ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Մենք առաջինն էինք ․․․
2019 Մարտ 02

Մարտը սոցիալական աշխատողների համար առանձնահատուկ ամիս է... Ամբողջ աշխարհում, գրեթե բոլոր երկրներում մասնագիտական ասոցիացիաները կազմակերպում են քննարկումներ, ծավալում երկխոսություններ մասնագիտության, մասնագիտական կրթության, սոցիալական ծառայությունների մասնագիտացման ու սոցիալական քաղաքականության հարցերի շուրջ:

Հայաստանը տարածաշրջանում, ընդ որում ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև ամբողջ հետխորհրդային տարածքում առաջինն էր, որ սկսեց սոցիալական աշխատանքի կրթությունը Երևանի պետական համալսարանում, շնորհիվ պրոֆ. Լյուդմիլա Հարությունյանի, իսկ արդեն 1993-ին երկրում ներդրվեցին սոցիալական ծառայությունների տարածքային բաժինները:

Հայտնի աղետների պատճառով Հայաստան շտապեց միջազգային օգնությունը, սփյուռքը: Ստեղծվեցին մասնագիտացված սոցիալական աշխատանքի բազմաթիվ ծառայություններ: Այդ ծառայություններից որոշները ժամանակի ընթացքում փակվեցին ` մեր կարճատեսության պատճառով, որոշները դադարեցին գործել` մնալով առանց դրսի` սփյուքի ու միջազգային կազմակերպությունների ֆինանսական և տեղի, գոնե բարոյական, աջակցության... Բայց շատերը շարունակում են համառորեն գոյատևել, զարգանալ, նորերն են հիմնվում, շատ դրական օրինակներ կան, որոնցից նոր ծառայությունները ոգեշնչվում են և ստեղծվում դրանց, այսինքն, հայկական մոդելների հիմքի վրա: Մի օր հուսամ, կգրվի այս պատմությունը...

Հայաստանում հետաքրքիր իրավիճակ է այսօր. մի կողմից կարծես առաջինն ենք ձեռնարկել մարդկանց մասնագիտացված, գիտականորեն հիմնավորված մեթոդներով օգնության, այլ խոսքով` գրագետ օգնության գործընթացի կազմակերպումը բոլոր երեք բաղադրիչներում` կրթություն, ծառայությունների կազմակերպում և սոցիալական քաղաքականություն` համապատասխանաբար, սակայն մյուս կողմից բոլոր տեղերում գրեթե դեռ կես ճանապարհին ենք` կիսա- ներդրած, կիսա- կազմակերպած, կիսա-ճանաչված, կիսա-հասկացված, կիսա-նկատված, կիսա-կարևորված, կիսա-իրացված, կիսա- կանոնակարգված, կիսա-պաշտպանված, կիսա, կիսա, կիսա...

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ․․․

Հեղինակ՝ Միրա Անտոնյան, ՀՍԱԱ նախագահ