Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

ՆԱԽԱԳԱՀ

Միրա Անտոնյանը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հիմնադիր-նախագահն է։

Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է, Երևանի պետական համալսարանի  Սոցիալական աշխատանքի և սոցիալական    տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ։ Դասավանդում է ԵՊՀ-ում, հրավիրյալ դասախոս է Եվրոպայի և հետխորհրդային մի շարք երկրների և     Ամերիկայի համալսարաններում։

2005 թվականից Մ․ Անտոնյանը հանդիսանում է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր   տնօրենը, նույն ժամանակահատվածում հիմնադրել և 10-ից ավելի տարիներ ղեկավարել է Հայաստանում Երեխաների պաշտպանության     ցանցը, որը միավորում է երեխաների պաշտպանության ոլորտի ավելի քան 30 կազմակերպությունների։

Մ․ Անտոնյանը էական ավանդ ունի Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման,  սոցիալական  ծառայությունների նոր մոդելների, մասնավորապես ճգնաժամային կենտրոնների, փոքր տան, խնամատար ընտանիքի ինստիտուտի,   ցերեկային կենտրոնների, ինտեգրված սոցիալական ծառայությունների, մշակման, սոցիալական ծառայությունների պրոֆեսիոնալիզացիայի,   ինչպես նաև սոցիալական աշխատանք մասնագիտության  զարգացման և մասնագետների իրավունքների պաշտպանության ոլորտներում։

Որպես սոցիալական պաշտպանության ոլորտի միջազգային փորձագետ նա նաև ներգրավված է եղել հետխորհրդային մի շարք երկրներում, մասնավորապես, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս, Աբխազիա, ընտանիքների և երեխաների պաշտպանության համակարգերի ներդրմանն ու բարելավմանն ուղղված ծրագրերում։

Արցախյան վերջին պատերազմից հետո էական ջանքեր է ներդրել Արցախում սոցիալական պաշտպանության նոր հայեցակարգի մշակման և Արցախում «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի, ինչպես նաև նոր սոցիալ-հոգեբանական ծառայությունների ներդրման աշխատանքներում։

Ներկայումս նրա ջանքերով ներդրվում են ընտանիքների աջակցության, մարդկանց ակտիվացման, խթանման տարբեր ծրագրեր` համագործակցելով բազմաթիվ կազմակերպությունների հետ: Այս ջանքերը ընթացքի մեջ են և շարունակական:

Վաթսունչորսից ավելի գիտական հոդվածների, մեթոդական ձեռնարկների, ուղեցույցների հեղինակ է։ Ստացել է համապետական մի շարք կոչումներ և պարգևատրումներ` ՀՀ Ազգային ժողովի և Կառավարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Երևանի պետական համալսարանի կողմից: Ինչպես նաև միջազգային պարգևատրումներ՝ Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի, Ֆրանսիայի, Իրանի և Ռուսաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիաների կողմից։