Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Ներառական ակտիվացմանն առնչվող հարցերի քննարկում փոխնախարարի հետ

07.09.2021

Ծրագրի սոցիալական աշխատանքի միջազգային խորհրդատուները Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ միասին հանդիպեցին ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ա․Ժամակոչյանի հետ:

«Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակում Հայաստանում են գտնվում ծրագրի միջազգային խորհրդատուներ, Ավստրիայի սոցիալական աշխատանքի ասոցացիայի գործադիր տնօրեն, Սոցիալական աշխատանքի ուսուցման և գնահատման կենտրոնի նախագահ Հերբերտ Պաուլիշչինը և Եվվրոպայի տարածաշրջանի սոցիալական աշխատանքի ֆեդերացիայի նախագահ Անա Ռադուլեսկուն։

Միջազգային խորհրդատուները տեղական մասնագետների հետ համագործակցությամբ մշակել են «Սոցիալական դեպքի վարման մեթոդաբանություն» ուղեցույցը և համապատասխան գործառնական ձեռնարկը։ Մշակված փաստաթուղթը մանրամասնորեն քննարկվել է  նախ օգոստոսի 31-ին կայացած աշխատաժողովի ընթացքում, ապա սեպտեմբերի 7-ին՝ Միասնական սոցիալական ծառայությունում կայացած աշխատանքային քննարկման ժամանակ։


Խորհրդատուները հանդիպում են ունեցել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի և ԱՍՀՆ կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների հարցերով խորհրդական Եվգինե Վարդանյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը և ծրագրի ղեկավար Ռուբեն Մարկոսյանը։

Միջազգային խորհրդատուները ներկայացրին իրենց տեսակետը սոցիալական աշխատանքի, մասնավորապես սոցիալական դեպքի վարման տարբեր խնդիրների, ինչպես նաև ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։ «Տպավորված եմ սոցիալական ծառայությունների և ակտիվացման  մոտեցման համադրման քաղաքականությամբ․ միջազգային փորձը ցույց է տալիս, որ անցումը ֆինանսական աջակցությունից դեպի համապարփակ սոցիալական ծառայություններ բարդ մարտահրավեր է, հետևաբար Հայաստանի ջանքերը կապ ստեղծելու սոցիալական նշանակության պասիվ ծրագրերի և զբաղվածության ակտիվ ծրագրերի միջև՝  գնահատելի է։ Նման մոտեցումը երկրներին թույլ է տալիս խուսափել շահառուների շրջանում  կախվածության սինդրոմից և մարդկանց կարիքներին համապատասխան հնարավորւթյուններ ստեղծել, որպեսզի նրանք իրենց կաողություններին համապատասխան ներառվեն աշխատաշուկա», -իր խոսքում նշեց Անա Ռադուլեսկուն։

Իրենց այցի ընթացքում միջազգային խորհրդատուները դասընթաց են վարել նաև սոցիալական աշխատանքի դասընթացավարների համար, որոնք առաջիկա մեկ տարվա ընթացքում աշխատելու են ծրագրում ներգրավված ավելի քան 200 սոցիալական աշխատողի հետ։ «Հայաստանում այս ոլորտի զագացումն ակնհայտ է,   սոցիալական աշխատողներից շատերն անցել են տարբեր վերապատրաստումներ, ինչն էական է երկրում սոցիալական աշխատանքը կայացնելու տեսանկյունից»,- շեշտեց Հերբերտ Պաուլիշչինը։

Անդրադառնալով սոցիալական դեպքի վարման՝ գործող ծրագրի շրջանակներում մշակված մեթոդական ուղեցույցին, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը նշեց, որ թեև ուղեցույցում նկարագրված են շահառուների ակտիվացման տարբեր մոդելներ, այդուհանդերձ, ելնելով օրենսդրական կարգավորման ներկա առանձնահատկություններից, ծրագրի ընթացքում կիրառվելու են առայժմ միայն  կամավոր ակտիվացման մեխանիզմները։   Կարևոր է համարվել հետագա զարգացումների համատեքստում ուղեցույցում նկարագրել ակտիվացման հարկադրական, աջակցային և այլ մոդելներ, հաշվի առնելով, որ հետագայում դրանք ևս կգործակվեն ոլորտում։ Շոշափվեցին նաև հարցեր, որոնք առնչվում են սոցիալական քաղաքականության, սոցիալական ծառայությունների ոլորտի հետագա զարգացումներին, մասնավորապես սոցիալական աշխատանքի և սոցիալական ծառայությունների կապին, սոցիալական ոլորտի աշխատուժի պրոֆեսիոնալիզացիային  և դրանց ապահովման համար անհրաժեշտ իրավական կարգավորումների ապահովմանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշեց, որ ներկա փուլում ոլորտում ընթանում են կարևոր բարեփոխումներ, վերանայվում են  սոցիալական աջակցության ռազմավարությունն ու օրենսդրությունը,  և այս  փուլում կարևոր է դիտարկել ինչպես տեղում կուտակված, այնպես էլ  արդի միջազգային փորձը։  Տիկին Ժամակոչյանը իր խոսքում կարևորեց ստեղծված փաստաթղթերի շուրջ ծավալված շահագրգիռ քննարկումները մասնագիտական հանրույթի կողմից և պատրաստակամություն հայտնեց բաց ձևաչափով հետագա քննարկումները խթանելու հարցում՝ արժևորելով մասնագիտական ասոցիացիայի դերակատարությունը այդ գործընթացում։

Միջազգային խորհրդատուները գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանում սոցիալական աշխատանքի ոլորտի արագ ընթացող բարեփոխումներին ակտիվորեն ներգրավված է մասնագիտական ասոցիացիան։

Քննարկվեցին նաև աղետների ժամանակ սոցիալական աշխատանքի մարտահրավերները, միասնական  սոցիալական ծառայությունների ներկա  խնդիրները և այս համատեքստում սոցիալական աշխատանքի պրոֆեսիոնալիզացիայի անհրաժեշտությունն ու սոցիալական աշխատողների աշխատանքային պայմանների բարելավման հարցերը։


Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին