ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՁԱՅՆԸ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ
2017 Օգոստոս 14

Որքանո՞վ են քաղաքացիները ներգրավված սոցիալական պաշտպանության ոլորտում որոշումների կայացման գործընթացում և ինչպիսի՞ խոչընդոտներ կան այդ ոլորտում քաղաքացիական մասնակցության համար։

Այս հարցերի պատասխանները Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան փորձել է ստանալ հանրապետության մարզերում և ք. Երևանում իրականացված շուրջ 12 հանրային քննարկումների միջոցով, որոնց մասնակցություն են ունեցել ավելի քան 800 քաղաքացիներ։

Վերլուծելով հանդիպումների ընթացքում բարձրաձայնված խնդիրները, Ասոցիացիայի կողմից առանձնացվել են որոշ ընդհանուր եզրահանգումներ սոցիալական բարեփոխումների վերաբերյալ քաղաքացիների ընկալումների և իրազեկվածության մակարդակի վերաբերյալ։

Նման հարթակի տրամադրումը թույլ տվեց քաղաքացիներին ներկայացնելու իրենց տեսակետներն ու առաջարկությունները ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես այնպիսի ոլորտների, ինչպիսիք են երեխաների խնամքի հաստատությունների վերակազմակերպումը, հաշմանդամության որոշման կարգում սոցիալական մոդելի կիրառումը, ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների իրականացումը և ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրումը։

Հանրային քննարկումների ընթացքում մասնակիցները կիսում էին տեսակետներ ծառայությունների սակավության, մարզերի բնակիչների համար դրանց հասանելի չլինելու, ինչպես նաև գործող սոցիալական ծառայությունների միջև համագործակցության պակասի վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն են գործում մատուցվող ծառայությունների որակի, հետևաբար նաև քաղաքացու սոցիալական հիմնախնդիրների լուծման հնարավորությունների վրա։

«Կա սովոր պրակտիկա ու դա գործում է, նոր ծառայությունները չեն կարողանում

մեր երկրում գործել, մենք դեռ պատրաստ չենք դրանց»

Հատկապես, նկատելի էր քաղաքացիների շրջանում թերահավատությունը հնարավոր համակարգային փոփոխությունների վերաբերյալ։ Եվ չնայած այդ ամենին, այնուամենայնիվ, նրանք շարունակում էին հույս ունենալ, որ բարեփոխումները կբերեն ցանկալի փոփոխությունների և այդ առիթով ներկայացնում իրենց առաջարկությունները գործընթացի բարելավման ուղղությամբ։

Ելնելով վերոնշյալ եզրահանգումներից,  կարելի է նշել, որ սոցիալական բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունը և դրանցից բխող օրենսդրական փոփոխությունները քաղաքացիներին կա՛մ հասանելի չեն, կա՛մ հասանելի են դառնում միայն ուշացած կերպով։  

«Գոնե մի բրոշյուր լիներ, որ իմանայինք ի՞նչն ինչո՞ց է»

Հանրային քննարկումներն իրականացվել են Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Գործենք միասին՝ հանուն կայուն սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում։

Նյութի ամբողջական վերլուծությունը կներկայացվի աշնանը կայանալիք հանրային լսմանը։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
2017 Մարտ 24

Սոցիալական աշխատանքի միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1983թ.-ին Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի կողմից։ Այնուհետև այս նախաձեռնությանը միացան սոցիալական աշխատողներին միավորող մի շարք այլ կառույցներ, ինչպես օրինակ Սոցիալական աշխատանքի դպրոցների միջազգային ասոցիացիան և այլն։

Այսօր, արդեն 34-րդ անգամ ամբողջ աշխարհի սոցիալական աշխատողների օրացույցում յուրաքանչյուր մարտ ամսվա  երրորդ երեքշաբթի օրը, որն այս տարի մարտի 21-ն է, նշվում է «կարմիր» գույնով։  Այս օրը նշանավորում է սոցիալական աշխատողների ջանքերը անհատների, ընտանիքների և համայնքների կյանքում փոփոխությունների իրականացման գործընթացում։

            Ամբողջ աշխարհում, Սոցիալական աշխատանքի միջազգային օրը սոցիալական աշխատողներին ներկայացնող կառույցները հանդես են գալիս ուղերձներով՝ ուղղված իրենց կառավարություններին, տեղական և տարածքային կառավարման մարմիններին, այլ մասնագիտական միավորումներին, տեղական և միջազգային կազմակերպություններին՝ բարձրաձայնելով կայուն զարգացման, սոցիալական արդարության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները։         

            Յուրաքանչյուր տարի Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի կողմից հայտարարվում է այդ տարվա միջոցառումների խորագիրը։ Ընդ որում, խորագրերի ընտրությունը պատահական չէ, սկսած 2012թ.-ից այն սահմանվում է համաձայն Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի, Սոցիալական աշխատանքի դպրոցների միջազգային ասոցիացիայի և Սոցիալական բարեկեցության միջազգային խորհրդի կողմից ընդունված «Սոցիալական աշխատանքի և  սոցիալական զարգացման» միջազգային օրակարգի նպատակների։

            Այս տարի միջազգային օրվան նվիրված միջոցառումներն իրականացվելու են «Խթանելով համայնքային և միջավայրային կայունությունը» խորագրի ներքո։

            Յուրաքանչյուր տարի Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի կողմից թողարկվում է նաև Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան նվիրված պաստառ, որը  թարգմանվում է ավելի քան 45 լեզուներով և ներկայացվում ու փակցվում տարբեր միջոցառումների ժամանակ։ Միջազգային օրվան նվիրված միջոցառումներն վերջին տարիներին այնքան մեծ տարածում են գտել, որ հանդիսանում են սոցիալական աշխատողների միջև համագործակցության հաստատման և սոցիալական համերաշխության հարթակ։

Հայտնի են ՍԱՏԵ 2-րդի «Արդյոք ովքե՞ր են...» ինտելեկտուալ թեմատիկ խաղի հաղթողները
2016 Հունիս 29

  ՍԱՏԵ (Սոցիալական աշխատանքի տեղեկագիր) 2-րդի (տես՝ այստեղ) մաս կազմող  «Արդյոք ովքե՞ր են...» ինտելեկտուալ թեմատիկ խաղի հաղթողները հայտնի են. նրանք են Մարիամ Գիշյանն ու Մարգարիտ Զալիբեկյանը:  

   Խաղը անդրադառնում էր սոցիալական աշխատանք մասնագիտության զարգացման մեջ մեծ ավանդ ունեցած անհատներին, և այն մասնագետը, ով առաջինը կուղարկեր նշված անհատների ճիշտ անուններն ու սոցիալական աշխատանքում նրանց ունեցած ավանդի հակիրճ նկարագրությունը, ասոցիացիայի կողմից կարժանանար խրախուսանքի: Ստացված մի շարք պատասխանների միջից ընտրեցինք Մարիամի և Մարգարիտի ուղարկած նյութերը, քանի որ վերջիններս ամենաշուտն ու առավելագույնս ճիշտ էին կռահել այդ անհատներին:

   Խոստացված պարգևատրումը հետևյալն է. նրանց կտրվի մասնագիտական գրականության փաթեթ, ինչպես նաև նրանք հնարավորություն ունեն մասնակցելու «Խնամատար ընտանիք» խորագիրը կրող 5-օրյա վերապատրաստումներին (հուլիսի 25-29):

Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ:  Մաղթում ենք նորանոր մասնագիտական հաղթանակներ:  

2016 Հունիս 13
ՍԱՀԱ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆԻՍՏ
2016 Մայիս 08

  Սույն թվականի մայիսի 6-ին կայացավ ՍԱՀԱ-ի խորհրդի անդմաների նիստը , որի նպատակն էր քննարկել ասոցիացիայի հետագա անելիքները «Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի, «Սոցիալական աշխատողների կոլեգիայի» ներդրման, սոցիալական աշխատողների կրեդիտավորման համակարգի ներդրման հնարավորությունների ուղղությամբ։
  Ասոցիացիայի նախագահ` տիկին Միրա Անտոնյանը ներկայացրեց օրակարգը, քննարկվելիք խնդիրները, ինչպես նաև այն նախապատրաստական աշխատանքները, որոնք կատարվել էին վերոնշյալ խնդիրների ուղղությամբ։ Այնուհետև «Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագծի պատրաստման աշխատանքային խմբի անդամներից՝ տիկին Արմինե Անդրանիկյանը ներկայացրեց աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքները։ Մասնավորապես, անդրադարձավ այն հիմնական խնդիրներին, որոնք պետք է հստակեցվեն օրենքի շրջանակներում։ Մասնավորապես,
• Որո՞նք պետք է լինեն կոլեգիայի լիազորությունները,
• Կոլեգիան և Ասոցիացիան ինչպիսի՞ պարտականություններ պետք է ունենան, ինչպիսի՞ կարգավիճակ ունեն նրանցից յուրաքանչյուրը
• Ինչպիսի՞ն պետք է լինի Կոլեգիայի կառուցվածքը
• Սոցիալական աշխատողը ինչպիսի՞ կարգավիճակ պետք է ունենա։
  Քանի որ վերոնշյալ հարցերը, ընդհանուր առմամբ խաչվում էին այն կետում, թե ի վերջո Սոցիալական աշխատողների կոլեգիայի ձևավորման ինչպիսի՞ հնարավորություններ կան և ինչպե՞ս է պետք կազմակերպել անցումը դեպի պրակտիկայի և կրթության ներդաշնակեցում (այսինքն պրակտիկայում աշխատող սոցիալական աշխատողի որակավորում չունեցող մասնագետների մասնագիտական որակավորման համապատասխանեցում)՝ հանդիպման մասնակիցները նախ անդրադարձան հենց նշված երկու խնդիրներին, դրանց լուծման հնարավոր տարբերակներին։
  Այնուհետև, հանդիպման վարող՝ տիկին Միրա Անտոնյանը ներկայացրեց, թե վերոշյալ խնդիրների լուծման ինչպիսի փորձ գոյություն ունի, մասնավորապես, եվրոպական և հատկապես, հետխորհրդային երկրների օրինակներով՝ Ռումինիա, Լեհաստան, Չեխիա, Կիպրոս և այլն։ Նա նաև նշեց այն խնդիրների տարբերությունները, որոնք ունեին և ունեն այդ երկրները անցման փուլում, ինչպես նաև խնդիրները, որոնք առկա են մեր երկրում։
  Քննարկման ընթացքում, մասնակիցները անդրադարձան նաև այն խնդրին, թե ինչո՞ւ է անհրաժեշտ կոլեգիայի ստեղծումը։ Քննարկվեց նաև սոցիալական աշխատողի կարգավիճակի խնդիրը՝ համայնքային ծառայող, քաղաքացիական ծառայող, թե նոր կարգավիճակ պետք է լինի։ Մասնակիցների մի խումբը նշում էր, որ նոր կարգավիճակը կարող է մասնակիցներին ավելի մեծ ազատություն տալ, իսկ ըստ մյուս խմբի տեսակետի՝ նոր կարգավիճակը կարող է նրան զրկել երաշխիքներից։
  Հանդիպման ավարտին որոշվեց իրավաբանների հետ խորհրդակցել սոցիալական աշխատողների կոլեգիայի ձևավորման հնարավորությունների մասին, կազմել ռեֆորմի իրականացման հայեցակարգ, ուսումնասիրել «Փաստաբանների պալատի» օրինակը, ինչպես նաև շարունակել քննարկումները կապված սոցիալական աշխատողի կարգավիճակի հետ և քննարկել մասնագետների կրեդիտավորման չափանիշները։

Սոցիալական աշխատանքի փորձագետ՝ Ռոբերտ Կրոիսի այցը Հայաստան
2016 Մարտ 20
ՍԱՀԱ-ի փոխնախագահը մասնակցել է Վիեննայում կայացած Սոցիալական աշխատանքի ամենամյա գիտաժողովին
2016 Մարտ 16

Մարտի 15-ը Սոցիալական աշխատանքի միջազգային օրն է, որը նաև նշվեց Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի (ՍԱՄՖ) կողմից նախաձեռնած Սոցիալական աշխատանքի «Արձագանքելով փախստականների ճգնաժամին» խորագիրը կրող գիտաժողովի շրջանակներում:  ՍԱՄՖ-ն գիտաժողովը կազմակերպել էր Սոցիալական աշխատողների ավստրիական ասոցիացիայի և Younion-ի  (Ավստրական առևտրական միություն) հետ համագործակցությամբ:

Ամեն տարի ամբողջ աշխարհի սոցիալական աշխատողները համախմբվում են Սոցիալական աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ գլոբալ խնդիրների շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով: Այս տարի ուշադրության կենտրոնում էր փախստականների ճգնաժամը, որի բարձրաձայնման կարևորությունը ընգծելու և գերխնդրին լուծումներ առաջադրելու համար  մարտի 15-ին Վիեննայում հանդիպեցին 26 երկրների սոցիալական աշխատողներ, մասնավորապես «փախստական» երկրներից (Սիրիա, Իրան, Պակիստան, Նիգերիա, Աֆղանստան և այլն), «տրանսֆերային երկրներ» (Լիբանան, Թուրքիա, Հունաստան, Իտալիա, Հունգարիա և այլն) և «ապաստարան» երկրներից (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեդիա, Ավստրիա, Նորվեգիա և այլն):

Գիտաժողովը նպատակ ուներ մշակել մի ռազմավարություն մասնավորապես խոցելի խմբերին աջակցելու, քաղաքական ադվոկացիա իրականացնելու նպատակով, ինչպես նաև միտված էր հաստատել սոցիալական աշխատանքի մոդուլներ, որոնք կարող են արդյունավետորեն կիրառվել փախստականներին մատուցվող աջակցության ժամանակ:  ՍԱՄՖ-ն հրապարակել է գիտաժողովին հաջորդող, «Սոցիալական աշխատանքը պատասխանում է քաղաքական ճգնաժամին, որը մարդկանց ստիպում է տեղահան լինել և ստանալ փախստականի կարգավիճակ» (“Social Work Responding to The Political Crisis Forcing People into Displacement and Refugee Status) խորագիրը կրող մի դիրքորոշում` ընդգծելով, որ ներկայիս փախստականների ճգնաժամը  միջազգային անադեկվատ քաղաքական համերաշխության արդյունք է:   

        Գիտաժողովին Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան ուներ իր ներկայացուցիչը. ՍԱՀԱ-ի փոխնախագահ Սյուզաննա Ջուհարյանը գիտաժողովին հանդես եկավ Հայաստանում փախստականների խնդիրների վերաբերյալ կարճ ակնարկով` ընդգծելով սիրիահայ փախստականների կոնկրետ հանգամանքները:  Նա նաև մատնանշեց, որ միջազգային կազմակերպությունների օգնությունն ու Հայաստանում սոցիալական նախագծերի ռեսուրսները խիստ սահմանափակ են առաջադրված խնդիրների լուծման համար: 

 

«Սոցիալական պաշտպանության պետական համակարգը՝ անկախության պայմաններում» խորագիրը կրող գիտաժողով՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
2016 Մարտ 15

   Որքանո՞վ է ՀՀ անկախության 25 տարիների ընթացքում կայացել սոցիալական պաշտպանության պետական համակարգը: Փորձելով տալ պատմակական համառոտ ակնարկ այս հարցի վերաբերյալ՝ սույն թվականի մարտի 15-ին՝ «Սոցիալական աշխատանքի միջազգային օրը», Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետը և «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան Մայր բուհում կազմակերպեցին «Սոցիալական պաշտպանության պետական համակարգը՝ անկախության պայմաններում» գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 25-ամյակին: Գիտաժողովի նպատակն էր ՀՀ անկախության 25 տարիների ընթացքում սոցիալական պաշտպանության համակարգի անցած ուղու և ձեռքբերումների իմաստավորումը, սոցիալական պաշտպանության պետական համակարգի, արդի հիմնախնդիրների և զարգացման միտումների վեր հանումն ու քննարկումը, ինչպես նաև Հայաստանում սոցիալական պաշտպանության հիմնահարցերով զբաղվող կառույցների և ոլորտի առաջատար մասնագետների միջև համագործակցության ամրապնդումը:

    Ցանկանալով ցույց տալ սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումների առանձնահատկությունները նորանկախ Հայաստանի առաջին տարիներին` զեկույցներով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարարներ Աշոտ Եսայանը (1990-1995թթ.) և Ռազմիկ Մարտիրոսյանը (1999-2003թթ.): Առանձին թեմատիկ ելույթներով ներկայացան ԱՍՀՆ Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը, ԱՍՀ փոխնախարար Արայիկ Պետրոսյանը և այլք՝ հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական քաղաքականության մշակման համակարգում ներգրավված մասնագետներ, պրակտիկ սոցիալական աշխատողներ:

  Ոլորտի մասնագետներն անդրադարձան ՀՀ բնակչության սոցիալական պաշտպանության համակարգում պետական սոցիալական ծառայությունների դերին, համակարգում տեղի ունեցող գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորություններին, բնակչության կոնկրետ խմբերի սոցիալական պաշտպանության հիմնախնդիրներին և այլն:

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, ՀՀ սոցիալական ապահովության քաղաքականության պատմությունը կարելի է բաժանել որոշակի փուլերի, որոնք առանձնանում են իրենց գերակա ուղղություններով. անապահովության գնահատում, սոցիալական աջակցության ծրագրի վերաիմաստավորում,  և այժմ  աղքատության, գործազրկության, արտագաղթի հետ կախված խնդիրների լուծում:

 Գիտաժողովի յուրահատկությունը կայացավ նաև նրանում, որ զեկուցողների ելույթները «կարմիր թելի» պես հաջորդում էին միմյանց՝ ամբողջովին ներկայացնելով ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի պատմության զարգացման շղթան:

Հանդիպումը հիանալի հնարավորություն ընձեռեց զեկուցողներին վերհիշել իրենց՝ խոչընդոտներով լի անցած ուղին և արժևորել այդ ընթացքում նրանց նվիրյալ ուսուցիչների ունեցած որոշիչ դերը , վերաիմաստավորել  ստեղծած համահայկական սոցիալական արժեքներն ու

Գիտաժողովի արդյունքում ներկաների մոտ ևս մեկ անգամ ամրապնդվեց այն գիտակցումը, որ պետությունը կարող է գոյություն ունենալ միայն սոցիալական պաշտպանության ամուր համակարգ ստեղծելու պայմաններում: Հայը պետք է ժառանգի ամուր, պատմական փորձի վրա հիմնված առավել արդյունավետ սոցիալական համակարգ, որը նրան կապահովի ավելի բարեկեցիկ և երջանիկ կյանք:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ պրն. Արտեմ Ասատրյան

 Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր՝ պրն. Արամ Սիմոնյան

 

 

 

 

ՍԱՀԱ-ի նախագահն ու խորհրդի անդամները մասնակցել են Վիեննայում կայացած ուսումնական շրջայցին
2016 Մարտ 01

ՍԱՀԱ-ի երեք անդամեներ «Սոցիալական աշխատողների և նրանց ասոցիացիաների հզորացման միջոցով նպաստել արևելյան հարևանության երկրներում սոցիալական կայուն փոփոխությունների իրականացմանը» ընթացիկ ծրագրի շրջանակներում մասնակցեցին 2016թ.-ի հունվարի 11-ից 16-ը Վիեննայում անցկացվող ուսումնական շրջայցին: Վերջինիս նախաձեռնությունը պատկանում էր առաջնորդ գործընկերոջը՝  Hilfswerk Austria International-ին: 

 Ասոցիացիայի նախագահ՝ Միրա Անտոնյանը, վարչության և խորհրդի անդամներ՝ Մանանե Պետրոսյանն ու Նվարդ Մելքոնյանը ՍԱՀԱ-ի անունից մասնակցեցին ուսումնական շրջայցին Վիեննայում, որտեղ նրանց միացավ ՍԱՀԱ-ի փոխնախագահ՝ Սյուզաննա Ջուհարյանը: Ուսումնական շրջայցի ներկայացուցիչները 4 օրվա ընթացքում գործնական այցեր կատարեցին սոցիալական աշխատանքի  ակադեմիական և պրակտիկ բնույթի տարբեր կազմակերպություններ և հաստատություններ:

    Շրջայցի ընթացքում մասնակիցներին ներկայացրած սոցիալական ծառայությունների մատուցման որոշ մեթոդներ և կառուցվածքային մոտեցումներ բավականին տպավորիչ էին: Առաջինը, երեխաների ունիվերսալ խնամքի նպաստն է, որը կիրառվում է Ավստրիայում և Արևմտյան Եվրոպայի շատ երկրներում:Սոցիալական ապահովության այս վճարը տրվում է երեխաների ծնողներին և երբեմն՝ չափահաս երիտասարդներին: Բացի ունեցած դրական շահերից, նման համակարգը ընդլայնում է կարիքների վրա հիմնված սոցիալական աջակցության հայեցակարգը ստեղծելով ավելի ընդարձակ սոցիալական անվտանգության ցանց երկրի բոլոր քաղաքացիների համար:

ՍԱՀԱ-ի կարողությունների և ընդհանուր գործառնության զարգացման տեսանկյունից  ասոցիացիայի պատվիրակության անդամների համար բավականին տեղեկատվական էր ծանոթանալ Սոցիալական աշխատողների ավստրական ասոցիացիայի գոծունեության ընդհանուր բնույթին ու դրույթներին: Ավստրիական ասոցիացիան իր գործունեության շեշտը դնում է քաղաքականության մշակման վրա, մինչդեռ առանձին Trade Union-ը կենտրոնանում է հենց սոցիալական աշխատողների շահերի պաշտպանության վրա: Հայկական կողմը բարձր գնահատեց նաև ավստրական ասոցիացիայի անդամակցության լայն մասշտաբներն ու տեղավորման պրակտիկայի  ստանդարտների ստույգ վերահսկողությունը, որը կիրառելի կլինի նաև հայկական ասոցիացիայի գործունեության մեջ:

  Եվ վերջում, պատվիրակության անդամները այցելեցին ուղղակի ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպություններ, որտեղ նրանց հիացրեց շահառուներին ծառայություններ մատուցելու ինովացիոն մեթոդները: Մասնավորապես, Jugend am Werk-ի առաջարկող հետկրթական ծրագիրը հատուկ կարիքներ ունեցող չափահաս երիտասարդների համար կազմակերպում է մասնագիտական դասընթացներ՝ հիմնվելով թե՛ հաճախորդի հմտությունների, թե՛ աշխատաշուկայում սահմանված  պահանջների կարևորության ընդգծման վրա:

   Ուսումնական շրջայցի անցկացումը հիանալի հնարավորություն տվեց իմանալ սոցիալական աշխատանքի և սոցիալական աջակցության ինովացիոն մոդելների մասին, մշակել նոր մոտեցումներ այդ մոդելները տեղայնացնելու և լավագույն արդյունքին հասնելու համար:

   Մեր հատուկ շնորհակալությունն ենք հայտնում Նիքոլ Բայերին՝ ծրագրի ղեկավարին և  հարավային Կովկասի տարածաշրջանային համակարգողին, նման տեղեկատվական և ազդեցիկ ուսումնական շրջայց կազմակերպելու համար:

Սփյուռքի ներգրավման նորարական մոտեցումները՝ հանուն հայաստանցի երեխաների թեմայով քննարկմանը:
2016 Փետրվար 04

Այսօր ՍԱՀԱ նախագահ Միրա Անտոնյանը և ասոցիացիայի վարչության անդամ Մանանե Պետրոսյանը մասնակցեցին ՄԱԿ- ի մանկական հիմնադրամի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ՀՀ սփյուռքի նախարարության և «Առաքելություն Արևելք» կազմակերպության կողմից կազմակերպված «Սփյուռքի ներգրավման նորարական մոտեցումները և դրամական փոխանցումների օգտագործումը հանուն երեխաների բարեկեցության» թեմայով համաժողովին։ Համաժողովի մասնակիցները քննարկեցին սփյուռքի և միգրանտների ներուժի ներգրավման հնարավորությունները՝ Հայաստանում սոցիալական ոլորտի զարգացման և երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում: