Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Հայաստանում սոցիալական ներառման եվ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառում

18.12.2020

Մեկնարկում է սոցիալական բարեփոխման եռամյա ծրագիր

Այսօր Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ազդարարել է սոցիալական պաշտպանության ոլորտի նոր՝ եռամյա ծրագրի մեկնարկը։ Ծրագրի նպատակն է խթանել աղքատությունից տուժող խոցելի խմբերի ինքնաբավ գործառումը՝ ակտիվացնելով նրանց և քաջալերելով նրանց  մասնակցությունը սոցիալ-տնտեսական կյանքին Հայաստանի հինգ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից՝ Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի (JSDF) միջոցով և իրականացվում է Համաշխարհային բանկի համակարգման ներքո։

Ծրագրի մեկնարկի արարողությանը մասնակցում էին   նախարարության, ասոցիացիայի,  Ճապոնիայի դեսպանատան, Համաշխարհային բանկի,  գործընկերներ տարբեր գերատեսչություններից և կազմակերպություններից ներկայացուցիչները։  Շուրջ 100 պետական պաշտոնյաներ, սոցիալական աշխատողներ, ոլորտի փորձագետներ ու գործընկեր կառույցների ներկայացուցիչներ օնլայն ռեժիմով հետևում էին միջոցառմանը` պահպանելով կորոնավիրուսի համաճարակի սահմանափակումները։ 

«Ծրագիրը երկու մեծ խնդիր ունի իր առջև դրված՝ բարեփոխումներ բերել սոցիալական աշխատանքի պրակտիկայում, որի արդյունքում ավելի արդյունավետ կդառնա խոցելի խմբերի հետ մասնագիտական աշխատանքը, և հնարավորություններ ստեղծել սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ապրող մարդկանց դուրս գալ աղքատության ճիրաններից»,- ներկայացնելով ծրագիրը՝ նշեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։

«Մեզ համար կարևորագույն առաջնահերթություններից են խոցելի ու աղքատության նվազագույն շեմից ցածր պայմաններում ապրող մարդկանց ակտիվացումը, նրանց ինքնաբավ կենսապայմանների խթանումը և սոցիալական աշխատանքի որակի բարելավումը»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը՝ հավելելով, որ եկող տարի շարունակվելու են բարեփոխումները սոցիալական պաշտպանության համակարգում, և հույս հայտնեց, որ Ծրագիրը իի ներդրումը կունենա սոցիալական դեպքի վարման պրակտիկայի զարգացման և շահառուների ձեռնարկատիրական գործունեության  խթանման տեսանկյունից։

 «Մեր գոհունակությունն ենք հայտնում, որ ծրագիրը մեկնարկում է Հայաստանի համար այսքան  դրամատիկ ժամանակաշրջանում։ Մենք ակնկալում ենք, որ ծրագիրը կխթանի  խոցելի խմբերի առավել սահուն ինտեգրմանը հասարակության մեջ՝ բարելավելով իրենց աշխատանքային հնարավորությունները»,-իր ողջույնի խոսքում նշեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն։

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական համագործակցության երկրորդ քարտուղար Ռիկա Օնոդեռան, որը ներկայացրեց դեսպան Ջուն Յամադանի ողջույնի խոսքը  «Մենք խորապես համոզված ենք, որ այս չափազանց կարևոր և ճիշտ ժամանակին իրականացվող նախագիծը նպաստելու է բարեկեցության մակարդակի բարձրացմանը և հասարակության անապահով մարդկանց կյանքի որակի բարելավմանը սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման և թիրախային խմբերի համար արհեստավարժ դասընթացների անցկացման միջոցով», - ընդգծել է դեսպանը:

Պանելային քննարկման ընթացքում մասնագետների կողմից ընգծվեց այն փաստը, որ 2020թ․-ի հետպատերազմյա շրջանն իր սոցիալ-տնտեսական հետևանքներով էլ ավելի մեծ մարտահրավեր է ստեղծել հայ հասարակության ու համապատասխան ինստիտուտների համար։ Առավել խոցելի են այն ընտանիքները, որտեղ կան երեխաներ, միայնակ մայրեր, հաշմանդամություն ունեցող անձինք և չունեն երկամուտի կայուն աղբյուր։ Վերջին երկու ճգնաժամերի՝ համաճարակի ու պատերազմի պատճառով իրավիճակը ավելի է սրվել։ Այս պայմաններում նոր հնարավորությունների ստեղծումն ու մարդկանց քաջալերելը դառնում են կենսական անհրաժեշտություն։

Հայաստանում առնվազն 700,000 մարդ ապրում է աղքատության վերին շեմից ցածր կենսապայմաններում։ Ակնկալվում է, որ նրանցից առնվազն 11,200 –ի կյանքի որակը կբարելավվի այս եռամյա ծրագրի արդյունքում։ Նշվում է, որ առնվազն 300 շահառու (40%՝ կանայք) կստանա փոքր դրամաշնորհ ($4000 յուրաքանչյուրը), որից առնվազն 225 բիզնես ծրագիր ինքնաբավ կլինի ծրագրի ավարտին։ 200 սոցիալական աշխատողներ՝ այդ թվում սոցիալական աջակցության տարածքային բաժինների դեպք վարողներ և համայնքային սոցիալական աշխատողներ, հնարավորություն կստանան յուրացնելու սոցիալական դեմքի վարման (case managment) հմտությունները։

Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը (JSDF) ստեղծվել է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ՝ որպես համապատասխան երկրներում առավել աղքատ և խոցելի խմբերին ուղղակի օգնություն տրամադրելու մեխանիզմ: Նպատակն է ընդլայնել նրանց կարողությունները, ուժեղացնել լիազորություններն ու մասնակցությունը հասարակության և տնտեսական կյանքում:


Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին