Սոցիալական աշխատողի գործառույթներին նման գործառույթներ իրականացնողների հզոր բանակ կա Հայաստանում. ՍԱՏԳ/Բ-ների, Զբաղվածություն, Երեխաների պաշտպանության բաժիններ,
այժմ արդեն նաև` համայնքային սոցիալական աշխատողներ, մանկատների, ցերեկային կենտրոների, ծերանոցների, վերականգնողական կենտրոնների և ոչ պետական բազմաթիվ ծառայությունների աշխատակիցները: Ասոցիացիայի հաշվարկներով խոսքը գնում է մոտ 4.000 մարդու մասին ... Մեծ բանակ է, իսկապես մեծ:
Շատերը ոլորտի նվիրյալներ են, պատրաստ փոփոխությունների, պատրաստ սովորելու և մարտահրավերները հաղթահարելու: Ոմանք պատահական անցորդներ են ոլորտում, իրենցը չէ, որևէ մասնագիտական մոտիվացիա չունեն այդտեղ գործելու, մի զգալի մասն էլ չի պատկերացնում, թե ի՞նչ կարելի է անել այս կերպ և ինչն՝ այլ կերպ...
Առաջին խումբը փոփոխություն է ուզում, կանոնակարգված դաշտ, պաշտպանված և ճանաչված, մասնագիտական ազատություն և անձնական պատասխանատվություն, ինչը սոցիալական աշխատանքի ողնաշարն է...
Երկրորդ խումբը առաջին իսկ հնարավորության կամ ճնշման պարագայում կթողնի ոլորտը, մեկ այլ տեղում համեղ պատառ որոնելու ակնկալիքով, իսկ երրորդ խումբը... հասկանալու կարիք ունի, թե ինքը ինչ ոլորտում է աշխատում, ինչպես ինքը ի վիճակի լինի հարգանքով ու հավատով վերաբերվել մարդկանց, ով աղքատությունից ու աղքատության մշակույթից է տառապում, ով իր կյանքի ձախողումներից ինքնուրույնաբար գլուխ չի հանում... Երրրորդ խումբը կարիք ունի հասկանալու` ինքն ու՞նի այդ դրական էներգիան փոխանցելու այդ մարդկանց, ունի այդ շփման արվեստը, էթիկական արժեհամակարգը, ինքը ի վիճակի է արդյո՞ք սեփական հոգսերից կտրվել, երբ գործ ունի ուրիշի հոգսերի հետ... Այլ խոսքով, այս մարդիկ կարիք ունեն յուրացնելու մասնագիտության ոչ միայն տառն ու կանոնը, այլ նաև ոգին կամ էլ հասկանալ, որ դա իրենցը չէ...
Կարծես թե այս ամենն այնպեեես համահունչ է դրական փոփոխությունների ներկա հոսքին կամ դրան ուղղված ջանքերին: Ոլորտը այլևս չի կարող չպրոֆեսիոնալիզացվել, այլևս տեղ չունենք և ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ հապաղելու...
Դրա համար մեզ նախ և առաջ օրենք է պետք . ՕՐԵՆՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ: Մենք առաջինն ենք սկսել, դարձյալ, խոսել ոլորտի աշխատուժի կանոնակարգման անհրաժեշտության մասին, առաջինն ենք պատրաստվել, սակայն դեռ չունենք այդ օրենքը, (հառաչանքով պետք է ասեմ, որ արդեն ուրիշներն ունեն, ինչևէ...):
Օրենքից կբխեն պրոֆեսիոնալիզացիայի համար անհրաժեշտ իրավական ակտերը, գործողությունները, ժամկետները: Աշխատուժի պրոֆեսիոնալիզացիան կարճաժամկետ ակցիա չէ, անշուշտ, բայց ոլորտի կանոնակարգված չլինելու պատճառով, այսօր, բազմաթիվ (ցավոք սրտի ոլորտին չսազող, իրենց վարքով ու բարքով սոցիալական բառն անգամ արատավորող) մարդկանց փոխարեն շարունակում են ոլորտ մտնել դարձյալ առանց կրթության, առանց պատրաստվածության մարդիկ, այսինքն, իրոք տեղապտույտ է և երբեք չի վերջանա այս տեղապտույտը, եթե օր առաջ չկանոնակարգենք, աշխատուժին առաջադրվող պահանջները չհստակեցնենք...
Մարտը սոցիալական աշխատանքի համար յուրահատուկ ամիս է:
Թեման կշարունակենք ծավալել «Սոցիալական աշխատանքի շաբաթվա» ընթացքում՝ մարտի 18-22-ին։
Հայտարարությունները շուտով հասանելի կլինեն Ասոցիացիացիայի պաշտոնական վեբկայքում և ֆեյսբուքյան էջում։
Հեղինակ՝ Մ․ Անտոնյան, ՀՍԱԱ նախագահ
Յուրաքանչյուր սոցիալական պետության հիմքում իր քաղաքացիների արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի երաշխավորումն է: Այն անհնար
է պատկերացնել առանց սոցիալական պաշտպանության արդյունավետ համակարգի գործառնման:
Մոտ քառորդդարյա պատմություն ունեցող սոցիալական պաշտպանության համակարգը մեր երկրում գտնվում է շրջադարձային փուլում: Ներկայումս նշանակալի ջանքեր են գործադրվում համակարգը դարձնելու մարդակենտրոն, մարդու իրավունքների վրա խարսխված և, որ ամենակարևորն է, խթանելու մարդկանց ինքնանաբավ գործառնումը:
Ներկա փուլի հաջողությունները մեծամասամբ պայմանավորված են այն դիրքորոշումներով և լուծումներով, որոնք առաջ կքաշվեն ոլորտում այս կամ այն չափով ներգրավված շահագրգիռ կողմերի (պետական կառույցներ, կրթական հաստատություններ, ոչ պետական կազմակերպություններ և, իհարկե, մասնագիտական հանրույթ) միջև կառուցողական երկխոսությունների արդյունքում:
Այս ողջ գործընթացում հիմնարար է սոցիալական աշխատողների դերը, ովքեր «առաջին գծի» մարտիկներ են և յուրաքանչյուր օր իրենց գիտելիքները, փորձն ու ջանքերը ներդնում են բնակչության ամենախոցելի խմբերի պաշտպանությունն ու աջակցությունը կազմակերպելու հարցում։ Միևնույն ժամանակ, բնակչության սոցիալական հիմնախնդիրների արդյունավետ և կայուն լուծումներն ուղղակիորեն կախված են սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալիզմի մակարդակից։ Գաղտնիք չէ, որ սոցիալական ծրագրերի և ծառայությունների մասնագիտացված աշխատուժն է, որ հնարավորություններ է ստեղծում անգամ ոչ բավարար հասանելի ռեսուրսների պարագայում ապահովել բնակիչներին որակյալ սոցիալական ծառայությունների մատուցումն այնպես, որ խթանվի մարդկանց` բարեգործական և հումանիտար աջակցությունից անկախ ակտիվ գործառնումը:
Հետևաբար, պետական և ոչ պետական սոցիալական ծառայություններում ներգրավված կադրերի` սոցիալական աշխատանքի և հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների պրոֆեսիոնալիզացիան է այն կարճ ու արդյունավետ ուղին, որը թույլ կտա սոցիալական հիմնախնդիրների կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ հիմնարար և մնայուն արդյունքի հասնել։
Հաշվի առնելով վերոնշյալը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է սոցիալական ոլորտում գործունեություն ծավալող, մասնագիտության զարգացման և սոցիալական ծառայությունների պրոֆեսիոնալիզացիայի հիմնախնդիրներով հետարքրքրված և այդ գործընթացում իրենց ներդրումը բերելու պատրաստակամություն հայտնած մասնագետներին` մասնակցելու «Որակյալ սոցիալական ծառայություններ՝ հաշվետու սոցիալական պետություն. ձևավորվող օրակարգ» խորագիրը կրող միջոցառումների շարքին: Վերջին տաս տարիների ավանդույթին հավատարիմ, այս համաժողովը նվիրվում է Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվան:
Համաժողովը բաղկացած է երկու մասից.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՐԴՅՈ՞Ք ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ | Սոցիալական աշխատողների մասնագիտական հանրույթի խորհրդաժողով - Մարտի 21
Սոցիալական աշխատողների մասնագիտական հանրույթի խորհրդաժողովի նպատակն է համախմբելով ոլորտում գործունեություն ծավալող կառույցների սոցիալական աշխատողներին մեկ հարկի տակ՝ միասնական մոտեցումներ ձևավորել սոցիալական աշխատողի տեղի և կարգավիճակի վերաբերյալ՝ տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում, քննարկել սոցիալական ծառայությունների և դրանցում փաստացի գործառնող աշխատուժի պրոֆեսիոնալիզացիայի ուղիները։
ԽորհրդաԺողովի շրջանակներում տեղի կունենա նաև Ասոցիացիայի մարզային պատվիրակների ընտրություն, կձևավորվեն մասնագիտական խորհրդատվական խմբեր։
ՈՐԱԿՅԱԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԱՇՎԵՏՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ՕՐԱԿԱՐԳ | Գիտաժողով - ՄԱՐՏԻ 22
Գիտաժողովի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան ունկնդրելու ելույթներ ոլորտի պրոֆեսիոնալիզացիայի ուղիների և սոցիալական պաշտպանության կազմակերպման տարբեր մակարդակների` կանխարգելումից մինչև վերականգնում սոցիալական ծառայությունների որակի ապահովման նախադրյալների վերաբերյալ, ինչպես նաև մասնակցելու սեկցիոն քննարկումներին` արտահայտելու սեփական դիրքորոշումները:
Խորհրդաժողովին և գիտաժողովին հրավիրված են Ազգային ժողովի պատգամավորներ, ԱՍՀՆ, ԿԳՆ, ՏԿՆ ղեկավարներ, ինչպես նաև աջակցող միջազգային, դոնոր և սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կազմակերպչական հարցեր
Բոլոր հետաքրքրված անձանց, ովքեր ցանկանում են մասնակցել վերը նշված միջոցառումներին, խնդրում ենք լրացնել մասնակցության հայտը՝ հետևյալ հղմամբ, մինչև ս․թ․ մարտի 13-ը, ժամը՝ 20:00-ն։
Տեղերի սահմանափակության պատճառով մասնակիցների ընտրությունը կկատարվի համաձայն լրացված հայտերի։
Իսկ եթե հետաքրքրված եք զեկույցով հանդես գալու գիտաժողովի ընթացքում, ապա խնդրում ենք լրացնել նաև զեկույցի ներկայացման հայտը՝ հետևյալ հղմամբ։ Գիտաժողովի հանձնաժողովի կողմից ընտրված զեկույցների հեղինակները ներկայացման մասին կտեղեկացվեն լրացուցիչ։
Ընտրված մասնակիցները միջոցառման վայրի և այլ մանրամասների մասին կտեղեկացվեն լրացուցիչ, մինչև ս.թ. մարտի 16-ը։
Ասոցիացիան հոգալու է մասնակիցների ճաշի և սուրճի ընդմիջումների ծախսերը, իսկ հեռու մարզերի դեպքում նաև ճանապարհածախսը։
Միացե՛ք մեզ, միասին ձևավորելու Հայաստանում
սոցիալական ծառայությունների զարգացման
արդյունավետ օրակարգը
Եթե ելնենք քաղած դասերից, ապա կարող ենք ամրագրել հետևյալը.
Ա. Մասնագիտական կադրերի հարցերի կարգավորված
չլինելը հանգեցնում է տեղապտույտի. ոլորտ շարունակվում են ընդունվել մարդիկ, ովքեր պատրաստված չեն այդ մասնագիտությամբ աշխատելու համար, ուստի վնասվում են թե՛ իրենք, թե՛ ոլորտը, թե՛ շահառուները, որ հատկապես կարևոր է: Մենք խախտում ենք մարդկանց` որակյալ սոցիալական ծառայություններ ստանալու` Սոցիալական խարտիայով ամրապնդված իրավունքը:
Բ. Շարունակելով այս չկանոնակարգված վիճակը, գրեթե ամլացնում ենք համալսարաններին, քանի որ իրենց թողարկած մասնագետները, թեև շատ անհրաժեշտ է, սակայն մուտք չունեն ոլորտի աշխատաշուկա։
Գ. Հասկանալով, որ սոցիալական ոլորտ լայն իմաստով չի նշանակում միայն սոցիալական աշխատող, ավելին, մյուս օգնող մասնագետները օդի ու ջրի պես անհրաժեշտ են ծառայություններում մարդկանց գրագետ օգնելու համար, (այնպես, որ մարդիկ այլևս ինքնուրույն գործառնեն, առանց պետության օգնության), սակայն բանալի դերը այդ մասնագիտության մեթոդաբանության մեջ է` դեպքի վարման, առանց որի սիներգիայի էֆեկտ չի առաջանում, աջակցությունը կտրտված է, չկանոնակարգված, սպոնտան և դա ռեսուրսների կորուստ է, այն էլ ինչպիսի կորուստ...
Դ. Սոցիալական ոլորտ նեղ իմաստով միանշանակ պահանջում է կրթությամբ սոցիալական աշխատողներ. մարդկանց հետ խոսելու, նրանց քաջալերելու, առաջնորդելու, ինքնաբավության մղելու արվեստին այդ մասնագետներն են տիրապետում, եթե պրոֆեսիոնալ են... մենք կշարունակենք խոսել, միայն խոսել, բայց ոչ գործել` աղքատության մասին, եթե ասպարեզ չբերենք իրական սոցիալական աշխատողներին...
Ե. Չափազաաաանց երկար է տևում ոլորտի պրոֆեսիոնալիզացիան... Այդ մասին քայլերը կարծես սկսել ենք դարձյալ տարածաշրջանում առաջինը, բայց ցավոք սրտի, ձևն ենք փորձում հարմարացնել պրոֆեսիոնալիզացիայի պահանջներին, ոչ թե բովանդակությունը. Օրինակ՝ 40-50 ժամ սոցիալական աշխատանքի մասին, դրա շուրջը և դրա վերաբերյալ խոսելուց հետո մարդկանց տալիս ենք սոցիալական աշխատողի որակավորում (սա անընդունելի խեղաթյուրում է, որին պետք է նոր կառավարությունը վերջ տա հնարավորինս շուտ..., լավ կլիներ` անմիջապես) և ակնկալում, որ նա մի կերպ գլուխ կհանի գնալով ոլորտ: Այդպիսով, թե՛ այդ մարդուն ենք դնում ռիսկային վիճակում և, թե՛ հատկապես այն մարդկանց, ովքեր կդիմեն այդ մարդուն` ակնկալելով աջակցություն...
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ․․․
Հեղինակ՝ Մ․ Անտոնյան, ՀՍԱԱ Նախագահ
Մարտը սոցիալական աշխատողների համար առանձնահատուկ ամիս է... Ամբողջ աշխարհում, գրեթե բոլոր երկրներում մասնագիտական ասոցիացիաները կազմակերպում
են քննարկումներ, ծավալում երկխոսություններ մասնագիտության, մասնագիտական կրթության, սոցիալական ծառայությունների մասնագիտացման ու սոցիալական քաղաքականության հարցերի շուրջ:
Հայաստանը տարածաշրջանում, ընդ որում ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև ամբողջ հետխորհրդային տարածքում առաջինն էր, որ սկսեց սոցիալական աշխատանքի կրթությունը Երևանի պետական համալսարանում, շնորհիվ պրոֆ. Լյուդմիլա Հարությունյանի, իսկ արդեն 1993-ին երկրում ներդրվեցին սոցիալական ծառայությունների տարածքային բաժինները:
Հայտնի աղետների պատճառով Հայաստան շտապեց միջազգային օգնությունը, սփյուռքը: Ստեղծվեցին մասնագիտացված սոցիալական աշխատանքի բազմաթիվ ծառայություններ: Այդ ծառայություններից որոշները ժամանակի ընթացքում փակվեցին ` մեր կարճատեսության պատճառով, որոշները դադարեցին գործել` մնալով առանց դրսի` սփյուքի ու միջազգային կազմակերպությունների ֆինանսական և տեղի, գոնե բարոյական, աջակցության... Բայց շատերը շարունակում են համառորեն գոյատևել, զարգանալ, նորերն են հիմնվում, շատ դրական օրինակներ կան, որոնցից նոր ծառայությունները ոգեշնչվում են և ստեղծվում դրանց, այսինքն, հայկական մոդելների հիմքի վրա: Մի օր հուսամ, կգրվի այս պատմությունը...
Հայաստանում հետաքրքիր իրավիճակ է այսօր. մի կողմից կարծես առաջինն ենք ձեռնարկել մարդկանց մասնագիտացված, գիտականորեն հիմնավորված մեթոդներով օգնության, այլ խոսքով` գրագետ օգնության գործընթացի կազմակերպումը բոլոր երեք բաղադրիչներում` կրթություն, ծառայությունների կազմակերպում և սոցիալական քաղաքականություն` համապատասխանաբար, սակայն մյուս կողմից բոլոր տեղերում գրեթե դեռ կես ճանապարհին ենք` կիսա- ներդրած, կիսա- կազմակերպած, կիսա-ճանաչված, կիսա-հասկացված, կիսա-նկատված, կիսա-կարևորված, կիսա-իրացված, կիսա- կանոնակարգված, կիսա-պաշտպանված, կիսա, կիսա, կիսա...
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ․․․
Հեղինակ՝ Միրա Անտոնյան, ՀՍԱԱ նախագահ
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հավատարիմ մնալով սոցիալական ծառայությունների աշխատուժի կարողությունների զարգացման իր առաքելությանը, այս
անգամ իրականացնում է վերապատրաստողների համար նախատեսված դասընթաց «Համայնքային սոցիալական աշխատանքի» թեմայով։
Դասընթացի նպատակն է ընդլայնելով սոցիալական ոլորտի մասնագետների գիտելիքները համայքային սոցիալական աշխատանքի վերաբերյալ, ընդլայնել այս թեմայով վերապատրաստողների շրջանակը։
Ինչպես, դասընթացի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը՝ բավականին կարևոր է նմանատիպ վերապատրաստումների իրականացումը, քանի որ գիտելիքի փոխանցումը իրապես փրկօղակ կարող է լինել ավելի արդյունավետ սոցիալական քաղաքականության և հետագա իրականացվելիք ծրագրերի համար։
Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Անի Մանուկյանը, Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԿ Երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։
ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Անի Մանուկյանը իր ողջույնի խոսքում արտահայտելով ԱՄՆ ՄԶԳ պատրաստակամությունը աջակցելու պետության կողմից իրականացվող բարեփոխումներին ասաց․ «Անգամ իդեալական համակարգը չի կարող աշխատել, եթե չունենք մարդկային կապիտալ։ Մեր նպատակն է հարստացնել մասնագիտական գանձարանը»։
Վորլդ Վիժն Հայաստան Երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը իր խոսքում կարևորելով սոցիալական պաշտպանության համակարգի ապակենտրոնացումը, նշեց․ «Մենք ցանկանում ենք աջակցել սոցիալական պաշտպանության համակարգի կայացմանը ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում, ահա թե ինչու հատկապես կարևորում ենք համայնքային սոցիալական աշխատողների դերի բարձրացումը»։
Ինչպես նշում է Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը․ «Սոցիալական աշխատանքի մասնագետների ներդրման տեսանկյունից երկիրը գտնվում է շատ կարևոր փուլում, մարդիկ կարիք ունեն պրոֆեսիոնալ, գրագետ աջակցության։ Շատ կարևոր է, որ դաշտ մտնի համայնքային սոցիալական աշխատողների հմուտ, գրագետ, իրազեկ բանակ, որովհետև սոցիալական աշխատանքում՝ ամենակարևոր սկզբունքը, չվնասելն է։ Հաշվի առնելով, որ այդ բանակում շատերը չունեն մասնագիտական կրթություն, նմանատիպ վերապատրաստումների նպատակը հենց այն օգնող հնարավորություններն են, որոնք օգնում են կիրառման մեջ դնել չվնասելու սկզբունքը։ Շատ հույս ունենք, որ դա կլինի ոչ միայն չվնասել, այլև խանդավառությամբ աշխատանք, մարդկանց օգնել, համակարգը վերջապես մարդակենտրոն, իրավունքակենտրոն դարձնելու նպատակով»։
Դասընթացն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների կողմից՝ Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԿ-ի հետ համագործակցությամբ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում։