ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
2017 Մարտ 24

Սոցիալական աշխատանքի միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1983թ.-ին Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի կողմից։ Այնուհետև այս նախաձեռնությանը միացան սոցիալական աշխատողներին միավորող մի շարք այլ կառույցներ, ինչպես օրինակ Սոցիալական աշխատանքի դպրոցների միջազգային ասոցիացիան և այլն։

Այսօր, արդեն 34-րդ անգամ ամբողջ աշխարհի սոցիալական աշխատողների օրացույցում յուրաքանչյուր մարտ ամսվա  երրորդ երեքշաբթի օրը, որն այս տարի մարտի 21-ն է, նշվում է «կարմիր» գույնով։  Այս օրը նշանավորում է սոցիալական աշխատողների ջանքերը անհատների, ընտանիքների և համայնքների կյանքում փոփոխությունների իրականացման գործընթացում։

            Ամբողջ աշխարհում, Սոցիալական աշխատանքի միջազգային օրը սոցիալական աշխատողներին ներկայացնող կառույցները հանդես են գալիս ուղերձներով՝ ուղղված իրենց կառավարություններին, տեղական և տարածքային կառավարման մարմիններին, այլ մասնագիտական միավորումներին, տեղական և միջազգային կազմակերպություններին՝ բարձրաձայնելով կայուն զարգացման, սոցիալական արդարության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները։         

            Յուրաքանչյուր տարի Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի կողմից հայտարարվում է այդ տարվա միջոցառումների խորագիրը։ Ընդ որում, խորագրերի ընտրությունը պատահական չէ, սկսած 2012թ.-ից այն սահմանվում է համաձայն Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի, Սոցիալական աշխատանքի դպրոցների միջազգային ասոցիացիայի և Սոցիալական բարեկեցության միջազգային խորհրդի կողմից ընդունված «Սոցիալական աշխատանքի և  սոցիալական զարգացման» միջազգային օրակարգի նպատակների։

            Այս տարի միջազգային օրվան նվիրված միջոցառումներն իրականացվելու են «Խթանելով համայնքային և միջավայրային կայունությունը» խորագրի ներքո։

            Յուրաքանչյուր տարի Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի կողմից թողարկվում է նաև Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված պաստառ, որը  թարգմանվում է ավելի քան 45 լեզուներով և ներկայացվում ու փակցվում տարբեր միջոցառումների ժամանակ։ Միջազգային օրվան նվիրված միջոցառումներն վերջին տարիներին այնքան մեծ տարածում են գտել, որ հանդիսանում են սոցիալական աշխատողների միջև համագործակցության հաստատման և սոցիալական համերաշխության հարթակ։