Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Արտագնա դասընթաց մարզերում բնակվող երիտասարդների համար

14.11.2021

«Երիտասարդների ձայնը՝ հանուն սոցիալական զարգացման» խորագիրը կրող արտագնա դասընթաց Կոտայքի, Արմավիր և Արարատի մարզերի երիտասարդների մասնակցությամբ։

Նոյեմբերի 11-14-ը տեղի ունեցավ «Երիտասարդների ձայնը՝ հանուն սոցիալական զարգացման» խորագիրը կրող արտագնա դասընթաց Կոտայքի, Արմավիր և Արարատի մարզերի երիտասարդների մասնակցությամբ։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող  իրականացվող «Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սոցիալական ծառայությունների աշխատուժի և համայնքային կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացում և զգայունության բարձրացում» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 11-14-ը կազմակերպել է արտագնա դասընթաց նշված մարզերի՝ 14-16 տարեկան երիտասարդների մասնակցությամբ։

Դասընթացը նպատակ ունի երիտասարդների մոտ բարձրացնել բռնությունների կանխարգելման, իրավահավասարության, ինչպես նաև գենդերային խնդիրների մասին իրազեկվածությունը, գենդերային զգայունությունը և նրանց դարձնել դեսպաններ իրենց համայնքներում՝ վերը նշված խնդիրները բարձրաձայնելու և խթանելու համար։

Դասընթացի շրջանակներում երիտասարդներին փոխանցվում են գիտելիքներ առաջնորդության, համայնքային կազմակերպման, սոցիալական հիմնախնդիրների լուծման վերաբերյալ, ինչը նրանց կարող են օգտագործել իրենց համայնքներում, հասակակիցների շրջանում սոցիալական փոփոխություններ նախաձեռնելու և իրականացնելու գործընթացներում։

«Մեզ համար ամենակարևոր հանգամանքներից մեկը եղել է այն, որ ծայրահեղական պատկերացումներ չձևավորվեն երիտասարդների շրջանում՝ թե՛ սեռով պայմանավորված բռնության հետ կապված, թե՛ առհասարակ բռնության երևույթի հետ կապված։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք պետք է պատվիրակներ դառնան, մեզ համար առաջնային խնդիր է իրենց որոշակի հմտությունների փոխանցումը, որոնց կիրառումը պատանիներին օգնելու է հետագայում ինչպես իրենց համայնքում ինչ որ սոցիալական հիմնախնդիր բարձրաձայնելիս, այնպես էլ ավելի լայն շրջանակներում ադվոկացիոն գործողություններ իրականացնելու համար։  Առաջին փուլով դասընթացների ընթացքում մենք իրենց տրամադրում ենք այդ հմտությունների վերաբերյալ գիտելիքներ՝ փաստարկում, հռետորություն, իմիջ, խոսքի մշակույթ, ժեստերի, միմիկաների հետ կապված հմտություններ, իսկ երկրորդ փուլով անդրադառնում ենք կոնկրետ բուն թեմային՝ բռնությանը իր ողջ բացասական նկարագրով։ Ներկայացնում ենք և իրենց մոտ ձևավորում բռնության նկատմամբ բացասական վերաբերմունքը, որից էլ պետք է սկսվի իրենց մոտ պայքարելու ցանկությունը այս երևույթի դեմ»,- դասընթացի ավարտին իր դրական տպավորություններով կիսվեց դասընթացավար՝ Նվեր Կիրակոսյանը։

«Դասընթացի մասին տպավորություններս բացարձակ դրական են, ամենից շատ սիրել եմ ընկերասիրությունն ու ջերմ մթնոլորտը, ամենից շատ կարևորել և կարևորում եմ այս գիտելիքները, որոնք հիմա մենք վերցնելու և տանելու ենք մեզ հետ։ Դասընթացի ժամանակ այն միտքը, որ հնչեց ընկեր Արթուրի կողմից, որ ժողովուրդը՝ անհատներ են, այլ ոչ թե խումբ, ինձ համար շատ հզոր էր և ես կարծում եմ, որ հետագայում կօգտագործեմ այն։

Նախկինում ես մտածում էի, որ գաղափարները ուտոպիաներ են, իրենցից արժեք չեն ներկայացնում, բայց պարզվեց, որ գաղափարները շատ ահռելի օգուտ տվող բաներ են, եթե կարողնանք օգտագործել ճիշտ », - անկեղծորեն իր տպավորություններով կիսվեց Զորակ գյուղից Գարիկը (Արարատի մարզ, 17 տարեկան)։

«Դասընթացի վերաբերյալ տպավորություններս շատ լավն են, քանի դեռ չէին սկսել, չէի պատկերացնում, թե ինչեպես են անցնելու, հիմա շատ հագեցած է անցնում, բարձր տրամադրությամբ։ Կարծում եմ, որ այս դասընթացից ինձ կմնան ընկերները, որոնց հետ ծանոթացա այս ընթացքում։ Ես մեր համայնքում հատկապես կրթական ոլորտում շատ վատ մակավարժների եմ հանդիպել, փորձել եմ բարձրաձայնել շատ խնդիրենրը, բայց մինչև վերջ ձայնս չի հասել, հետագայում լռել եմ, քանի որ կողքս մարդ չկար ես մենակ էի պայքարում, այս ծրագրին մասնակցում եմ հենց նրա համար, որ կարողանամ հիմնախնդիրներ բարձրաձայնել և որ ամենակարևորն է լուծվի դրանք, ոչ թե օդում մնան»,- սոցիալական տարբեր հիմնախնդիրներ ներկայացրեց և կիսվեց իր տպավորություններով Միլենան։ (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, 15 տարեկան)։

 

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին