Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Սոցիալական աշխատանք մասնագիտությամբ ներածական դասընթացի վկայականների հանձնման արարողություն

09.03.2023

Սույն թվականի փետրվարի 27-ին, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գրասենյակում տեղի ունեցավ «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ ներածական դասընթացի 17 մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը։

   Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հետ համագործակցությամբ REACT ծրագրի շրջանակում 2022 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կազմակերպեց ներածական դասընթաց սոցիալական աշխատանքի պարա-պրոֆեսիոնալների համար։ Դասընթացը ընդգրկել էր 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված ու ՀՀ-ում բնակվող այն արցախցիներին, ովքեր ժամանակին ներգրավված են եղել բնակչության հետ աշխատանքներում՝ կրթության, առողջապահության կամ սոցիալական ապահովության ոլորտներում, նպատակ ունենալով պատրաստել պարա-պրոֆեսիոնալների հենց արցախցիների շարքերից, ովքեր առավել մեծ արդյունավետությամբ կկարողանան տեսնել և արձագանքել Արցախից տեղահանվածների համայնքի կարիքներին և խնդիրներին։
 

  Մինչ վկայականներ ստանալը դասընթացի մասնակիցները ներգրավված են եղել ինտենսիվ ուսուցման եռամսյա դասընթացում, ապա անցել եռամսյա տևողությամբ պրակտիկա և հանձնել որակավորման քննություն։ Դասընթացի մասնակիցների համար հենց սա է եղել շահառուից՝ աջակցություն ստացողից դեպի աջակցություն տրամադրող անցում կատարելու ճանապարհը, որը լի է եղել ինչպես մասնագիտական ձեռքբերումներով, այնպես էլ «նոր մասնագիտությանը» բնորոշ մտածողություն, գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու մարտահրավերներով։
 

   Վկայականների հանձնման արարողությանը, որը տեղի ունեցավ փետրվարի 27-ին, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գրասենյակում, ներկա էին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, դասընթացի մասնակիցները, ինչպես նաև REACT ծրագրի իրականացնող գործընկերներ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության (ACTED) ներկայացուցիչները։
 

 Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, հանդես գալով միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի և շնորհավորական խոսքով, նշեց․ «Այստեղ հավաքվածներն այն մարդիկ են, ովքեր, չնայած մի շարք ճգնաժամերի, ուժ են գտել ոչ միայն հաղթահարելու սեփական դժվարությունները, այլև աջակցելու այլ մարդկանց, օգնելու նրանց վեր հանել, ակտիվացնել և գնահատել սեփական ներուժը, ինչն անգնահատելի և շատ կարևոր առաքելություն է»։

   Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն իր ողջույնի խոսքում նշեց․ «Հուսով եմ, որ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները իսկապես կծառայեն Արցախից տեղահանվածների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Դժվար ճանապարհ եք ընտրել, որի ընթացքում բոլորիդ մաղթում եմ տոկունություն»։   

   Արարողության ընթացքում դասընթացի մասնակիցները ևս առիթ ունեցան կիսվելու իրենց տպավորություններով։ Դասընթացի մասնակից Եվգենյա Տեր-Բարեղամյանցն իր խոսքում նշեց․ «Մինչ այս եռամսյա դասընթացներին մասնակցելը թվում էր, թե ընտրել էի մասնագիտությունս, սակայն իրականում այս ծրագիրն ինձ տվեց նոր մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, դասախոսներն այնպիսի գիտելիքներ, կարողություններ ու հմտություններ տվեցին, որ ես այժմ իմ տեղը գտել եմ ոլորտում։ Այն ինչը կարողացա ստանալ դասընթացի ընթացքում, այսօր ինձ հնարավորություն է տալիս աջակցել այլոց»։


   Դասընթացն իրականացվել է Եվրոպական միության աջակցությամբ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցություն և ինտեգրում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ների համագործակցությամբ։

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին