Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի Մենթոր-մասնագետի (խեցեգործություն / կավագործություն) ընտրության հայտարարություն

13.11.2026

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան (ՀՍԱԱ) հայտարարում է մրցույթ Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի համար՝ «Մենթոր-մասնագետ՝ մշակութային/արթ-թերապևտիկ ուղղությամբ (խեցեգործություն / կավագործություն)» մասնագետի ընտրության նպատակով S06/-AASW-2026

  • Հաստիք՝ Մենթոր-մասնագետ՝ մշակութային/արթ-թերապևտիկ ուղղությամբ (խեցեգործություն / կավագործություն)

  • Աշխատանքի վայր՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի (Մարտունու երեխաների ցերեկային կենտրոն կամ գործընկեր կառույցի արվեստանոց)

  • Հաշվետու է՝ Ծրագրի սուպերվիզորին և ծառայության համակարգողին

  • Աշխատանքի տևողությունը՝ 17.նոյեմբեր.2026 – 28.փետրվար.2027

ԿԵՆՏՐՈՆԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Մարտունիում «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում փորձարկվող նորարարական ծառայության մոդելների շրջանակում փնտրում է մենթոր-խեցեգործի։

«Համայնքային ինտեգրման թերապևտիկ մոդել հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ համակցված համայնքային բազմամասնագիտական ծառայությունների հետ» մոդելում՝ ծառայության նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող և/կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 3–18 տարեկան երեխաների սոցիալական վերականգնմանը, հոգեհուզական կայունացմանը և համայնքային կյանքին ինտեգրմանը՝ կրթամշակութային և արթ-թերապևտիկ միջոցառումների միջոցով։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Կազմակերպել և վարել գործնական խեցեգործական/կավագործական պարապմունքներ շահառու երեխաների հետ (շաբաթական 1 անգամ՝ 1.5 ժամ տևողությամբ՝ համաձայնեցված գրաֆիկով) գործընկեր կրթամշակութային կառույցի տարածքում կամ արվեստանոցում։

  • Ներգրավել երեխաներին կավի ընտրության, հունցման, ձևավորման (ձեռքով կամ բրուտագործական անիվով), նախշազարդման, չորացման, թրծման նախապատրաստման և ներկման աշխատանքներում՝ հաշվի առնելով նրանց ֆունկցիոնալ կարողություններն ու անվտանգության պահանջները։

  • Հարմարեցնել խեցեգործական գործունեությունը յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքներին, զգայական առանձնահատկություններին և անհատական աջակցության պլանով սահմանված նպատակներին։

  • Աստիճանաբար խթանել երեխայի ինքնուրույնությունը՝ նպաստելով պատասխանատվության ստանձնմանը, սկսած աշխատանքն ավարտին հասցնելուն և սեփական ձեռքով ստեղծված արդյունքը տեսնելուն։

  • Խեցեգործական գործընթացի միջոցով զարգացնել երեխայի մանր մոտորիկան, ուշադրության կենտրոնացումը, համբերությունը, ստեղծագործական մտածողությունը, ինչպես նաև հաղորդակցման և խմբում համագործակցելու հմտությունները։

  • Ապահովել երեխայի մասնակցությունը ստեղծագործական ամբողջական շղթային՝ «գաղափար և նյութի ընտրություն – ձևավորում – մշակում – ավարտուն իրի ստացում» տրամաբանությամբ։

  • Անհրաժեշտության դեպքում՝ ըստ ծրագրի ձևաչափի, ներգրավել նաև երեխայի ընտանիքի անդամներին բաց դասերի կամ համատեղ ստեղծագործական փորձառության ընթացքում։

  • Համագործակցել բազմամասնագիտական թիմի (հոգեբանի, էրգոթերապևտի, լոգոպեդի, սոցիալական աշխատողի և ծառայության համակարգողի) հետ՝ հասկանալու երեխայի հոգեհուզական, վարքային և հենաշարժողական առանձնահատկությունները և դրանց համապատասխանեցնելու աշխատանքային մեթոդները։

  • Մասնակցել թիմային ընդլայնված քննարկումներին (առնվազն ամիսը 1 անգամ)՝ ներկայացնելով երեխայի առաջընթացը, դժվարություններն ու առաջարկելով գործունեության բարդության կամ ձևաչափի փոփոխություններ։

  • Ապահովել արվեստանոցում երեխայի ֆիզիկական անվտանգությունը՝ բացառելով վնասվածքների ռիսկը և կիրառելով երեխաների տարիքին ու կարողություններին համապատասխան անվտանգ գործիքներ ու էկոլոգիապես մաքուր նյութեր։

  • Վարել երեխայի մասնակցության, ձեռքբերումների և դիտարկվող փոփոխությունների վերաբերյալ համառոտ գրառումներ և փոխանցել թիմին՝ աջակցության պլանի պարբերական վերանայման նպատակով։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

  • Մենթոր-խեցեգործը չի իրականացնում կավագործական աշխատանքը միայն որպես արհեստի կամ մասնագիտական ուսուցում։ Խեցեգործությունը դիտարկվում է որպես երեխայի սոցիալ-վերականգնողական, զգայական (սենսոր), մանր մոտորիկայի և հոգեհուզական զարգացման թերապևտիկ միջոց։

  • Յուրաքանչյուր երեխայի ներգրավման ձևը, աշխատանքի տեսակը և բարդության մակարդակը սահմանվում են ծառայության բազմամասնագիտական թիմի կողմից՝ երեխայի կարիքների գնահատման և անհատական աջակցության պլանի հիման վրա։

  • Մենթորը պարբերաբար թիմին է փոխանցում երեխայի գործնական վարքի, մասնակցության, համագործակցության և առաջընթացի վերաբերյալ դիտարկումները, որոնց հիման վրա թիմն անհրաժեշտության դեպքում վերանայում է աջակցության նպատակներն ու միջոցառման ձևաչափը։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Գործնական փորձ և մասնագիտական հմտություններ խեցեգործության, կավագործության կամ դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտում։

  • Անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի (արվեստանոց, թրծման վառարան, համապատասխան գործիքներ և հարմարեցված միջավայր) առկայությունը կամ գործընկեր կառույցի տարածքում աշխատելու հնարավորությունը։

  • Երեխաների (մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող կամ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների) և ծնողների հետ համբերատար, հարգալից ու ներառական հաղորդակցման հմտություններ։

  • Բազմամասնագիտական թիմում համագործակցելու, մասնագիտական խորհրդատվությունն ընդունելու և իրավիճակային ճկուն որոշումներ կայացնելու կարողություն։

  • Բարձր պատասխանատվություն, գաղտնիության և մասնագիտական էթիկայի նորմերի խստիվ պահպանում։

  • Առավելություն կդիտվի արթ-թերապիայի, սոցիալական ծառայությունների մատուցման և/կամ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ ոչ ֆորմալ կրթական դասընթացներ վարելու փորձը։

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը (կամ համապատասխան փորձառության նկարագիրը) procurement@aasw.org էլ․ հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը («Մարտունի - Մենթոր-խեցեգործ-S05/03-AASW-2026»)։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 25.11.2026թ.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսնել ավելին