ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՉ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՏԱՆԳՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ
05.08.2023
Ի ուշադրություն մարդասիրական և երեխաների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների:
Մինչ Դուք կարդում եք այս տողերը, Արցախում (Լեռնային Ղարաբաղ) ապրող յուրաքանչյուր երեխա կյանքի ու մահվան կռիվ է տալիս:
Մինչ Դուք կարդում եք այս տողերը, Արցախում ապրող բազմաթիվ երիտասարդ մայրեր չեն հասցնում առաջին անգամ գրկել իրենց երեխաներին:
Մենք՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպություններս, մեր ձայնն ենք բարձրացնում ի լուր երեխաների հարցերով մտահոգ միջազգային կազմակերպությունների և ողջ պատասխանատվությամբ հայտարարում, որ այլևս հապաղելու ժամանակ չկա, Արցախում ապրող 30,000 երեխայից յուրաքանչյուրի կյանքը հենց Ձեր ձեռքերում է:
Երկարատև զրկանքները՝ թերսնումը, առաջնային բուժօգնություն ստանալու անհնարինությունը, ընտանիքների հետ վերամիավորվելու անկարելիությունը, կրթություն ստանալու էական խոչընդոտները, անդառնալի հետքեր են թողնում երեխաների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան առողջության և զարգացման վրա:
Օրհասական է իրավիճակը հատկապես հաշմանդամություն ունեցող և քրոնիկ հիվանդություններից տառապող երեխաների համար (ուռուցքային, սրտանոթային հիվանդություններ, երիկամների անբավարարություն, ՄՈՒԿ և այլն), ում համար սեփական տունը դարձել է հումանիտար աղետի գոտի:
Ժամ առ ժամ կորցնելով հավատն ու հույսը վաղվա օրվա և հումանիզմի նկատմամբ երեխաների երազանքներն ու մտորումները մթագնում են գոյատևման ամենօրյա պայքարում:
Սրանք փաստեր են, որոնք պետք է ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՉ S.O.S. հնչեցնեն երեխաների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, ինչպես նաև երեխաների պաշտպանության մասնագետների համար: Անհրաժեշտ է հասանելի դարձնել առնվազն անհետաձգելի մարդասիրական օգնությունն ու առաջին անհրաժեշտության պարագաները, որոնք Արցախում ապրող երեխաների տառապանքներն ու զրկանքները մեղմելու միակ հնարավորությունն են այսօր:
Սա մասնագիտական և մարդասիրական պատասխանատվության հարց է:
Սա կոչ է առ այն, որ լռության ամեն վայրկյանն ու հապաղման ամեն րոպեն մարդկային կյանք արժե: 30,000 երեխայի փրկությունը հենց Ձեր ձեռքում է, այն մարդկանց և կառույցների, ովքեր հավատարիմ են հումանիզմի արժեքներին և մանկության պաշտպանության իրենց առաքելությանը:
Համատեղեք Ձեր ռեսուրսները և միավորեք Ձեր ջանքերը՝ գործելու հանուն մանկության և մարդկության առանց սահմանների:
Ականջալուր եղե՛ք Արցախի 30,000 անմեղ երեխաների ձայներին:
Դիմում ենք երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող բոլոր միջազգային կազմակերպություններին իրենց ձայնը բարձրացնելու և դիմելու կոնկրետ գործողությունների, որոնք կապահովեն Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով կայացված 2023 թվականի փետրվարի 22-ի և 2023 թվականի հուլիսի 6-ի որոշումների կատարումը:
Դիմում ենք նաև Ադրբեջանում գործունեություն ծավալող երեխաների պաշտպանության մասնագետներին՝ իրավաբաններին, հոգեբաններին, սոցիալական աշխատողներին, մանկավարժներին և բոլոր նրանց, ովքեր մտահոգ են երեխաների պաշտպանության հարցերի առնչությամբ, դիմել իրենց իշխանություններին շուտափույթ բացելու Լաչինի միջանցք հումանիտար բեռների համար:
Սույն կոչը բաց է ստորագրության համար, երեխաների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցների և մասնագետների համար:
Դիրքորոշումը ստորագրվել է Երեխաների պաշտպանության ցանց -ի անդամ կազմակերպությունների կողմից:
Այցի մասին ավելի մանրամասն՝ https://www.youtube.com/watch?v=FEItPb5USSE&t=1s
Հայտարարություններ
20.11.2024
Աշխատանքի հայտարարություն
15.07.2024
Աշխատանքի հայտարարություն
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ