ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Ներածություն

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան լինելով սոցիալական աշխատողներին միավորող մասնագիտական կառույց, միավորելով ոլորտում առկա գիտական և պրակտիկ ներուժը, իր գերակա խնդիրն է համարում Հայաստանում սոցիալական պետության ձևավորմանը նպաստելը՝ պրոֆեսիոնալ սոցիալական ծառայությունների զարգացման միջոցով։ Կազմակերպությունը իր գործունեության շրջանակներում մշտապես կարևորում է մասնագիտական սկզբունքների և համամարդկային արժեքների պահպանումն ու տարածումը։

Ասոցիացիայի առաքելությունը Հայաստանում սոցիալական աշխատանք մասնագիտության և սոցիալական աշխատանքի մասնագետների շահերի պաշտպանությունն է՝ սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման, պետական և ոչ պետական սոցիալական ծառայություններում սոցիալական աշխատանքի էթիկապես ընդունելի և պրոֆեսիոնալ պրակտիկայի խթանման, սոցիալական ծառայությունների շահառուների շահերի պաշտպանության և սոցիալական արդարության ու բարեկեցության ապահովմանն ուղղված ադվոկացիոն գործունեության միջոցներով։

Ասոցիացիայի տեսլականը սոցիալական պաշտպանության այնպիսի համակարգի ձևավորումն է Հայաստանում, որտեղ սոցիալական քաղաքականությունում հիմնարար են սոցիալական արդարության սկզբունքները, քաղաքացիներին մատուցվում են պրոֆեսիոնալ սոցիալական ծառայություններ, իսկ պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողները երկրում սոցիալական բարեկեցության ապահովման հիմնական երաշխավորներն են։

Ասոցիացիայի գործունեության հիմնարար սկզբունքներն են՝ օրինականությունը և խտրականության բացառումը, սոցիալական արդարությունը և հարգանքը մարդու նկատամամբ, բարեխղճությունը և հաշվետվողականությունը, անդամության կամավորությունը և անդամների շահերի ընդհանրությունը, ինչպես նաև ինքնակառավարումը։