Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

«Սոցիալապես խոցելի բնակչության սոցիալական դեպքերի կառավարում և տնտեսական ինտեգրում» այց

19.02.2026

Ս․թ․ Փետրվարի 9-13-ը հյուրընկալեցինք Ուզբեկստանի և Տաջիկստանի սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին «Սոցիալապես խոցելի բնակչության սոցիալական դեպքերի կառավարում և տնտեսական ինտեգրում» խորագրով փոխանակման-ուսուցողական այցի շրջանակներում

2026 թվականի փետրվարի 9–13-ը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հյուրընկալեց Ուզբեկստանի և Տաջիկստանի սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին։ Ուսումնական այցի նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի Հանրապետությունում սոցիալական դեպքի վարման կիրառման փորձը, ինչպես նաև խոցելի բնակչության սոցիալական ներառման և ինքնաբավության խթանման մեխանիզմները։ Այցը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի սոցիալական պաշտպանության գրասենյակի նախաձեռնությամբ՝ Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։

Այցի շրջանակում պատվիրակությունները ծանոթացան Ասոցիացիայի կողմից՝ Համաշխարհային բանկի վարչական ղեկավարման ներքո և Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսաապահովման խթանման» ծրագրի արդյունքներին։ 

Ներկայացվեցին սոցիալական աշխատանքի շրջանակում կիրառվող՝ 

  • դեպքի վարման մոտեցումները, 
  • ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցման մոդելը, 
  • սոցիալական աշխատողների ինստիտուցիոնալ կարգավորումները, 
  • ինչպես նաև կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները։

Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջականորեն ծանոթանալու ծրագրի գործնական արդյունքներին։ Պատվիրակություններն այցելեցին ծրագրի շահառուների կողմից հիմնած փոքր բիզնեսները՝ տեղում դիտարկելով աշխատանքային տարածքները, ստեղծված պայմանները, տրամադրված աջակցությունից հետո կատարված փոփոխությունները և ձեռնարկությունների գործունեության ընթացքը։ Այցերի ընթացքում ներկայացվեցին բիզնեսների զարգացման պատմությունները, ֆինանսական և կազմակերպչական աջակցության կիրառման մեխանիզմները, ինչպես նաև սոցիալական աշխատանքի վարման բաղադրիչը։

Բացի այդ, կազմակերպվեց հանդիպում ծրագրի մի շարք շահառուների հետ հարցուպատասխանի ձևաչափով։ Պատվիրակությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ուղղակիորեն շահառուներից լսելու ծրագրի ազդեցության մասին՝ սոցիալական և տնտեսական վիճակի փոփոխության, եկամտի կայունացման, զբաղվածության ապահովման և ընտանիքների կենսամակարդակի բարելավման տեսանկյունից։ Այս ձևաչափը հնարավորություն տվեց գնահատելու ծրագրի արդյունավետությունը ոչ միայն վարչական և մեթոդաբանական մակարդակում, այլև շահառուի փորձի և արդյունքի հիման վրա։

«Ծրագիրը հնարավորություն տվեց ավելի շատ սովորել բիզնեսի և հենց մեր ոլորտի մանրուքների մասին, որը շատ մեծ ազդեցություն ունեցավ բիզնեսի առաջխաղացման գործում, և հնարավորություն տվեց ավելի ընդլայնվելու»

— Շահառուի մեջբերում

Ուսումնական այցի ընթացքում պատվիրակությունները հանդիպումներ ունեցան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի, Միասնական սոցիալական ծառայության պետ Ագնեսա Աղաբաբյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սարգսյանի և տնօրենի տեղակալ Եվգինե Վարդանյանի, «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի, ինչպես նաև նշված գերատեսչությունների այլ պատասխանատու ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում ներկայացվեցին սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության առաջնահերթությունները, գործող ծրագրերը և դրանց իրականացման ընթացքը, քննարկվեցին սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների ուղղությունները, միջգերատեսչական համագործակցության ձևաչափերը և փորձի փոխանակման հնարավորությունները։

Պատվիրակությունները նաև այցելեցին Միասնական սոցիալական ծառայության Աբովյանի և Վաղարշապատի տարածքային կենտրոններ՝ տեղում ծանոթանալով դեպքի վարման գործընթացների կազմակերպմանը, շահառուների գնահատման մեխանիզմներին և ծառայությունների մատուցման գործնական ընթացակարգերին։ Բացի այդ, իրականացվեցին այցեր մի շարք մասնագիտացված սոցիալական ծառայություններ՝ բռնության ենթարկված կանանց աջակցող «Կանանց Ռեսուրս Կենտրոն», հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված «Արևածագ» երեխաների խնամքի ցերեկային կենտրոն,«Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն, ինչպես նաև տարեցների աջակցության ծառայություններ՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա։ Այցերի նպատակն էր ապահովել փորձի խորացված փոխանակում և առավել մանրամասն ներկայացնել Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության համակարգի ծառայությունների կառուցվածքն ու գործառնական մեխանիզմները։

«Մենք հիացած ենք ծառայությունների որակի, մոտեցման ձևերի և նման բաց համագործակցությամբ։ Սա կարևոր ուղենիշ է, որը աշխատանքի արդյունավետության գրավականներից է»

—Մուհիդդին Հաբիբուլլո Խայրուլլոզոդա — Առողջապահության և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության նախարարի տեղակալ

Ուսումնական այցի շրջանակում Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը՝ ընդգծելով նման ձևաչափի համագործակցության կարևորությունը սոցիալական պաշտպանության ոլորտի շարունակական զարգացման և միջազգային գործընկերության ամրապնդման տեսանկյունից։

«Հայաստանի ընտրությունը լիովին հիմնավորված էր և չէր կարող պատահական լինել։ Երկրում ձևավորված է սոցիալական պաշտպանության ոլորտում հարուստ, համակարգված և գործնականում իրականացված փորձ, որն արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ, մեր երկրների սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ միջավայրերի միջև առկա են մի շարք ընդհանրություններ, որոնք այս փորձը դարձնում են կիրառելի և ադապտացվող։ Այցը հատկապես արժեքավոր էր նրանով, որ պատվիրակությունները հնարավորություն ունեցան ծանոթանալու ոչ միայն համակարգի կառուցվածքային տրամաբանությանը, այլև ծրագրերի նախագծման և իրականացման գործնական փուլերին, այդ թվում՝ մոնիթորինգի և գնահատման գործիքների կիրառման մեխանիզմներին»

Աննա Սուխովա՝ Սոցիալական պաշտպանության ավագ մասնագետ, Համաշխարհային բանկ Իվան Շուլգա՝ Սոցիալական պաշտպանության ավագ մասնագետ, Համաշխարհային բանկ

Պատվիրակությունների ներկայացուցիչների գնահատմամբ՝ այցը հնարավորություն ընձեռեց համապարփակ պատկերացում կազմելու Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի կառուցվածքի, գործառնական մոդելների և դեպքի վարման պրակտիկ կիրառման վերաբերյալ՝ միաժամանակ հիմք ստեղծելով սոցիալական պաշտպանության ոլորտում գիտելիքի փոխանակման, տնտեսական ակտիվացման մեխանիզմների զարգացման և հետագա համագործակցության զարգացման համար։

 

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին