«Թրաֆիքինգի դեմ պայքար ուսանողական մրցադաշտ» խորագրով ծրագրի շրջանակներում իրենց փորձով կիսվեցին ՀՍԱԱ ներկայացուցիչները
19.12.2018
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի փորձագետները մշտապես կարևորում են շփումը երիտասարդների հետ և շարունակում են իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել նրանց։
Հերթական հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին, երիտասարդների խոցելիության նվազման և մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման վտանգների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Թրաֆիքինգի դեմ պայքար ուսանողական մրցադաշտում» թեմայով գիտելիքների ծրագիր-մրցախաղի շրջանակներում:
Ծրագրի առաջին՝ նախատեղեկատվական փուլում, թեմայի վերաբերյալ դասախոսությամբ և փորձագիտական խորհրդատվությամբ հանդես եկան Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի վարչության անդամ Նունե Գեղամյանը:
Երիտասարդներին ներկայացվեց թրաֆիքինգի երևույթը, պատճառներն ու հետևանքները, խոսվեց թրաֆիքինգի զոհերի պաշտպանության, այս հարցի վերաբերյալ հասարակության իրազեկման կարևորության մասին։ Հատուկ անդրադարձ կատարվեց թրաֆիքինգի մասին կարծրատիպային պատկերացումներին և նրան, թե երիտասարդները որքանո՞վ են ռիսկային թրաֆիքինգի ենթարկվելու տեսանկյունից։ Քննարկում - դասախոսությունը ուղեկցվում էր ֆիլմի դիտումներով ու քննարկումներով։
Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, խոսելով ուսանողների և երիտասարդների հետ նման հանդիպում-քննարկումների կարևորության մասին, նշեց․ «Այսպիսի հանդիպումները նոր շունչ են բերում, թույլ են տալիս նոր հայացքով նայել արդեն իսկ գոյություն ունեցող իրողություններին։ Հույս ունեմ, որ դրանք կլինեն շարունակական և իրենց նպաստը կբերեն մեր երկրում սոցիալական հիմնախնդիրների կանխարգելման, դրանց մասին համապատասխան պատկերացումներ ձևավորելու գործում։ Նման ակտիվ և հետաքրքրված լսարանի առկայությունն այս տեսանկյունից իսկապես հուսադրող է»։
Դե իսկ յուրացված գիտելիքների մասին էր խոսում ծրագրի երկրորդ՝ մրցութային փուլը, որի ժամանակ առավելագույն միավորներ կուտակած առաջին երեք թիմերը՝ Ballard (38659), Traffickers (33497) և ASALA (33159) արժանացան մրցանակների և նվերների։ Նվերների թվում էր նաև Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից հրատարակված “Թրաֆիքինգ․ սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները թրաֆիքինգի զոհերի հետ” ուսումնական ձեռնարկը։
