և կոչ անելով հավատարիմ մնալ ժողովրդավարության և էգալիտար հասարակության սկզբունքներին...

Ուղերձը հասանելի է այստեղ։

Պրոֆեսիոնալ սոցիալական աշխատանքն արժե ավելին

Տեքստը շուտով հասանելի կլինի նաև հայերեն։

Մասնագիտացված համայնքային սոցիալական ծառայություններ՝ հանուն ընտանիքների ամրապնդման

Տեքստը շուտով հասանելի կլինի նաև հայերեն։

Սոցիալական աշխատողները չեն կարող կողմնակից չլինել փոփոխությունների, ԴՐԱԿԱՆ փոփոխությունների

 

Ստորև Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը՝ ՀՀ-ում ընթացող սոցիալական շարժման մասին։

 

Սոցիալական աշխատանք մասնագիտությունն ամբողջությամբ ծառայում է` բառիս բուն իմաստով, ԾԱՌԱՅՈՒՄ Է մարդկանց ներուժի բացահայտմանը, ուժեղացմանը: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ցրեց բոլոր մտայնությունները, որ մարդիկ համատարած ապատիայի մեջ են, որ երկիրն անհույս է (կամ նման բաներ): Հիմա տեղի է ունենում այն, ինչն օգնում է մարդկանց ապրել, ապրել հույսով` բարենպաստ փոփոխությունների իրագործման հույսով...

Մենք մի տեսակ երկու իրականությունների մեջ ենք ապրում` մի բան մտածել, զգալ, վերապրել, մեկ այլ բան ասել. ծուռ հայելիների սինդրոմ է առաջացել: Ոչ ոք չի կասկածում, որ բարեփոխումներ ուզում են նաև կառավարողները, սակայն պատկերացումները, տեմպը ճահիճի են հանգեցրել: Երկու տարբեր իրարամերժ իրականությունների համատեղ գոյությունը չէր կարող չպոռթկալ, չալեկոծվել, պիտի՛ ալեկոծվեր:

Այս ալեկոծումը շատ հույս ունեմ, որ կարթնացնի բոլոր քնածներին, բոլոր նրանց, ովքեր այլևս կորցրել են հույսը, որ ինչ-որ բան հնարավոր է փոխել, բոլոր նրանց, ովքեր աշխատելով սոցիալական պաշտպանության համակարգում` անկեղծորեն, սրտանց անտրամաբանական են համարում այն ամենն, ինչ տեղի է ունեում համակարգում, սակայն բարձրաձայնել կամ չեն համարձակվում, կամ անիմաստ են համարում. մի տեսակ գերեվարվել են իրենց առաջադրվող պահանջների և մարդկանց իրական կարիքների անհամապատասխանության միջև:

Սոցիալական աշխատողները չեն կարող կողմնակից չլինել փոփոխությունների, ԴՐԱԿԱՆ փոփոխությունների: Սոցիալական պետության կառուցումը չի կարող լինել աղքատներին «հաց տալը», անգամ եթե այդ դրամի տեսքով ուղիղ ներարկումների փշրանքները մեծածավալ են կամ կազմում են բյուջեի մեկ երրորդը: Առավել ևս նման մեծածավալ կերակրումն անընդունելի է: Այս հարաբերակցությունը միայն անփորձ աչքի վրա տպավորություն կթողնի: Այլ բան է, թե ինչպես է դա արվում, ովքեր են ձեռքերը տաքացնում աղքատների աղքատության հանգամանքի վրա, ինչպես ենք խեղաթյուրել մարդկանց օգնելու գործընթացը: Ինչու՞ ենք շարունակում ֆինանսական միջոցներ տրամադրելով` համարել, որ սոցիալական պետություն ենք կառուցում:

Մարդիկ ուժեղացման կարիք ունեն, և դրա համար կան համապատասխան մասնագետներ. ապա ինչու՞ ենք շարունակում համարել, որ եթե մարդիկ կիսասոված են, բավարար է միայն նրանց հաց տալը: Արդյունքում թե՛ համակարգն է արատավորվում, թե՛ մարդիկ են հարմարվում/հորինում/ստեղծագործում մանիպուլյացիոն տարբեր տեխնիկաներ` միայն թե ապացուցեն, որ աղքատ են: Մարդիկ իրենք ուզած-չուզած «տեղավորվում են» կեղծիքի, երկու իրողությունների սահմանագծում: Սակայն նրանց դա այլևս պետք չէ. անգամ ամենահեռավոր գյուղի խաղաղ, իրենց հանապազօրյա հացի հարցը հազիվ հոգացող մարդիկ համաձայն չեն այդպես շարունակել, քանի որ այդ մոտեցումը շարունակում է աղքատ պահել մարդկանց, աղքատացնել մտածելակերպը: Նման մոտեցմամբ սոցիալական պետություն չենք կարող ունենալ: Սոցիալական պետությունը չի կարող գնալ բացառապես տնտեսության զարգացման ճանապարհով այն մտայնությամբ, որ «նախ տնտեսությունը, ապա նոր սոցիալական հարցերը»: Այս երկու ուղղությունները համահունչ են, համաքայլ. մարդիկ են այն սոցիալական կապիտալը, որը թույլ կտա զարգացնել տնտեսությունը: Աղքատ մարդկանց բարձրացնելը, նրանց հանդեպ հարգանքի և ոչ թե պետական խղճահարության դրսևորումը թույլ կտա զարգացնել մարդկային կապիտալը, հետևաբար` տնտեսությունը:

Սոցիալական աշխատողները փոփոխությունների գործակալներ են, վաղուց հասունացել է մեր երկրում սոցիալական աշխատանքի ներուժը, սակայն չի օգտագործվում, կիրառում չի գտնում, կամ կիրառվում է չափազանց դանդաղ, անհասկանալի քայլերով, խեղաթյուրվելով: Ոչինչ չփոխելով, ըստ էության, փորձում ենք փոփոխությունների հասնել ու հայտնվում ենք տեղապտույտի մեջ: Սոցիալական աշխատանքն են փորձում հարմարացնել սոցիալական պաշտպանության գործող համակարգին, փոխանակ թույլ տրվի, որ այն ստեղծի գրագետ օգնության համակարգեր ու ենթահամակարգեր: Մինչդեռ ցանկության դեպքում շատ ավելի խորքային, մասնագիտական աջակցություն կարելի էր տրամադրել մարդկանց, լուծումներ առաջարկել խրոնիկ համարվող սոցիալական խնդիրներին: Հասարակությունը, ինչպես համոզվեցինք, հսկայական դրական, չիրացված ռեսուրս ունի, ինչպես օրինակ խնամատար ծնողներն են: Օտար մարդիկ պատրաստ են պահել ուրիշ ծնողների լքած երեխաներին, սակայն անվերջ սպասում են: Անվերջ սպասում են հերթական քննարկումներին...

Սոցիալական աշխատողները հասարակության չիրացված ներուժի իրացման թե՛ ձևերը գիտեն, թե՛ մեթոդները. ընդամենը ճանապարհ է պետք բացել: Սոցիալական աշխատողները գիտեն, թե ինչպես երկխոսել սեփական երեխաների ճակատագրերը մանիպուլյացիայի ենթարկող ծնողների հետ, երկխոսել որպես պետություն և ոչ թե հայտնվել անհնարինության մեջ և թույլ տալ, որ մարդկանց, հանրության բաց աչքի առաջ որոշ անհասկանալի մտակերտվածքով ու վարքագծով ծնողներ ավերեն իրենց իսկ մանուկների ապագան` անորոշ կարգավիճակով տանելով նրանց մանկատներ: Սոցիալական աշխատողները գիտեն, թե իրականությունից կտրված փաստաթղթերի համատարած արտադրության փոխարեն ինչ կարգավորումներ կարող են արտացոլել իրական կյանքը` թույլ տալով, որ հիվանդագին սոցիալական երևույթները հաջորդ սերնդի կյանքում չկրկնվեն քրոնիկ հերթափոխերով:

Մենք հրաշալի սերունդ ունենք, նրանք նույն 88-ի ազնիվ մղումներով են առաջնորդվում: Հատկապես այդ շրջանի պայքարողները պետք է հպարտ լինեն, որ այսքան տարի հետո նույն ազնիվ մղումները դուրս են հորդում: Սա նաև այսօրվա կառավարողների այն ժամանակվա և հետագա տարիներին կատարած աշխատանքի, ներդրված ջանքերի արդյունքն է, քանի որ այս սերունդը հնարավորություն ունի ազատ արտահայտել սեփական կարծիքը: Շաաաատ կցանկանայի, որ կառավարողները դրանով հպարտանան` զսպելու կամ մեղավորներ փնտրելու փոխարեն: Հույզերի, փոփոխությունների այս ազնիվ մղումների հորձանուտը ճանապարհ գտնելու կարիք ունի: Պետք է օգնել, որ այն իր ՀՈՒՆԸ գտնի` հավասարակշռված, մտածված հուն: Ոչ ոք չէր կարող կազմակերպել երեխաների, երիտասարդների համատարած ալեկոծումը, եթե չլիներ զմռսված դժգոհությունը, որից նախկինում մարդիկ ելք են գտել` պարզապես հեռանալով: Կարծիք կար, որ ուղեղները գնացին... գուցե և սխալ չէ, բայց որ սրտերը մնացել են` համոզվեցինք, որ կամքը չի գնացել` համոզվեցինք, որ ուղեղները չեն կարող չվերարտադրվել` համոզվեցինք:
Իմ սերնդի մարդկանց, հատկապես մասնագետների խնդիրը հավանաբար հասկանալն է այս ամենն ու օգնելը, որ սև-սպիտակ վիճակից անցում կատարենք երկխոսության: Շատ կցանկանայի, որ բիզնես առաջարկներից բացի կառավարությանը հետաքրքրեին նաև սոցիալական ծրագրերը, որ կազմակերպչական նպատակահարմարությունից զատ առաջնահերթ համարվեին նաև բովանդակային մոտեցումները: Այն, ինչ սոցիալական ոլորտին է վերաբերում, իսկապես պետք է ապակենտրոնացվի, մարզերում սոցիալական ոլորտի բոլոր գործակալությունները, ծրագրերը, ծառայությունները, սոցիալական ծառայություններ մատուցող հկ-ները, բարեգործական հիմնադրամները, բոլո՛րը, բոլորը միավորվեն մեկ գործակալության ներքո` համապատասխան կարգավորումներով և մարդիկ ազատագրվեն բազմակենտրոն կառավարումից: Այլապես ծառայությունները, գտնվելով համայնքում, ունեն բազմաթիվ կառավարողներ. աջ ձեռքը լավ չի պատկերացնում, թե ձախն ինչ է անում... Մեր ճանապարհը սոցիալական ծառայությունների կոնսոլիդացումն է` անկախ գերատեսչական շահից:
Ճանապարհ կա՞ արդյոք իրական բարեփոխումներ անելու` իհա՛րկե կա:

Կբարձրացնի՞ արդյոք այս շարժումը անհրաժեշտություն բացելու այդ ճանապարհները` շաաաատ մեծ հույս ունեմ: Չեմ կարող չոգևորվել, անհնար է չոգևորվել ազնիվ մղումների այս շարժումից, չեմ կարծում, որ անգամ նրանք, ում աշխատանքից դժգոհ են երիտասարդները, հոգու խորքում համաձայն չեն նրանց հետ, պարզապես շահերն են տարբեր, ակնոցներն են տարբեր, ձեռքներն են կապկպված, մտքերը` գերեվարված, ապագան` անորոշ... Ազատության կարիք ունեն նաև այդ մարդիկ: Որպես սոցիալական աշխատողներ` մենք միջազգային հարթակներում հպարտորեն միշտ նշում ենք, որ մեր երկրում ունենք խոսքի ազատություն, որ մարդիկ ազատ են արտահայտվելու, որ մենք իսկապես գնում ենք դեմոկրատական զարգացման ճանապարհով, որ տարածաշրջանում ամենից շատ հկ-ներ ունեցող երկիրն ենք... Շատ հույս ունեմ, որ այս շարժմանը հետագա արձագանքները ոչ թե կխաթարեն այդ կարևոր տարբերակումը տարածաշրջանում, այլ կամրապնդեն` ապացուցելով իրական փոփոխությունների վերաբերյալ սեփական մտադրությունները: Սոցիալական աշխատողները, դարձյալ, փոփոխությունների գործակալներ են` ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ:

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան իր աջակցությունն է հայտնում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ անցկացվող բողոքի ակցիաներին

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան (ՍԱՀԱ) իր աջակցությունն է հայտնում էլեկտրաէներգիայի սակագների 17-22%-ով բարձրացման դեմ անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցներին: Սակագների բարձրացումն ազդելու է հասարակության բոլոր խավերի՝ հատկապես աղքատների վրա: Քանի որ երկրում աղքատությունն ավելի քան 30% է կազմում, շատերի համար այս նոր բեռն անտանելի կլինի. միջին վիճակագրական որոշ հաշվարկներով ընտանիքի էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը կավելանա 40.000 դրամով (85 ԱՄՆ դոլար): Ավելին, գների նման բարձրացումը կարող է հիմք դառնալ ապագայում շղթայական գնաճի՝ էլ ավելի դժվարին իրավիճակի մեջ դնելով հատկապես խոցելի խմբերին: 
Հետևաբար, ՍԱՀԱ-ն իր աջակցությունն է հայտնում իր անդամներին, այլ ակտիվիստներին և բոլոր նրանց, ովքեր որոշել են միանալ այս խաղաղ շարժմանը: Մենք պահանջում ենք անհապաղ երկխոսություն կառավարության և հասարակական շարժման ներկայացուցիչների միջև՝ լրագրողների համար բաց մուտք ապահովելու պայմանով: Բաց երկխոսությունը հսկայական առաջընթաց կլինի կառավարության և ժողովրդի միջև ժողովրդավարական գործընթացների զարգացման հարցում:
Ասոցիացիան դատապարտում է նաև խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ ՀՀ Ոստիկանության կողմից իրականացված գործողությունները: Ուժի կիրառումն, ինչպես նաև լրագրողների և նրանց սարքավորումների հանդեպ անօրինական գործողություններն աններելի են և չպետք է շարունակվեն: Խոսքի և հավաքների ազատության հիմնարար իրավունքները պետք է հարգվեն, իսկ դրանց ոտնահարման մեջ մեղավոր կառույցները պատասխանատվություն կրեն:

Խտրականությունն և սեռական կողմնորոշում