Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Արցախի Հանրապետությունում՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանում մեկնարկել է սոցիալական աշխատողների պատրաստման մագիստրոսական ծրագիրը

14.09.2021

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 14-ը պատմական օր էր։ Արցախի Մեսրոպ Մաշտոց Համալսարանում պաշտոնապես մեկնարկեց սոցիալական աշխատողների ուսուցման մագիստրոսական ծրագիրը, որն առաջին քայլն էր ուղղված Արցախում սոցիալական ոլորտի պրոֆեսիոնալ աշխատուժի ձևավորմանը։

Արցախում սոցիալական աշխատողների անհրաժեշտությունն առավել ակնառու դարձավ հատկապես պատերազմից հետո, երբ ի թիվս այլ խնդիրների նաև սրացան սոցիալական հիմնախնդիրները։ Ըստ այդմ, հրատապ դարձնելով Արցախում սոցիալական ծառությունների ձևավորման և աշխատուժի պատրաստման հարցը։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան գիտակցելով պահի կարևորությունը, մեկնարկեց սոցիալական աշխատանքի պարա-պրոֆեսիոնալների պատրաստման գործընթացը, ապա ձեռնամուխ եղավ նաև մագիստրոսական ծրագրի ներդրմանը, փորձելով ձևավորել մասնագիտության և սոցիալական ոլորտի զարգացման ինստիտուցիոնալ հիմքերը։

Ընդամենը 1,5 տարի անց, Արցախի սոցիալական պաշտպանության ոլորտ մուտք կգործեն սոցիալական աշխատողի բարձրագույն կրթությամբ առաջին մասնագետները, ովքեր նշանակալի ներդրում կբերեն ինչպես բնակիչների սոցիալական աջակցության, այնպես էլ սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության և ծրագրերի մշակման, սոցիալական ծառայությունների կառավարման, նոր ծառայությունների ձևավորման բնագավառներում։

Ծրագրի մեկնարկի արարողությանը  մասնակցում էին, ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչ Վաչե Վարդանյանը, Մեսրոպ Մաշտոց համալսարանի ներկայացուցիչներ և իհարկե սոցիալական աշխատանք մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի ուսանողների առաջին խումբը։

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ողջունելով մագիստրոսական ծրագրի ուսանողների առաջին խմբին նշեց. «Այս Ծրագրի շնորհիվ Դուք կկարողանաք ոչ միայն անմիջականորեն աշխատել մեր բնակիչների հետ սոցիալական աշխատանքի մոտեցումներով, այլ նաև դառնալ սոցիալական ոլորտի քաղաքականություն մշակողներ։ Շնորհակալ եմ բոլոր կողմերին այս նախաձեռնության և այն առաջ մղելու համար»։

«Մեր հասարակությունում ցանկացած մեկի մասնակցությունը շատ կարևոր է, որպեսզի կարողանանք առաջացած հետպատերազմյան խնդիրներին ճիշտ լուծումներ տալ։ Դուք պետք է հոգի դնեք, միայն հոգի դնելով կկարողանաք խնդիրը ամբողջությամբ հասկանալ և ճիշտ լուծումներ առաջարկել, ուստի այս բարդ աշխատանքում ձեզ հաջողություն ենք մաղթում և շնորհակալություն, որ ստանձնեցիք այս բարդ գործը»,- իր շնորհակալական խոսքում նշեց ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը։

«Այսօր մեր պետությունը կանգնած է բարդ քաղաքական և սոցիալական վիճակում, բայց ես ուզում եմ նշել կրթության կարևորագույն դերը այս իրավիճակից դուրս գալու գործում և ես կոչ եմ անում ուսանողներին ամենայն լրջությամբ վերաբերել այս հնարավորությանը։»,- իր խոսքում նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը։

 «Հայ կրթական հիմնարկությունը այսօր, պատերազմից հետո ավելի մեծ ուժերով է Արցախի կողքին, կցանկանամ նշել, որ այս Ծրագրի ֆինանսավորումը հնարավոր է դարձել միավորելով այն ռեսուրսները, որոնք ուղղվելու էին պատերազմից տուժած անձանց կրթաթոշակներին։ Սա շեշտում եմ, խնդրելով յուրաքանչյուր ուսանողի ավելի պատասխանատու լինեք իր աշխատանքում»,- կրկին շնորհավորելով ուսանողներին ելույթ ունեցավ Հայ կրթական հիմնարկության Արցախի ներկայացուցիչ Վաչե Վարդանյանը։

Եզրափակելով և ամփոփելով մեկնարկի արարողությունը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը նշեց․ «Արցախի Հանրապետությունում սոցիալական աշխատանքի հիմնարար կրթություն ունենալու գաղափարը շատ ավելի վաղ էր մեզ մոտ ծագել, այդ իսկ պատճառով սա նման է երազանքի կատարման։ Այսօր, ավելի քան երբևէ մենք կարիք ունենք ամրապնդելու մեր պետական ինստիտուտները, այդ թվում նաև սոցիալական ոլորտի։ Դրանք պետք է զարգանան ու կայանան, մենք այլ ճանապարհ չունենք։ Ուզում եմ հպարտանանք  այս հնարավորությունը ունենալու համար։ Համոզված եմ, որ ամեն տարի նոր ուսանողներ ենք ունենալու և մեր երկիրը ունենալու է պրոֆեսիոնալ մասնագետների հսկա բանակ»։

Միջոցառման ավարտին Մեսրոպ Մաշտոց համալսարան ընդունված 20 ուսանողներ ստացան ուսանողական տոմսեր և ստուգման գրքույկներ։

Մագիստրոսական ծրագրի ներդրումը հնարավոր է դարձել Արցախի կառավարության, Արցախի Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, Կրթության, գիտության սպորտի և մշակույթի նախարարությունների, Մեսրոպ Մաշտոց համալսարանի, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հետ սերտ համագործակցության և Հայ կրթական հիմնարկության ֆինանսական աջակցության շնորհիվ։

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին