ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Համայնքային սոցիալական աշխատողների կարողությունների զարգացում
2019 Փետրվար 08

 

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հավատարիմ մնալով սոցիալական ծառայությունների աշխատուժի կարողությունների զարգացման իր առաքելությանը, այս անգամ իրականացնում է վերապատրաստողների համար նախատեսված դասընթաց «Համայնքային սոցիալական աշխատանքի» թեմայով։

Դասընթացի նպատակն է ընդլայնելով սոցիալական ոլորտի մասնագետների գիտելիքները համայքային սոցիալական աշխատանքի վերաբերյալ, ընդլայնել այս թեմայով վերապատրաստողների շրջանակը։

Ինչպես, դասընթացի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը՝ բավականին կարևոր է նմանատիպ վերապատրաստումների իրականացումը, քանի որ գիտելիքի փոխանցումը իրապես փրկօղակ կարող է լինել ավելի արդյունավետ սոցիալական քաղաքականության և հետագա իրականացվելիք ծրագրերի համար։

Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Անի Մանուկյանը, Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԿ Երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։

ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Անի Մանուկյանը իր ողջույնի խոսքում արտահայտելով ԱՄՆ ՄԶԳ պատրաստակամությունը աջակցելու պետության կողմից իրականացվող բարեփոխումներին ասաց․ «Անգամ իդեալական համակարգը չի կարող աշխատել, եթե չունենք մարդկային կապիտալ։  Մեր նպատակն է հարստացնել մասնագիտական գանձարանը»։

Վորլդ Վիժն Հայաստան Երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը իր խոսքում կարևորելով սոցիալական պաշտպանության համակարգի ապակենտրոնացումը, նշեց․ «Մենք ցանկանում ենք աջակցել սոցիալական պաշտպանության համակարգի կայացմանը ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում, ահա թե ինչու հատկապես կարևորում ենք համայնքային սոցիալական աշխատողների դերի բարձրացումը»։

Ինչպես նշում է Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը․ «Սոցիալական աշխատանքի մասնագետների ներդրման տեսանկյունից երկիրը գտնվում է շատ կարևոր փուլում, մարդիկ կարիք ունեն պրոֆեսիոնալ, գրագետ աջակցության։ Շատ կարևոր է, որ դաշտ մտնի համայնքային սոցիալական աշխատողների հմուտ, գրագետ, իրազեկ բանակ, որովհետև սոցիալական աշխատանքում՝ ամենակարևոր սկզբունքը, չվնասելն է։ Հաշվի առնելով, որ այդ բանակում շատերը չունեն մասնագիտական կրթություն, նմանատիպ վերապատրաստումների նպատակը հենց այն օգնող հնարավորություններն են, որոնք օգնում են կիրառման մեջ դնել չվնասելու սկզբունքը։ Շատ հույս ունենք, որ դա կլինի ոչ միայն չվնասել, այլև խանդավառությամբ աշխատանք, մարդկանց օգնել, համակարգը վերջապես մարդակենտրոն, իրավունքակենտրոն դարձնելու նպատակով»։

Դասընթացն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների կողմից՝ Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԿ-ի հետ համագործակցությամբ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում։