Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Լոռու մարզպետարանում ներկայացվեց ծրագիրը

09.07.2021

Մարզային հանդիպումների շրջանակում քննարկվեցին սոցիալական աշխատողների վերապատրաստման և բշահառուների բիզնես դրամաշնորհների հարցերը, ինչպես նաև  ծարգրով նախատեսված այլ միջոցառումները

Լոռու մարզպետարանի դահլիճում մարզպետարանի պաշտոնյաների, համայնքների ղեկավարների, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի», Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված իրազեկման միջոցառման ընթացքում հայտարարվել է կարևոր դրամաշնորհային ծրագրի մասին:

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան» իրականացնում է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» դրամաշնորհային ծրագիրը։ Այն մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և իրականացվում է Համաշխարհային բանկի համակարգման ներքո՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտանեկան նպաստի համակարգում գրանցված, ինչպես նաև այդ համակարգից դուրս մնացած ընտանիքներին տրամադրել սոցիալական բազմաբնույթ ծառայություններ, հզորացնել նրանց հետ աշխատող սոցիալական ծառայությունների աշխատակիցների կարողությունները։

Լոռու մարզպետի անունից ներկաներին ողջունել և նման ծրագիր մեկնարկելու նախաձեռնության համար պատասխանատու կառույցներին շնորհակալություն է հայտնել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը: Նա պատրաստակամություն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացմանը:

Իր հերթին՝ ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով մասնակցության համար, ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացման և տեղայնացման, ինչպես նաև ձեռներեցության խթանման միջոցով բարելավել ավելի քան 11.000 քաղաքացիների սոցիալական վիճակը ՀՀ հինգ մարզերում՝ Լոռի, Արարատ, Արմավիր, Կոտայք և Շիրակ։

Ծրագրի ընթացքում կընտրվեն շահառու ընտանիքներ, որոնց համար հնարավորություն կստեղծվի ինքնուրույն հաղթահարել եկամտի աղբյուր ունենալուն խոչընդոտող խնդիրները և զարգացնել սեփական ձեռնարկատիրական հմտությունները։



Նախատեսվում է մշակել սոցիալական դեպքի վարման նոր մեթոդաբանություն, իսկ աղքատության հաղթահարումը փորձարկել ակտիվացման և ներառման հստակ նորարարական մեխանիզմներով, ինչը թույլ կտա ավելի պատրաստ և դիմացկուն լինել տարատեսակ սոցիալական ռիսկերին արձագանքելու գործընթացում։

«Մեր նպատակն է իրականացնել ամբողջական գործընթացը՝ սոցիալական աշխատողների համար դասընթացների կազմակերպումից մինչև գործիքների տրամադրում, ուղեկցում և ծրագրի հաջող ավարտ, կարիքավորների բարեկեցության ապահովում: Վերջնանպատակը պետք է լինի այն, որ կարիքավոր ընտանիքը դառնա ինքնաբավ: Նրանց համար պետք է ստեղծենք կայուն եկամտի աղբյուր ունենալու հնարավորություն»,- ասել է Մ. Անտոնյանը:

Ծրագրի ղեկավար Ռուբեն Մարկոսյանն իր հերթին ներկայացրել է, որ ծրագրով՝ շահառուներից կընտրվի ընդհանուր առմամբ 300 ընտանիք (ըստ շահառուների համամասնության ենթադրվում է, որ 50-60-ը կարող են լինել Լոռու մարզից), որոնց կտրամադրվի 4 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ՝ սեփական գործ հիմնելու համար։

Ծրագրի արդյունքում  նաև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների և համայնքային շուրջ 200 սոցիալական աշխատողներ հնարավորություն կունենան յուրացնելու և զարգացնելու սոցիալական դեպքի վարման մասին գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Մասնավորապես, սոցիալական աշխատողները կզարգացնեն դեպքի հետ անհատական աշխատանքի, կարիքահեն մոտեցումներով գործելու հմտությունները՝ այդպիսով բարձրացնելով շահառուներին մատուցվող ծառայությունների արդյունավետությունը։

Ըստ այդմ՝ սոցիալական պաշտպանության համակարգում կներդրվի այնպիսի մոտեցում, որը ենթադրում է համալիր և բազմակողմանի արձագանք խնդրահարույց իրավիճակներին՝ կանխարգելելով և հաղթահարելով մարդկանց իրավիճակի խոցելիությունը։ Ծրագրի ընթացքի վերաբերյալ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ ծավալվել է նաև ակտիվ քննարկում:

Հրապարակումը ամբողջությամբ՝ ըստ հանրային հեռուստատեցության «1lurer.am» կայքի և Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքի հրապարակման։



Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին