ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի կայուն սոցիալական պետության
2017 Փետրվար 06

«Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան մեկնարկում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի կայուն սոցիալական պետության» ծրագիրը։ Ծրագիրը նախատեսված է երկու տարվա համար և կիրականացվի մինչև 2019թ․ հունվար ամիսը։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում բնակչության խոցելի խմբերի պաշտպանությանը՝ սոցիալական պաշտպանության ներկա համակարգի բարելավման միջոցով։ Ծրագրի թիրախում սոցիալական պաշտպանության համակարգի ընթացիկ բարեփոխումներն են հետևյալ ոլորտներում՝ համալիր սոցիալական ծառայություններ, երեխաների պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանություն, գենդերային հավասարություն։ Չնայած այն հանգամանքին, որ պետության կողմից շարունակվում են նշված ոլորտների բարեփոխումների իրականացումը, այնուամենայնիվ, մի կողմից սոցիալական ծառայությունների աշխատակիցները բավարար չափով տեղեկացված չեն ընթացիկ բարեփոխումների իրենց գործունեության, աշխատանքի վրա հնարավոր ազդեցության, մյուս կողմից՝ բնակչության շրջանում տեղեկացվածության պակաս կա գործող ծառայություններում հնարավոր փոփոխությունների մասին։ Ծրագրի գործողություններն ուղղված են մասնակցային, արդյունավետ և պատասխանատու միջավայրի ստեղծմանը, որտեղ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և քաղաքացիները կդառնան ընթացիկ բարեփոխումների անմիջական մասնակիցը՝ աջակցելով և վերահսկելով ողջ գործընթացը։

Մենք ակնկալում ենք բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ և նպաստել ՔՀԿ-ների՝ որպես պետության և քաղաքացիների միջև միջնորդի դերի ամրապնդմանը։ Հույս ունենք, որ ՔՀԿ-ները համապարփակ պատկերացում ունենալով սոցիալական քաղաքականության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների մասին կարող են ավելի արդյունավետ իրականացնել իրենց տրված դերը։ Մենք փորձելու ենք խթանել կանոնավոր հանդիպումները կառավարության պաշտոնյաների և քաղաքացիների միջև՝ քննարկելու սոցիալական բարեփոխումների իրականացման լավագույն փորձը։ Վստահ ենք, որ քաղաքացիների մասնակցությունը բարեփոխումների իրականացման գործընթացին կնպաստի գործընթացի հաշվետվողականության ու թափանցիկության ապահովմանը։

 

Ծրագրի մասին նորություններին կարող եք ծանոթանալ այցելելով մեր Ֆեյսբուքյան էջը։