ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

ՀՀ Սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների ուղեցույց
2017 Հոկտեմբեր 11

Սոցիալական պաշտպանության համակարգը յուրաքանչյուր պետությունում բնակչության սոցիալական բարեկեցության մակարդակի բարձրացմանն ու մարդկային կապիտալի զարգացմանը նպաստող կարևորագույն օղակներից մեկն է։ Ընդ որում, այն պաշտպանում է մարդկանց և խմբերի շահերն ու իրավունքները ոչ միայն կյանքի դժվարին իրավիճակներում, այլև փորձում կանխարգելել նման իրավիճակների առաջացման հավանականությունը՝ սոցիալական երաշխիքների և համապատասխան ծառայությունների  տրամադրման, բնակչության եկամուտների և ծախսերի կարգավորման, ինչպես նաև տարաբնույթ նպատակային սոցիալական ծրագրերի իրականացման միջոցով։  

Սա նշանակում է, որ սոցիալական պաշտպանության համակարգը վերաբերում և անդրադառնում է ողջ բնակչության խնդիրներին ու բարեկեցությանը, այդ իսկ պատճառով անդրադարձը այս ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին մեծ կարևորություն ունի։

Հատկանշական է, որ սոցիալական պաշտպանությունը հանդիսանում է ՀՀ պետական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, որի նպատակը համաձայն «Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» պետության կողմից երկրի բնակչության որոշակի ռիսկերին դիմագրավելու կամ որոշակի կարիքները հոգալու հնարավորությունների ընդլայնումն է։ Ըստ այդմ, նախատեսվում է համակարգը բարելավել այնպես, որպեսզի մի կողմից բարձրանա գործող ենթահամակարգերի արդյունավետությունը, ինչը նշանակում է ապահովել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի հասցեականությունը, թիրախային և նպատակային լինելը։  Մյուս կողմից, երկարաժամկետ հեռանկարում ենթադրվում է այնպիսի համակարգի կառուցում, որին բնութագրական կլինեն սոցիալական երաշխիքների համապարփակ տրամադրումն ու դրա միջոցով սոցիալական ռիսկերի էական նվազեցումն ու աղքատության կրճատումը։

Ներկայումս սոցիալական պաշտպանության համակարգում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումները ուղղված են հենց վերոնշյալ նպատակների իրականացմանն ու խնդիրների լուծմանը։  Արդյունքում, բարեփոխումներն մի կողմից ուղղված են ընդհանուր համակարգային, մյուս կողմից՝ նեղ ոլորտային խնդիրների լուծմանը։

Ներկա փուլում սոցիալական պաշտպանության համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակում կարելի է առանձնացնել բարեփոխումների 4-ը խոշոր ոլորտներ՝ համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների վերակազմակերպում, հաշմանդամության գնահատման նոր՝ ֆունկցիաների միջազգային դասակարգման, համակարգի ներդրում և ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական կարգավորում, որոնց էլ անդրադարձել ենք սույն ուղեցույցում։

Հաշվի առնելով վերոնշյալը, սույն ուղեցույցի նպատակն է համախմբել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունը և այն մատչելի լեզվով ներկայացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ՔՀԿ-ներին, քաղաքացիներին և բոլոր հետաքրքրված անձանց։ Ուղեցույցն այն գործիքն է, որը կօգնի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, և հատկապես ՔՀԿ-ներին արդյունավետորեն գործել ընթացիկ բարեփոխումների համատեքստում։