Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

«Սոցիալական դեպքի վարման մեթոդաբանություն» փաստաթղթի հիմնադրույթների քննարկմանը նվիրված աշխատաժողով

31.08.2021

Սոցիալական աշխատողների հանրույթին ներկայացվեց տեղական և միջազգային փորձագետների կողմից մշակված սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության փաստաթուղթը

Այսօր «Հայաստանում սոցիալական ներառման եվ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ կազմակերպված «Սոցիալական դեպքի վարման մեթոդաբանություն» փաստաթղթի հիմնադրույթների քննարկմանը նվիրված աշխատաժողովը:

Ծրագիրը իրականացվում է Համաշխարհային բանկի համակարգման ներքո՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի միջոցով):

Մեթոդաբանական ուղեցույցի նպատակն ինքնաբավ կենսապահովման խթանման միջոցառումների` սոցիալական աշխատողների առօրյա «աշխատանքի մշակույթի» մեջ ներմուծման համար անհրաժեշտ տեսամեթոդաբանական դրույթների շրջանակի ստեղծումն է։  Աշխատաժողովին մասնակցում էին նախարարության, ասոցիացիայի,  Ճապոնիայի դեսպանատան, Համաշխարհային բանկի,  գործընկերներ տարբեր գերատեսչություններից և կազմակերպություններից ներկայացուցիչներ։



«Սոցիալական դեպքի վարման մեթոդաբանություն» փաստաթղթի հիմնադրույթների քննարկմանը նվիրված աշխատաժողովին քննարկվեց սոցիալական դեպքի վարման հայտնի «դասական» մոդելները և ներկայացվեց մեթոդաբանական մոտեցում, որը թույլ կտա ծառայություններում ունենալ դեպքի 15 վարման առավել կիրառական մոդել` իմաստավորելով գործող պրակտիկան և հաշվի առնելով դրա փոփոխման հնարավոր ներուժը: Ինչպես նաև քննարկվեց մասնագիտական սահմանումների, եզրույթների հստակեցում մտցնելը և դրա շուրջ հանրույթում համաձայնության գալը։

«Ուրախ ենք, որ ունենք այս հնարավորությունը որպես ասոցացիա, մասնագիտական ներարկումներ անելու աշխատանքի նկարագրերի մեջ։ Այս ծրագրի հնարավությունն օգտագործելով փորձել հնարավորինս բարելավել, օգտակար լինել այն գործընթացներին, որ այսօր Հայաստանում տեղի է ունենում։ Այսօրվա հանդիպման նպատակն այդ ծրագրի շրջանակներում մշակված մեթոդաբանության ներկայացումն է հանրույթի դատին։ Ինչպես ենք իրականացնելու մարդկանց ակտիվացման գործընթացը՝ հենվելով բացառապես սոցիալական աշխատողների վրա, ովքեր այսօր աշխատում են միասնական սոցիալական ծառայություններում։ Սա նշանակում է ՄՍԾ-ների դերի ինստիտուցիոնալիզացիա։ Այս ամբողջ գործընթացն ուղղված է նրան, որ սոցիալական աշխատողները կարողանան իրենց գործը անել հնարավորինս արդյունավետ»,-իր բացման խոսքով ելույթ ունեցավ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։ Միջոցառմանը մասնակցում էին և ողջույնի խոսքով հանդես եկան Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի թիմի ներկայացուցիչ՝ Վահան Դանիելյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ՝ Աշոտ Գիլոյանը:  



«Շատ ուրախ եմ, որ կրկին անգամ հանդիպում եմ սոցիալական աշխատանքի համայքի հետ և այս անգամ նույնիսկ միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Մեր նպատակն անապահով ընտանիքներին աջակցելն է՝ դժվարին իրավիճակից ինքնուրույն քայլերով դուրս գալու և աղքատությունը հաղթահարելու գործընթացում։ Սոցիալական աշխատողների ամենօրյա աշխատանքի միջոցով ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված ընտանիքները ձեռք կբերեն նոր հմտություններ և կարողություններ, ինչպես նաև տնտեսական ռեսուրսներ՝ իրենց կյանքն առավել բարեկեցիկ ու արժանապատիվ դարձնելու համար։ Կարծում եմ, որ կունենանք օպտիմալ տեղայնացված, գործող մեթոդաբանության գործիքներ, որոնցով կաշխատեն ՄՍԾ-ների և համայնքային սոցիալական աշխատողները»,- իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

 «Սիրելի հյուրեր, սա մեծ պատիվ է ինձ համար մասնակից լինել սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության փաստաթղթի ներկայացմանն ուղղված աշխատաժողովին։ Նախորդ հանդիպմանը մասնակից եմ եղել և շատ տպավորված էի տեսնել ակտիվ քննարկոմներ պոտենցիալ շահառուների հետ և այսօր ես նույնկերպ տպավորված եմ՝ տեսնելով այսքան մարդկանց՝ միջազգային և տեղական փորձագետների, ովքեր իրենց մասնակցությունն են ունենում այս աշխատաժողովում։ Ես վստահ եմ, որ այս աշխատաժողովը կնպաստի ՀՀ-ում խոցելի մարդկանց բարեկեցության և սոցիալական պայմանների բարելավմանը, ինչպես նաև ակնկալում եմ զարգացում և պրոդուկտիվ աշխատանքային ընթացք» իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական համագործակցության երկրորդ քարտուղար Ռիկա Օնոդեռան։



Ծրագրի ղեկավար Ռուբեն Մարկոսյանը
ներկայացրեց նաև աշխատաժողովին ներկա Ծրագրի միջազգային խորհրդատուներին, նրանց փորձն ու նախկինում կատարած աշխատանքը: «Այս մեթոդաբանության շրջանակներում շատ կարևոր է հաշվի առնել մարդու ունակությունները և սոցիալական աշխատանքի զարգացման աստիճանը։ Շատ կարևոր է, որ համայնքային սոցիալական աշխատողները և ոլորտի այլ մասնագետներ կարողանան հստակ բաժանել դերերը և կարողանան կիրառել բոլոր այն գործիքներն ու մոտեցումները, որոնք մշակվել են»,- նշեց Եվրոպայի տարածաշրջանի սոցիալական աշխատանքի ֆեդերացիայի նախագահ՝ Անա Ռադուլեսկուն։ Ավստրիայի սոցիալական աշխատանքի ասոցացիայի գործադիր տնօրեն, Սոցիալական աշխատանքի ուսուցման և գնահատման կենտրոնի նախագահ` Հերբերտ Պաուլիշչինը ներկայացրեց, թե ինչ է սոցիալական աշխատանքը, ինչ է սոցիալական դեպքի վարումը և խոսեց ծրագրի կարևորության մասին։

Միջոցառման ընթացքում «Հայաստանում սոցիալական ներառման եվ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը սոցիալական աշխատանքի համատեքստում թեմայով՝ ելույթ ունեցավ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցացիայի վարչության անդամ, սոցիալական աշխատող՝ Տաթևիկ Կարապետյանը։

Միջոցառման ավարտին հարց ու պատասխանի միջոցով քննարկվեցին նոր մոտեցումներով մշակված սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության վերաբերյալ տարաբնույթ հարցեր, որոնց ակտիվ մասնակցում էին սոցիալական աշխատանքի հանրույթի ներկայացուցիչները և եզրափակելով միջոցառումը ասոցիացիան իր երախտագիտությունը  հայտնեց բոլոր փորձագետներին (միջազգային և տեղական)՝ ուղեցույցների մշակման գործընթացում ցուցաբերած մասնագիտական աջակցության համար, ինչպես նաև ակադեմիական հանրույթի և պրակտիկ ոլորտի աշխատակիցներին՝ արժեքավոր խորհուրդների և դիտարկումների համար։

Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը (JSDF) ստեղծվել է Ճապոնիայի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ՝ որպես համապատասխան երկրներում առավել աղքատ և խոցելի խմբերին ուղղակի օգնություն տրամադրելու մեխանիզմ: Նպատակն է ընդլայնել նրանց կարողությունները, ուժեղացնել լիազորություններն ու մասնակցությունը հասարակության և տնտեսական կյանքում:

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին