ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Համաժողովի հայտարարություն․ ՈՐԱԿՅԱԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԱՇՎԵՏՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ՕՐԱԿԱՐԳ
2019 Մարտ 05

 

Յուրաքանչյուր սոցիալական պետության հիմքում իր քաղաքացիների արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի երաշխավորումն է: Այն անհնար է պատկերացնել առանց սոցիալական պաշտպանության արդյունավետ համակարգի գործառնման:

Մոտ քառորդդարյա պատմություն ունեցող սոցիալական պաշտպանության համակարգը մեր երկրում գտնվում է շրջադարձային փուլում: Ներկայումս նշանակալի ջանքեր են գործադրվում համակարգը դարձնելու մարդակենտրոն, մարդու իրավունքների վրա խարսխված և, որ ամենակարևորն է, խթանելու    մարդկանց ինքնանաբավ գործառնումը:

Ներկա փուլի հաջողությունները մեծամասամբ պայմանավորված են այն դիրքորոշումներով և լուծումներով, որոնք  առաջ կքաշվեն  ոլորտում այս կամ այն չափով ներգրավված շահագրգիռ կողմերի (պետական կառույցներ, կրթական հաստատություններ, ոչ պետական կազմակերպություններ և, իհարկե, մասնագիտական հանրույթ)   միջև կառուցողական երկխոսությունների արդյունքում:

Այս ողջ գործընթացում հիմնարար է սոցիալական աշխատողների դերը, ովքեր «առաջին գծի» մարտիկներ են և յուրաքանչյուր օր իրենց գիտելիքները, փորձն ու ջանքերը ներդնում են բնակչության ամենախոցելի խմբերի պաշտպանությունն ու աջակցությունը կազմակերպելու հարցում։ Միևնույն ժամանակ, բնակչության սոցիալական հիմնախնդիրների արդյունավետ և կայուն լուծումներն ուղղակիորեն կախված են սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալիզմի մակարդակից։ Գաղտնիք չէ, որ սոցիալական ծրագրերի և  ծառայությունների մասնագիտացված աշխատուժն է, որ հնարավորություններ է  ստեղծում  անգամ ոչ բավարար հասանելի ռեսուրսների պարագայում  ապահովել բնակիչներին որակյալ սոցիալական ծառայությունների մատուցումն այնպես, որ խթանվի մարդկանց` բարեգործական և հումանիտար աջակցությունից անկախ ակտիվ գործառնումը:

Հետևաբար, պետական և ոչ պետական սոցիալական ծառայություններում ներգրավված  կադրերի` սոցիալական աշխատանքի և հարակից մասնագիտությունների  ներկայացուցիչների    պրոֆեսիոնալիզացիան է այն կարճ ու արդյունավետ ուղին, որը թույլ կտա սոցիալական հիմնախնդիրների կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ հիմնարար և մնայուն արդյունքի հասնել։

Հաշվի առնելով վերոնշյալը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է  սոցիալական ոլորտում գործունեություն ծավալող, մասնագիտության զարգացման և սոցիալական ծառայությունների պրոֆեսիոնալիզացիայի հիմնախնդիրներով հետարքրքրված և այդ գործընթացում իրենց ներդրումը բերելու պատրաստակամություն հայտնած մասնագետներին` մասնակցելու  «Որակյալ սոցիալական ծառայություններ՝ հաշվետու սոցիալական պետություն. ձևավորվող օրակարգ»  խորագիրը կրող միջոցառումների շարքին:  Վերջին տաս տարիների ավանդույթին հավատարիմ, այս համաժողովը նվիրվում է Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվան: 

 

Համաժողովը բաղկացած է երկու մասից.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ.  ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՐԴՅՈ՞Ք  ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ | Սոցիալական աշխատողների մասնագիտական հանրույթի խորհրդաժողով - Մարտի 21

Սոցիալական աշխատողների մասնագիտական հանրույթի խորհրդաժողովի նպատակն է համախմբելով ոլորտում գործունեություն ծավալող կառույցների սոցիալական աշխատողներին մեկ հարկի տակ՝ միասնական մոտեցումներ ձևավորել սոցիալական աշխատողի տեղի և կարգավիճակի վերաբերյալ՝ տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում, քննարկել սոցիալական ծառայությունների և դրանցում փաստացի գործառնող աշխատուժի  պրոֆեսիոնալիզացիայի ուղիները։

ԽորհրդաԺողովի շրջանակներում տեղի կունենա նաև Ասոցիացիայի մարզային պատվիրակների ընտրություն, կձևավորվեն մասնագիտական խորհրդատվական խմբեր։

 

ՈՐԱԿՅԱԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԱՇՎԵՏՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ՕՐԱԿԱՐԳ | Գիտաժողով - ՄԱՐՏԻ 22

Գիտաժողովի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան ունկնդրելու ելույթներ ոլորտի պրոֆեսիոնալիզացիայի ուղիների և սոցիալական պաշտպանության կազմակերպման տարբեր մակարդակների` կանխարգելումից մինչև վերականգնում  սոցիալական ծառայությունների որակի ապահովման նախադրյալների վերաբերյալ, ինչպես նաև մասնակցելու սեկցիոն քննարկումներին` արտահայտելու սեփական դիրքորոշումները:

 

Խորհրդաժողովին և գիտաժողովին հրավիրված են   Ազգային ժողովի  պատգամավորներ, ԱՍՀՆ, ԿԳՆ, ՏԿՆ ղեկավարներ, ինչպես նաև  աջակցող միջազգային, դոնոր և սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Կազմակերպչական հարցեր

Բոլոր հետաքրքրված անձանց, ովքեր ցանկանում են մասնակցել վերը նշված միջոցառումներին, խնդրում ենք լրացնել մասնակցության հայտը՝ հետևյալ հղմամբ, մինչև ս․թ․ մարտի 13-ը, ժամը՝ 20:00-ն։

Տեղերի սահմանափակության պատճառով մասնակիցների ընտրությունը կկատարվի համաձայն լրացված հայտերի։

Իսկ եթե հետաքրքրված եք զեկույցով հանդես գալու գիտաժողովի ընթացքում, ապա խնդրում ենք լրացնել նաև զեկույցի ներկայացման հայտը՝ հետևյալ հղմամբ։ Գիտաժողովի հանձնաժողովի կողմից ընտրված զեկույցների հեղինակները ներկայացման մասին կտեղեկացվեն լրացուցիչ։ 

  

Ընտրված մասնակիցները միջոցառման վայրի և այլ մանրամասների մասին կտեղեկացվեն լրացուցիչ, մինչև ս.թ. մարտի 16-ը։

 

Ասոցիացիան հոգալու է մասնակիցների ճաշի և սուրճի ընդմիջումների ծախսերը, իսկ հեռու մարզերի դեպքում նաև ճանապարհածախսը։

 

Միացե՛ք մեզ, միասին ձևավորելու Հայաստանում  

սոցիալական ծառայությունների զարգացման  

արդյունավետ օրակարգը