ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Սյուզաննա Ջուհարյան
2016 Ապրիլ 09

       Սյուզաննա Ջուհարյանը 1992-1997 թթ-ին սովորել է ԵՊՀ Սոցիոլոգիայի, Հոգեբանության, Փիլիսոփայության ֆակուլտետի Սոցիոլոգիայի բաժնում և ստացել ավարտական դիպլոմ՝ սոցիոլոգ մասնագիտությամբ:
1999-2000 թթ-ին շարունակել է ուսումը ռուս–բրիտանական բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Մոսկվայի սոցիալական և տնտեսագիտական գիտությունների բարձրագույն դպրոցում՝ սոցիալական աշխատողի մասնագիտական կրություն ստանալու նպատակով, ինչը այդ տարիներին դեռևս հնարավոր չէր ՀՀ-ում: Ավարտելուց հետո ստացել է Մանչեստերի Համալսարանի կողմից սոցիալական գիտությունների մագիստրոսի կոչում և Մոսկվայի բարձրագույն դպրոցի՝ սոցիալական աշխատողի և սոցիալական աշխատանք դասավանդողի դիպլոմ:
Առաջին աշխատանքային փորձը ձեռք է բերել դեռևս ուսանողական տարիներին՝ նախ որպես սոցիոլոգ-հետազոտող՝ մասնակցելով տարբեր նախագծերում որպես սոցիալական հեռախոսային խորհրդատվություն տրամադրող՝ «Վստահություն» հեռախոսակենտրոնում: Խորհրդատվական աշխատանքին զուգահեռ մշտապես մասնակցել է ՀՀ-ում տարբեր սոցիալ-տնտեսական և սոցիալ-քաղաքական հետազոտություններում՝ որպես հետազոտող:
2000թ-ին, մագիստրատուրան ավարտելուն պես, աշխատանքի է ընդունվել ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոն՝ որպես դասախոս։ Դասավանդվող առարկաների, ինչպես նաև գիտական հետաքրքրությունների շրջանակը նվիրված է սոցիալական աշխատանքի զարգացման պատմությանն ու սոցիալական աշխատանքի տեսական հիմնահարցերին, առողջապահական ոլորտում սոցիալական աշխատանքին, սոցիալական աշխատողի դերի, գործառույթների և դեպքի վարման պրակտիկայի ներդրման և զարգացման հնարավորություններին սոցիալական տարբեր ծառայություններում, ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման հնարավորություններին:
Դասավանդման ընթացքում հանդիսացել է տարբեր մասնագիտական ձեռնարկների համահեղինակ, ինչպես նաև հեղինակային առարկայի և դասախոսական ձեռնարկի ստեղծող: Դրանցից են՝ Վալեոլոգիական վարքագիծ և ՄԻԱՎ վարակ. Դասախոսական նյութեր, Սոցիալական դեպքերի ժողովածու, Միջազգային սոցիալական աշխատանք և այլն:
Ս. Ջուհարյանը դասավանդման զուգահեռ մասնակցել է ՀՀ-ում սոցիալական քաղաքականության՝ մասնավորապես սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրերի մշակմանը, մասնագետների վերապատրաստմանը՝ հանդես գալով որպես հետազոտող, խորհրդատու և վերապատրաստող:
Ամենախոշոր ծրագրերից են «Սոցիալական աշխատող–2013. Վերապատրաստման ծրագիր», որտեղ նա հանդիսացել է հանրապետությունում պետական սոցիալական գործակալությունների աշխատակիցների մեկամյա վերապատրսատման ծրագրի մշակողը և փորձագետը, 2011-2012 թթ-ին «ՀՀ բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում տրամադրվող սոցիալական ծառայությունների միասնական փաթեթի և ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի կառուցվածքագործառութային մոդելի մշակում» ծրագրում եղել է փորձագիտական թիմի անդամ, 2014թ-ին հանդիսացել է «Նագաշյան մանուկների տուն» սոցիալական աջակցության կենտրոնի մասնագիտական թիմի ղեկավար/փոխտնօրեն, որտեղ իրականացրել է սոցիալ-հոգեբանական, կրթական և դաստիարակչական ծրագրերի կազմակերպումը և ղեկավարումը: Կենտրոնի նպատակն է առանց ծնողական խնամքի մնացած և հաստատությունում ապրելու փորձ ունեցած երիտասարդ աղջիկների ինտեգրումը հասարակություն:
Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին, սովորում է գերմաներեն: