Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

«Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտության արդյունքների ներկայացում

21.10.2021

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հետազոտություն է իրականացրել, որը կօգնի հասկանալ, թե ինչ շեշտադրումներով պետք է օգնություն ցուցաբերվի արցախցիներին, ովքեր պատերազմի հետևանքով զրկվել են իրենց կացարանից և բնականոն կյանքից։

Երևանում հոկտեմբերի 21-ին ներկայացվեց և քննարկվեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ «Աննա Աստվածատրյան» հիմնադրամի, Ավրորա մարդասիրական կազմակերպության և ԱՔԹԵԴ միջազգային կազմակերպության ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ կատարված «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտության արդյունքները։ Հետազոտության նպատակն էր՝ պարզել պատերազմից տուժած արցախցի ընտանիքների ժողովրդագրական պատկերը և սոցիալ-տնտեսական կարիքները, պատերազմի պատճառած կորստի ծավալներն ու տեսակները, պատերազմական և հետպատերազմյան իրողությունների համատեքստում դրսևորվող տագնապներն ու դրանց տարածվածությունը և ապագայի պլանավորման համատեքստում արցախցիների մտադրությունները:

« Այս հետազոտությունը շատ կարևոր է մեզ համար՝ որպես հետպատերազմական Արցախում Սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից իրականացված առաջին մեծամասշտաբ նախաձեռնություն։ Մենք շնորհակալ ենք բոլոչ աջակիցներին, ովքեր հնարավոր դարձրին հետազոտության իրականացումը և՛ Արցախում, և՛ Հայաստանում։ Այն ինչ ունենք այսօր, շուրջ ինն ամիսների ամենօրյա աշխատանքի արդյունք է։ Սակայն կարևորն այն է, որ այս հետազոտությունը հնարավորություն կտա փաստահեն և ռազմավարական լուծումներ մշակել 55-օրյա պատերազմի թողած նշանակալի սոցիալ-տնտեսական և հոգեբանական հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ։ Արդյունքները փաստում են, որ այսօր ունենք իրավիճակ, երբ խախտվել են մարդկանց կյանքի բնականոն ընթացքն ու փոխել նրանց կյանքի կազմակերպման ռազմավարությունները։ Հետևաբար դրանց արձագանքման մեխանիզմների մշակումն ու ներդրումը կենսական նշանակություն ունեն այսօր և հենց հիմա»,- ասաց  Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։

«Պատերազմից տուժած քաղաքացիների վնասների փաստաթղթավորումը իր հերթին կարող է օգտակար բազա ծառայել նաև Հայաստանի Հանրապետության հետ մեր գործընկերների միջոցով Արցախի բնակչության խախտված տնտեսական և սոցիալական իրավունքների միջազգային ատյաններում ներկայացնելու և պաշտպանելու համար»,- ընդգծեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։

 «Նախաձեռնելով և աջակցելով այս հետազոտությանը, մենք նպատակ ունեինք նախ հստակ տվյալներ հավաքագրել տեղի ունեցածի մասին, ապա նաև փաստագրել յուրաքանչյուր տուժածի մասին ինֆորմացիան և կարողանալիրավական աջակցություն ցուցաբերել նրանց։ Մեզ համար շատ կարևոր էր Արցախյան պատերազմի պատմական փաստագրում իրականացնելը»,- իր խոսքում նշեց «Աննա Աստվածատրյան» հիմնադրամի նախագահ` Աննա Թերքոտ-Աստվածատրյան:

«Երբ նոր էինք սկսում հետազոտությունը, չէինք պատկերացնում, թե որքան մարտահրավերային է այն լինելու։ Պարզապես հավատում էինք, որ պետք է անել, որովհետև ինչ որ ձևով կարող ես նպաստել, որպեսզի Արցախում հետազոտության արդյունքներով ավելի ճիշտ ներդրումներ իրականացնեն։ Հետազոտության ամբողջ ընթացքում բազմաթիվ մարտահրավերներ են առաջացել և ես կարծում եմ, որ մեր թիմը բարեհաջող է հաղթահարել բոլոր խոչընդոտները»,- նշեց հետազոտության արդյունքները ներկայացնող, հետազոտական աշխատանքների համակարգող՝ Կարո Գևորգյանը։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Արցախից տեղահանված բնակչության 80 տոկոսը պատրաստ է վերադառնալ իր բնակավայր՝ կացարանի ապահովման և անվտանգության պահպանման դեպքում։

«Արցախը  վերաբնակեցնելը և շենացնելը Արցախյան հարցը սեղանին է պահելուհետազոտությունը միայն սկիզբն էր աշխատանքի, մենք շարունակելու ենք հետագա քայլեր ձեռնարկել և խնդիրների մասին բարձրաձայնել արդեն նաև միջազգային հարթակներում»,-իր խոսքը եզրափակեց Միրա Անտոնյանը։

 

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության ողջ տարածքում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով արձանագրվել են ծանր զինված բախումներ, ինչի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել և թիրախավորել են նախ խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ կյանքի անվտանգության խնդիր, վախերի, երկյուղի պատճառով հարկադրված էին լքել իրենց բնակավայրերը և ապաստան գտնել ՀՀ-ում։

Հետազոտություններն անցկացվել են առաջնային կարիքներ և առկա ռեսուրսներ, մարդկային կապիտալ և կորուստներ, ապագայի պլաններ և մտադրություններ և տագնապայնություն, անվտանգություն բաղադրիչների համադրմամբ։ Հայաստանում ապաստանված արցախցիների հետ հարցազրույցներն անցկացվել են ՏԻՄ-երի առկա արցախցիների և ձնակույտի մեթոդի կիրառմամբ, Արցախում՝ տուն առ տուն հերթականությամբ այցերով։

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ն (հիմնադրվել է 2004թ.) ավելի քան 1000 սոցիալական աշխատողներ միավորող մասնագիտական կառույց է: Ասոցիացիայի հիմնական նպատակներն են Հայաստանում սոցիալական աշխատանքի կրթության և պրակտիկայի զարգացումը, սոցիալական աշխատողների և նրանց շահառուների իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինչպես նաև ՀՀ-ում սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումներին նպաստելը:

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին