Հրավեր- Սոցիալական աշխատողի մրցույթ
18.02.2026
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան չափանիշներին համապատասխանող մասնագետներին մասնակցելու Գեղարքունիքի մարզի, ք․ Մարտունիում գտնվող սոցիալական աշխատանքի կենտրոնի սոցիալական աշխատողի հաստիքի մրցույթին
Պաշտոնը՝ Կրտսեր սոցիալական աշխատող
Ծրագրի անվանում՝ Սոցիալական աշխատողի ներգրավումը նախատեսվում է «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է World Vision Germany և Վորլդ Վիժն Հայաստան երեխաների պաշտպանության հիմնադրամի ղեկավարությամբ՝ համագործակցելով Երեխաների պաշտպանության ցանց, Հայաստանի Սոցիալական Աշխատողների Ասոցիացիա, Արմավիրի Զարգացման Կենտրոն և Տահույս կազմակերպությունների հետ՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն ֆինանսական աջակցությամբ։
Մարտունու երեխաների ցերեկային կենտրոնը գործարկվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից և նպատակ ունի ապահովել խոցելի իրավիճակում գտնվող երեխաների պաշտպանությունը, հոգեսոցիալական աջակցությունը, սոցիալական ներառումը և զարգացման հնարավորությունները։
Սոցիալական աշխատողը հաշվետու է՝ Ծրագրի սուպերվիզորին
Ծրագրի շրջանակներում աշխատանքի իրականացման վայր Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի
1․ Աշխատանքի բովանդակությունը և նպատակը։
Սոցիալական աշխատողի աշխատանքի հիմնական նպատակը սոցիալական բարեկեցության ապահովումն է՝ նրանց սոցիալական, հոգեբանական և կենցաղային կարիքներին համապարփակ արձագանքելու միջոցով։ Սոցիալական աշխատողը իրականացնում է անհատական և խմբային աշխատանք, նպաստում է շահառուների ներառմանը համայնքային կյանքում, ինչպես նաև ապահովում է շահառուների իրավունքների պաշտպանությունն ու ծառայությունների մատչելիությունը, այդ թվում ակտիվորեն համագործակցելով թիմի անդամների և գործընկերների հետ։
Մասնագետի առջև դրված հիմնական խնդիրներն են՝
Շահառուների կարիքների գնահատում և դրանց հիման վրա անհատական միջամտության ծրագերի կազմում,
Շահառուների շրջանում խոցելիության և ռիսկերի նվազեցում՝ անհատական մոտեցմամբ,
Շահառուների սոցիալական ներառման, ինքնուրույնության և կյանքի որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում,
Համայնքային և միջմասնագիտական համագործակցության ապահովում։
Աշխատանքը հիմնվում է սոցիալական աշխատանքի հիմնական սկզբունքների վրա՝ գաղտնիություն, մասնագիտական էթիկա, շահառուի իրավունքների և արժանապատվության պաշտպանություն, անհատականացված մոտեցում և աջակցող միջավայրի ձևավորում։
2․ Աշխատանքին վերաբերող ընդհանուր պահանջները։
ա) Աշխատանքի ձևաչափը
Աշխատանքը կատարվում է հիմնականում Սոցիալական աշխատանքի կենտրոնի տարածքում, ինչպես անհատական աշխատանքի, այնպես էլ խմբային և համայնքային կազմակերպման մեթոդների կիրառմամբ։
Սոցիալական աշխատողը պարբերաբար իրականացնում է շահառուների կարիքների և նրանց իրավիճակի ռիսկայնության գնահատում՝ անհատական կանոնավոր հանդիպումների, դիտարկման և փաստաթղթերի վերլուծության միջոցով։
Խմբային աշխատանքները իրականացվում են ըստ բացահայտված կարիքների՝ կիրառելով սոցիալական աշխատանքի համապատասխան մեթոդներ (քննարկումներ, կրթական և ժամանցային խմբեր, սոցիալականացնող խմբեր և այլն)։
Աշխատանքային գործունեությունը ներառում է համայնքային հանդիպումներ, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ և ռեսուրսների մոբիլիզացիա, ինչպես նաև սերտ համագործակցություն մարզային և համայնքային կառույցների հետ։
Աշխատանքի պարտադիր մաս է կազմում իրականացված միջամտությունների փաստաթղթավորումը և հաշվետվությունների պատրաստումը, որոնք պետք է իրականացվեն մասնագիտական ստանդարտներին և կազմակերպության պահանջներին համապատասխան։
բ) Աշխատանքային մոտեցումները
Աշխատանքը կառուցվում է շահառուակենտրոն մոտեցման վրա, որտեղ յուրաքանչյուր բնակիչ դիտարկվում է որպես եզակի կարիքներ և ներուժ ունեցող անհատ։
Աշխատանքի հիմքում մասնագիտական էթիկայի և գաղտնիության պահպանման սկզբունքներն են։
Միջամտությունները պետք է լինեն անհատականացված, ներառական և խթանող, նպաստեն շահառուների ինքնուրույնության զարգացմանը։
Առաջնահերթ է միջմասնագիտական համագործակցությունը, որը ենթադրում է թիմի այլ մասնագետների և արտաքին կառույցների ներգրավում։
Աշխատանքը իրականացվում է հաշվի առնելով սոցիալական հավասարության, արժանապատվության և խտրականության բացառման սկզբունքները, հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը։
Սոցիալական աշխատողը պարտավոր է ցուցաբերել ճկունություն և ստեղծագործական մոտեցում, համադրելով տեղի ռեսուրսները և նորարարական մասնագիտական մեթոդները։
գ) Աշխատանքի կազմակերպչական շրջանակը
Սոցիալական աշխատողը գործում է համաձայն Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ներքին կանոնակարգի:
Աշխատանքային գործունեությունը ենթադրում է պարբերական սուպերվիզիաների և դասընթացների մասնակցություն, որոնք նպաստում են մասնագիտական աճին և հոգնածության կանխարգելմանը։
Սոցիալական աշխատողը իր գործունեության ընթացքում ենթարկվում է Սոցիալական տանը կցված Սուպերվիզորին:
3․ Մասնագետի աշխատանքային պարտականությունների շրջանակը.
ա) Անհատ շահառուի հետ աշխատանք
Իրականացնել շահառուների կարիքների բազմակողմանի գնահատում՝ համաձայն գնահատման գործիքակազմի,
Վերլուծել բարձր ռիսկայնության դեպքերը (բռնություն, անտեսում, առողջական կամ հոգեբանական ծանր խնդիրներ) և մշակել արագ արձագանքման գործողություններ։
Կազմել անհատական միջամտության ծրագրեր՝ ներառելով շահառուի կարիքները, ուժեղ կողմերը և նպատակները։
Կազմակերպել պարբերական անհատական խորհրդատվություններ, աջակցել շահառուների սոցիալական իրավունքների իրացմանը։
Խթանել շահառուի ինքնուրույնությունը՝ կենցաղային հմտությունների, ինքնասպասարկման և սոցիալական ակտիվության խթանման միջոցով։
Սպասարկել շահառուի կապը ընտանիքի, հարազատների և համայնքի հետ՝ նպաստելով նրա սոցիալական ներառմանը։
Տրամադրել տեղեկատվություն և ուղղորդել շահառուներին համապատասխան պետական և հասարակական ծառայություններ (առողջապահական, կրթական, իրավաբանական, սոցիալական օգնություն և այլն)։
բ) Խմբային ձևաչափով աշխատանք
Կազմակերպել և վարել խմբային հանդիպումներ՝ ուղղված շահառուների հմտությունների զարգացմանը (հաղորդակցական հմտություններ, ֆինանսական գրագիտություն, առողջ ապրելակերպ և այլն)։
Խթանել բնակիչների ներգրավումը ստեղծագործական, կրթական և ժամանցային խմբակներում։
Նպաստել շահառուների միջև փոխօգնության և համերաշխության մշակույթի ձևավորմանը։
Կազմակերպել խմբային քննարկումներ՝ սոցիալական տան ներքին կյանքին առնչվող խնդիրների լուծման համար։
Իրականացնել ինտերակտիվ և մասնակցային մեթոդներով միջոցառումներ, որոնք կօգնեն բնակիչներին հաղթահարել մեկուսացվածության զգացումը։
գ) Փաստաթղթավորում
Վարել յուրաքանչյուր շահառուի սոցիալական գործը՝ ապահովելով ամբողջական և թափանցիկ փաստաթղթավորում, համաձայն գործիքակազմի։
Մշակել և պահպանել գաղտնիության կանոններին համապատասխան տվյալների բազա։
Ներկայացնել աշխատանքային արդյունքների մասին պարբերական հաշվետվություններ։
Մասնակցել ծրագրերի և ծառայությունների մոնիթորինգին և գնահատմանը՝ անհրաժեշտ տվյալներ տրամադրելով։
դ) Գործընկերների հետ աշխատանք
Համագործակցել համայնքային, մարզային և պետական կառույցների հետ՝ շահառուների կարիքների արդյունավետ լուծման համար։
Կազմակերպել միջմասնագիտական քննարկումներ՝ ներգրավելով առողջապահական, կրթական, իրավաբանական և այլ ոլորտների մասնագետներին։
Նպաստել համայնքային ռեսուրսների մոբիլիզացիային և շահառուների ծառայությունների հասանելիության ընդլայնմանը։
ե) Թիմում աշխատանք
Աշխատել միասին թիմի այլ մասնագետների հետ (հոգեբան, բուժքույր, խնամողներ, սուպերվիզոր և այլն)։
Մասնակցել պարբերական թիմային հանդիպումների և սուպերվիզիաների։
Նպաստել թիմի ներսում տեղեկատվության և փորձի փոխանակմանը։
Աջակցել գործընկերների մասնագիտական զարգացմանը:
Կատարել տրված առաջադրանքները և մասնակցել կազմակերպչական հարցերի լուծմանը։
4․ Սոցիալական աշխատողին առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները.
Պարտադիր պահանջներ.
Բարձրագույն մասնագիտական կրթություն կամ գտնվում է սոցիալական աշխատանքի կամ սոցիալական մանկավարժության ավարտական կուրսում:Միջին մասնագիտական կրթություն «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ կամ սոցիալական աշխատանքի բակալավրի կրթական ծրագրում սովորող՝ առնվազն երկրորդ կուրսի ուսանող։ Սոցիալական ծառայությունների ոլորտում մասնագիտական կամ կամավորական աշխատանքի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:
Սոցիալական պաշտպանության համակարգի ընթացիկ բարեփոխումներին, ոլորտի իրավական դաշտին տեղեկացված լինելը:
Առավելություն տվող պահանջներ.
Անդամակցությունը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիային կդիտարկվի որպես առավելություն:
Մասնակցությունը մասնագիտական համաժողովներին և գիտաժողովներին կդիտարկվի որպես առավելություն:
5․ Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ մինչև ս/թ Փետրվարի 24-ը ներառյալ՝
Ինքակենսագրական (CV), որը ընդգրկում է համապատասխան փորձը և որակավորումները։
Դիմումները պետք է ուղարկվեն infoaasw@gmail.com էլ.հասցեին՝ հստակ նշելով պաշտոնը, որի համար դիմում եք։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
