ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Մեր մասին

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան Հայաստանում սոցիալական աշխատողներին միավորող խոշորագույն կազմակերպություն է, որին անդամակցում են 250-ից ավելի անդամներ՝ ակադեմիական և պրակտիկ (պետական և հասարակական կառույցներ) շրջանակներից։ 

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հիմնադրվել է 2004 թվականին «Սոցիալական աշխատանքի» մասնագիտական կրթություն ունեցող հինգը սոցիալական աշխատողների նախաձեռնությամբ։ Ի սկզբանե, ասոցիացիային տալով «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիա անվանումը։  

Լինելով, Հայաստանում սոցիալական աշխատողներին համախմբող խոշորագույն կազմակերպությունը, Ասոցիացիան սկսած 2005 թվականից հանդիսանում է սոցիալական աշխատողների միջազգային ընտանիքի մասը՝ լինելով Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի (ՍԱՄՖ) անդամ, իսկ 2017 թվականից անդամակցում է Սոցիալական բարեկեցության միջազգային խորհրդին (ICSW)։ 

Ասոցիացիան իր գործունեության ընթացքում սերտորեն համագործակցում է սոցիալական աշխատողների, ինչպես տարածաշրջանում՝ ՌԴ, Վրաստան, Իրան, Արևելյան Եվրոպայի երկրներ և այլն, այնպես էլ դրանից դուրս գտնվող ազգային ասոցիացիաների, Սոցիալական աշխատանքի դպրոցների ասոցիացիայի, ինչպես նաև տեղական ու արտասահմանյան բուհերի, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին և միջազգային կառույցների հետ։  

Լինելով Հայաստանում Ինտեգրված սոցիալական ծառայությունների, պետական սոցիալական ծառայություններում սուպերվիզիայի ներդրման, տարաբնույթ սոցիալական ծառայությունների մոդելների հեղինակ, ինչպես նաև որակյալ և պրոֆեսիոնալ սոցիալական ծառայությունների ներդրման ու զարգացման ոլորտի առաջամարտիկ՝ կազմակերպությունը հանդիսանում է Հայաստանում սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչների մշակողն ու ներդրողը, «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի հեղինակը։ 

Իր գործունեության ողջ ընթացքում Ասոցիացիան հանդիսացել է սոցիալական աշխատանքի և սոցիալական ծառայությունների ոլորտում տեղի ունեցող զարգացումների քննարկման, օրակարգերի ձևավորման մասնագիտական հարթակ՝ միավորելով սոցիալական պաշտպանության ոլորտի գրեթե բոլոր ենթաոլորտների առաջատար մասնագետներին՝ կրթությունից մինչև պրակտիկա։ 

2018 թվականից Ասոցիացիան վերանվանվել է և գործում է որպես «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա»։