ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի սոցիալական աշխատողների գործունեության առաջնահերթություններն են մարդու իրավունքների պաշտպանությունը և բնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծմանն ու կարիքների բավարարմանը նպաստելը: Ասոցիացիայի խնդիրն է պատշաճ ուշադրություն դարձնել սոցիալական այն քաղաքականություններին և բարեփոխուներին, որոնք ազդում են սոցիալական աշխատողների մասնագիտական գործունեության և այն անձանց կենսագործունեության վրա, ում նրանք համապատասխան ծառայություններ են մատուցում: Այդ խնդրի իրագործումը ենթադրում է սոցիալական աշխատողների իրավունքների պաշտպանություն, բնակչության համապատասխան խմբերին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի նախաձեռնում, նոր, պահանջված սոցիալական ծառայությունների անհրաժեշտության բարձրաձայնում, սոցիալական աշխատանք մասնագիտության կարևորության մասին հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում: 

Իր հիմնադրումից ի վեր Ասոցիացիան էապես նպաստել է ցանցային համագործակցության զարգացմանը սոցիալական աշխատանքի ծառայություններ տրամադրող պետական և հասարակական կազմակերպությունների, սոցիալական աշխատանքի կրթական կառույցների, ոլորտի փորձագետների, հետազոտողների, սոցիալական քաղաքականության մասնագետների միջև: Այդպիսով Ասոցիացիան կարողացել է նաև սոցիալական ոլորտում ուժեղացնել իրավապաշտպանական գործունեությունը և լայնորեն իրականացնել ադվոկացիոն (իրավունքների պաշտպանության) գործառույթներ: Երեխաների պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների համագործակցության ամրապնդման և երեխաների իրավունքներին առնչվող օրենդրական գործընթացների վրա նպատակային ու համալիր ազդեցություն ունենալու նպատակով Ասոցիացիան նաև նախաձեռնել է Երեխաների պաշտպանության ցանցի ձևավորումը: