Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Եռօրյա վերապատրաստում սոցիալական աշխատողների վերապատրաստողների համար

28.08.2021

Սոցիալական աշխատողների վերապատրաստման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով միջազգային խորհրդատուները անցկացրեցին դասընթացավարների վերապատրաստման դասընթաց

Օգոստոսի 25-ից 27-ը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում սոցիալական ներառման եվ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ վերապատրաստում սոցիալական աշխատողների վերապատրաստողների համար, ովքեր ընտրվել են մրցութային հիմունքներով։

Վերապատրաստումը իրականացնում էր Ծրագրի միջազգային խորհրդատուներ՝ Հերբերտ Պաուլիշչինը և Անա Ռադուլեսկուն։ Վերապատրաստող սոցիալական աշխատողները հետագայում անցկացնելու են վերապաստրաստումներ և քոուչինգ ՀՀ հինգ մարզերի (Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռիի, Շիրակի) 200 պետական և համայնքային սոցիալական աշխատողների համար։

Դասընթացի ընթացքում ներկայացվեցին վերապատրաստումների իրականացման նորարարական մեթոդներ, ինտերակտիվ, խմբային աշխատանքների միջոցով քննարկվեցին դեպք վարողներին և համայնքային սոցիալական աշխատողներին անհրաժեշտ հմտությունների փոխանցման տեխնիկաներ։ Ինչպես նաև քննարկվեց, թե ինչպես ընդլայնել դասընթացավարի արդյունավետ վարքագծային դրսևորումներն ու բարձրացնել արդյունավետությունը, որպես դասընթացավար։

Սոցիալական դեպքի վարման մեթոդաբանությունը և սոցիալական աշխատողների կարողությունների ամրապնդումը նշանակալի ազդեցություն ունեն ծրագրի արդյունավետ իրականացման համար։ Սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության հիման վրա սոցիալական աշխատողները կկարողանան հնարավորինս բացահայտել շահառուների ռեսուրսները և գտնել նրանց ակտիվացման հնարավոր ուղիները։

«Այս ծրագիրն ուղղված է հասարակությունում խոցելի խմբերի սոցիալական ներառման և ակտիվացման վրա և ես կարծում եմ, որ այն շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև յուրաքանչյուր երկրի, յուրաքանչյուր հասարակության համար։ Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա հաջողակ դիրքում է աջակցություն ստանալու, նման ծրագիր իրականացնելու, խոցելի խմբերին աջակցող գործունեություն սկսելու համար։ Պատերազմից հետո Հայաստանը կանգնած է մեծ խնդիրների առաջ, սոցիալապես խոցելի խմբերը աճում են և կառավարությունը պետք է ինչ որ կերպ արձագանքի և իրավիճակին համապատասխան լուծումներ առաջարկի և ես շատ ուրախ եմ, որ այդ գործընթացում ներգրավված են սոցիալական աշխատողներ, ովքեր միտված են բարելավել սոցիալական ծառայությունների որակը և, իհարկե, կարևոր է նշել, որ տեղական իշխանությունների հետ համագործակցությունը լավագույն միջոցն է այն իրագործելու համար։ Մենք առաջին անգամ չենք համագործակցում հայ սոցիալական աշխատողների հետ։ Ինձ համար նրանք շատ մեծ փորձ և գիտելիքներ ունեցող գործընկերներ են և այն, թե ինչ կարող ենք ավելացնել բացի որոշ տեխնիկաներից, գործիքներից և հմտություններից, դա՝ քննարկումն է, թե ինչպես հասկանալ դեպքի վարման փիլիսոփայությունը, ինչպես առաջատար լինել գործի մեջ, ինչպես նաև կարևորել մասնագիտական արժեքների և էթիկական սկզբունքների նկատմամբ հարգանքը»,- իր խոսքում նշեց Ավստրիայի սոցիալական աշխատանքի ասոցացիայի գործադիր տնօրեն, Սոցիալական աշխատանքի ուսուցման և գնահատման կենտրոնի նախագահ` Հերբերտ Պաուլիշչինը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից՝ Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի (JSDF) միջոցով և իրականացվում է Համաշխարհային բանկի  համակարգման ներքո։

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին