«Պատերազմ, մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք» խորագրով առաջին սոցիալական աշխատանքի միջազգային ֆորումը Արցախում
17.03.2022
Մարտի 15-ին տեղի ունեցավ «Պատերազմ, մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք» խորագրով առաջին սոցիալական աշխատանքի միջազգային ֆորումը Արցախում։
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և Արցախում Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ և Հայ Օգնության ֆոնդի ֆինանսական աջակցությամբ տեղի ունեցավ սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվա առթիվ առաջին միջազգային ֆորումը Արցախում։
«Պատերազմ, մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք» խորագրով ֆորումին առցանց միացել են սոցիալական աշխատանքի փորձագետներ տարբեր երկրներից՝ Ավստրիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Պորտուգալիայից, Իսրայելից, Իրանից, Կանադայից, ԱՄՆ-ից ու Եգիպտոսից, կիսվել են ճգնաժամային պայմաններում իրենց աշխատանքի փորձով։ Միջոցառմանը մասնակցել են ԵՊՀ պրոֆեսորա-դասախոսական կազմի, միջազգային և տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Ֆորումին ելույթներով հանդես եկան՝ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, 2016-2022 թթ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը, ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնլոգիաների ամբիոնի վարիչ Արտակ Խաչատրյանը, դասախոս՝ Սյուզաննա Ջուհարյանը, ինչպես նաև Սոցիալական աշխատողների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիայի Եվրոպական տարածաշրջանի նախագահ Անա Ռադուլեսկուն և այլոք:
Այս տարի բոլոր երկրների սոցիալական աշխատողները խորապես մտահոգված են պատերազմական գործողությունների հետևանքով տուժող մարդկանց ճակատագրերով, քանի որ ինքնին սոցիալական աշխատանքի արժեքները մարդու մասին են, մարդու շուրջ և հանուն մարդու …Ամբողջ աշխարհի սոցիալական աշխատողները լավ գիտեն, թե ինչպես են փոխվում ու խեղաթյուրվում հազարավոր, միլիոնավոր մարդկանց ճակատագրերը պատերազմների հետևանքով: Այս առումով, Արցախի բնակչությունը, ցավոք բացառություն չէ և շարունակում է տուժել առաջին հերթին կյանքի իրավունքի խախտման սպառնալիքներից:
Արցախի սոցիալական աշխատողները իրենք լինելով նույն խնդիրների կրողը` ինչ իրենց շահառուները, փորձում են բարձրաձայնել չդադարող պատերազմական գործողություններից տուժող մարդկանց խնդիրները: Նորաթուխ սոցիալական աշխատողները փորձում են հնարավորինս արձագանքել մարդկանց կարիքներին` հընթացս սովորելով, գործելով և համակարգային լուծումներ փնտրելով առկա խնդիրներին:
«Արցախում պատերազմից անմիջապես հետո ստեղծված սոցիալական աշխատողի ինստիտուտը մեկնարկել է ճիշտ կետից և նպատակաուղղված է մարդկանց տրամադրության փոփոխությանն ու կառուցողական մտքերի ամրապնդմանը»,- նշել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ, ՀՕՖ-ի՝ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը։

Ֆորումին իրենց պատմություններով են կիսվել նորաթուխ սոցիալական աշխատողները, միջազգային գործընկերներին ներկայացրել պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունները, որոնք, ցավոք, մինչ օրս մարդու իրավունքի բազմաթիվ խախտումների են հանգեցնում Արցախում։
