Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հավատարիմ մնալով սոցիալական ծառայությունների աշխատուժի կարողությունների զարգացման իր առաքելությանը, այս
անգամ իրականացնում է վերապատրաստողների համար նախատեսված դասընթաց «Համայնքային սոցիալական աշխատանքի» թեմայով։
Դասընթացի նպատակն է ընդլայնելով սոցիալական ոլորտի մասնագետների գիտելիքները համայքային սոցիալական աշխատանքի վերաբերյալ, ընդլայնել այս թեմայով վերապատրաստողների շրջանակը։
Ինչպես, դասընթացի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը՝ բավականին կարևոր է նմանատիպ վերապատրաստումների իրականացումը, քանի որ գիտելիքի փոխանցումը իրապես փրկօղակ կարող է լինել ավելի արդյունավետ սոցիալական քաղաքականության և հետագա իրականացվելիք ծրագրերի համար։
Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Անի Մանուկյանը, Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԿ Երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։
ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Անի Մանուկյանը իր ողջույնի խոսքում արտահայտելով ԱՄՆ ՄԶԳ պատրաստակամությունը աջակցելու պետության կողմից իրականացվող բարեփոխումներին ասաց․ «Անգամ իդեալական համակարգը չի կարող աշխատել, եթե չունենք մարդկային կապիտալ։ Մեր նպատակն է հարստացնել մասնագիտական գանձարանը»։
Վորլդ Վիժն Հայաստան Երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը իր խոսքում կարևորելով սոցիալական պաշտպանության համակարգի ապակենտրոնացումը, նշեց․ «Մենք ցանկանում ենք աջակցել սոցիալական պաշտպանության համակարգի կայացմանը ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում, ահա թե ինչու հատկապես կարևորում ենք համայնքային սոցիալական աշխատողների դերի բարձրացումը»։
Ինչպես նշում է Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը․ «Սոցիալական աշխատանքի մասնագետների ներդրման տեսանկյունից երկիրը գտնվում է շատ կարևոր փուլում, մարդիկ կարիք ունեն պրոֆեսիոնալ, գրագետ աջակցության։ Շատ կարևոր է, որ դաշտ մտնի համայնքային սոցիալական աշխատողների հմուտ, գրագետ, իրազեկ բանակ, որովհետև սոցիալական աշխատանքում՝ ամենակարևոր սկզբունքը, չվնասելն է։ Հաշվի առնելով, որ այդ բանակում շատերը չունեն մասնագիտական կրթություն, նմանատիպ վերապատրաստումների նպատակը հենց այն օգնող հնարավորություններն են, որոնք օգնում են կիրառման մեջ դնել չվնասելու սկզբունքը։ Շատ հույս ունենք, որ դա կլինի ոչ միայն չվնասել, այլև խանդավառությամբ աշխատանք, մարդկանց օգնել, համակարգը վերջապես մարդակենտրոն, իրավունքակենտրոն դարձնելու նպատակով»։
Դասընթացն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների կողմից՝ Վորլդ Վիժն Հայաստան ՄԲԿ-ի հետ համագործակցությամբ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում։
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի փորձագետները մշտապես կարևորում են շփումը երիտասարդների հետ և շարունակում են իրենց
փորձն ու գիտելիքները փոխանցել նրանց։ Հերթական հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին, երիտասարդների խոցելիության նվազման և մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման վտանգների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվա=ծ «Թրաֆիքինգի դեմ պայքար ուսանողական մրցադաշտում» թեմայով գիտելիքների ծրագիր-մրցախաղի շրջանակներում:
Ծրագրի առաջին՝ նախատեղեկատվական փուլում, թեմայի վերաբերյալ դասախոսությամբ և փորձագիտական խորհրդատվությամբ հանդես եկան Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի վարչության անդամ Նունե Գեղամյանը:
Երիտասարդներին ներկայացվեց թրաֆիքինգի երևույթը, պատճառներն ու հետևանքները, խոսվեց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության, այս հարցի վերաբերյալ հասարակության իրազեկման կարևորության մասին։ Հատուկ անդրադարձ կատարվեց թրաֆիքինգի մասին կարծրատիպային պատկերացումներին և նրան, թե երիտասարդները որքանո՞վ են ռիսկային թրաֆիքինգի ենթարկվելու տեսանկյունից։ Քննարկում - դասախոսությունը ուղեկցվում էր ֆիլմի դիտումներով ու քննարկումներով։
Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, խոսելով ուսանողների և երիտասարդների հետ նման հանդիպում-քննարկումների կարևորության մասին, նշեց․ «Այսպիսի հանդիպումները նոր շունչ են բերում, թույլ են տալիս նոր հայացքով նայել արդեն իսկ գոյություն ունեցող իրողություններին։ Հույս ունեմ, որ դրանք կլինեն շարունակական և իրենց նպաստը կբերեն մեր երկրում սոցիալական հիմնախնդիրների կանխարգելման, դրանց մասին համապատասխան պատկերացումներ ձևավորելու գործում։ Նման ակտիվ և հետաքրքրված լսարանի առկայությունն այս տեսանկյունից իսկապես հուսադրող է»։
Դե իսկ յուրացված գիտելիքների մասին էր խոսում ծրագրի երկրորդ՝ մրցութային փուլը, որի ժամանակ առավելագույն միավորներ կուտակած առաջին երեք թիմերը՝ Ballard (38659), Traffickers (33497) և ASALA (33159) արժանացան մրցանակների և նվերների։ Նվերների թվում էր նաև Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից հրատարակված “Թրաֆիքինգ․ սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները թրաֆիքինգի զոհերի հետ” ուսումնական ձեռնարկը։
Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակնեում ձևավորված Հաշմանդամություն ունեցող
երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայի ձևավորումը, որի հիմնադիր անդամներից մեկը՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան էր։
Կոալիցիայի նպատակն է նպաստել Հայաստանում ներառական կրթության կայացմանը և հաշմանդամություն ունեցող երեխաների շահերի պաշտպանությանը՝ մեծացնելով ՔՀԿ-ների ազդեցությունը այս ոլորտի հանրային քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում:
Հիմնադիր ժողովի շրջանակներում կոալիցիան անդամակցող 33 կազմակերպություններ քննարկեցին կոալիցիայի կանոնակարգը, կազմվեց հիմնադիր խորհուրդը և հետագա համատեղ գործողությունների ծրագիրը:
Ասոցիացիան մշտապես կարևորելով սոցիալական ոլորտի տարբեր բնագավառներում սոցիալական ծառայությունների արդյունավետ մատուցումն ու դրանցում պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողների ակտիվ ներգրավվածությունը, կփորձի իր ներդրումն ունենալ կոալիցիայի կայացման գործում։ Կոալիցիային անդամակցելով ասոցիացիան իր աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնում նպաստելու ոլորտի զարգացմանը։