ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Քնարիկ Գարանֆիլյան
2016 Մարտ 17

     Քնարիկ Գարանֆիլյանը 1979 թ-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը և ստացել է ինժեների որակավորում: Երկար տարիներ աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, որպես նախագծող, ապա վերամասնագիտացել է սոցիալական աշխատանքի ոլորտում՝ ավարտելով ԵՊՀ սոցիալական աշխատանքի հեռաուսուցման դասընթացը, ինչպես նաև ունի «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմության և քրիստոնեության» ուսուցչի որակավորում և աշխատանքային փորձ:
     1990 թ-ից աշախատել է տարբեր բարեգործական ՀԿ-ներում նախ որպես սոցիալական աշխատող, ապա նաև ծրագրերի ղեկավար, իսկ 2002 թ-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմի հրավերով և հովանավորությամբ հիմնադրել է Մեծամոր համայնքային կենտրոնը, ապա նաև «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է: Նա մշակել և ղեկավարել է բազմաթիվ ծրագրեր ֆինանսավորված Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի, Փի-Էյչ Ինթերնեշնլի, ԱՄՔՈՐ-Հայաստանի, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, ՔԶՀՀ և այլնի կողմից։
    «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպությունը իրականացնում է կյանքի դժվար իրավիճակում հայտնված (ԿԴԻՀ) ընտանիքների ամրապնդման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, օրենքի հետ խնդիր ունեցող և վարքային խնդիրներով երեխաների համար վերականգնողական աշխատանքներ, ինչպես նաև համայնքի զարգացմանն ուղղված ծրագրեր։ Տարեկան սպասարկվում է ավելի քան 150 ԿԴԻՀ երեխա և 130 ընտանիք։ Հատկապես մեծ հաջողություններ է գրանցել վարքային, ինչպես նաև օրենքի հետ խնդիր ունեցող երեխաների հետ աշխատանքում։
     «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն հայտնի է նաև իր «Փալանչո» մանկա-պատանեկան տիկնիկային թատրոնով, որը գործում է 2003 թ-ից և մեծ ճանաչում ունի հանրապետությունում, բազմաթիվ բարեգործական ներկայացումներով հանդես է եկել ՀՀ տարբեր մարզերում, սահմանամերձ գյուղերում, երեխաների խնամքի հաստատություններում, ծերանոցներում, Աբովյանի կանանց և անչափահասների քրեակատարողական հիմնարկում, Ստեփանակերտում և Բերձորում: 2005 թ-ից թատերախումբը մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության համահայկական և 2006 թ-ից Տիկնիկնային արվեստի գործիչների միջազգային միության Հայկական կենտրոնի կողմից կազմակերպված «Թումանյանական Հեքիաթի օր» միջազգային փառատոններին` արժանանալով պատվոգրերի:
    «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն մեծ դերակատարություն ունի ոչ միայն Մեծամոր համայնքում, այլև մյուս մարզում։ Պարբերաբար կազմակերպում է ընդլայնված մարզային և համայքային քննարկումներ ընտանեկան բռնության, երեխաների հիմնախնդիրների, շահառուների իրավունքների իրականացման վերաբերյալ:
Այն իր աշխատանքնային մոդելով հարստացնում է սոցիալական ծառայությունների դաշտը Հայաստանում, ունի իր ուրույն տեղը հայրենական ծառայությունների շրջանակում և որի կարևորագույն արդյունքներն են՝
սոցիալական ծառայությունների զարգացում.
սոցիալական ռիսկերի առաջացման, խնամքի հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելում.
անչափահասների շեղվող վարքի հաղթահարում և այդպիսի վարքային մոդելների առաջացման կանխարգելում.
ընտանիքներում բռնության դրսևորումների կանխարգելում ընտանիքների ամրապնդում և շահառուների բարոյահոգեբանական վիճակի փոփոխություն.
երեխաների ստեղծագործական ներուժի զարգացում և արտադպրոցական ժամանցի, մշակութային կյանքի կազմակերպում։
Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանի կողմից Ք. Գարանֆիլյանը արժանացել է շնորհակալագրի «ՀՀ Արմավիրի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած ավանդի» համար:
     Ք. Գարանֆիլյանը Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի վարչության և Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ է , Մեծամորի Խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողովի նախագահն է: Նա ակտիվ ներգրավված է նաև ազգային մակարդակում ընթացող օրենսդրական բարեփոխումների, նոր ռազմավարական ծրագրերի և հայեցակարգերի մշակման աշխատանքներում, հանդես է գալիս մամուլի ասուլիսներով։