Հրավեր - Սոցիալական աշխատողի մրցույթ
05.09.2025
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հրավիրում է համապատասխան չափանիշներին համապատասխանող մասնագետներին մասնակցելու «Րայզ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագրի շրջանակներում Մարալիկի սոցիալական տան բնակիչների համար սոցիալական աշխատողի աշխատանքի համար թիվ AASW-RISE-007/25 մրցույթին:
Պաշտոնը՝ Սոցիալական աշխատող (Մարալիկի սոցիալական տուն)
Ծրագրի անվանումը՝ «ՐԱՅԶ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում խոցելի բնակչության, այդ թվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը` սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, ինչպես նաև նոր սոցիալական ծառայությունների՝ պատրոնաժի, սոցիալական խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։
Ծրագրի տևողությունը․ Նոյեմբեր 2024-Նոյեմբեր 2027
Հաշվետու է՝ Ծրագրի սուպերվիզորին
Ծրագրի շրջանակներում աշխատանքի իրականացման վայրեր՝ Մարալիկի սոցիալական տուն, ք. Մարալիկ, Շիրակի մարզ
Գործողության սկիզբ՝ 10/10/2025 Գործողության ավարտ՝ 01/10/2026 (ընդհանուր 12 ամիս՝ պայմանագրի հնարավոր երկարաձգմամբ)
1․ Աշխատանքի բովանդակությունը և նպատակը։
Սոցիալական աշխատողի աշխատանքի հիմնական նպատակը Մարալիկի սոցիալական տան շահառուների (տարեցներ, տեղահանվածներ, հաշմանդամություն ունեցող անձինք և այլ խոցելի խմբեր) սոցիալական բարեկեցության ապահովումն է՝ նրանց սոցիալական, հոգեբանական և կենցաղային կարիքներին համապարփակ արձագանքելու միջոցով։ Սոցիալական աշխատողը իրականացնում է անհատական և խմբային աշխատանք, նպաստում է շահառուների ներառմանը համայնքային կյանքում, ինչպես նաև ապահովում է շահառուների իրավունքների պաշտպանությունն ու ծառայությունների մատչելիությունը, այդ թվում ակտիվորեն համագործակցելով թիմի անդամների և գործընկերների հետ։
Մասնագետի առջև դրված հիմնական խնդիրներն են՝
- Շահառուների կարիքների գնահատում և դրանց հիման վրա անհատական միջամտության ծրագերի կազմում,
- Շահառուների շրջանում խոցելիության և ռիսկերի նվազեցում՝ անհատական մոտեցմամբ,
- Շահառուների սոցիալական ներառման, ինքնուրույնության և կյանքի որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- Համայնքային և միջմասնագիտական համագործակցության ապահովում։
Աշխատանքը հիմնվում է սոցիալական աշխատանքի հիմնական սկզբունքների վրա՝ գաղտնիություն, մասնագիտական էթիկա, շահառուի իրավունքների և արժանապատվության պաշտպանություն, անհատականացված մոտեցում և աջակցող միջավայրի ձևավորում։
2․ Աշխատանքին վերաբերող ընդհանուր պահանջները։
ա) Աշխատանքի ձևաչափը
- Աշխատանքը կատարվում է հիմնականում Սոցիալական տան տարածքում, ինչպես անհատական աշխատանքի, այնպես էլ խմբային և համայնքային կազմակերպման մեթոդների կիրառմամբ։
- Սոցիալական աշխատողը պարբերաբար իրականացնում է Սոցիալական տան շահառուների կարիքների և նրանց իրավիճակի ռիսկայնության գնահատում՝ անհատական կանոնավոր հանդիպումների, դիտարկման և փաստաթղթերի վերլուծության միջոցով։
- Խմբային աշխատանքները իրականացվում են ըստ բացահայտված կարիքների՝ կիրառելով սոցիալական աշխատանքի համապատասխան մեթոդներ (քննարկումներ, կրթական և ժամանցային խմբեր, սոցիալականացնող խմբեր և այլն)։
- Աշխատանքային գործունեությունը ներառում է համայնքային հանդիպումներ, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ և ռեսուրսների մոբիլիզացիա, ինչպես նաև սերտ համագործակցություն մարզային և համայնքային կառույցների հետ։
- Աշխատանքի պարտադիր մաս է կազմում իրականացված միջամտությունների փաստաթղթավորումը և հաշվետվությունների պատրաստումը, որոնք պետք է իրականացվեն մասնագիտական ստանդարտներին և կազմակերպության պահանջներին համապատասխան։
բ) Աշխատանքային մոտեցումները
- Աշխատանքը կառուցվում է շահառուակենտրոն մոտեցման վրա, որտեղ յուրաքանչյուր բնակիչ դիտարկվում է որպես եզակի կարիքներ և ներուժ ունեցող անհատ։
- Աշխատանքի հիմքում մասնագիտական էթիկայի և գաղտնիության պահպանման սկզբունքներն են։
- Միջամտությունները պետք է լինեն անհատականացված, ներառական և խթանող, նպաստեն շահառուների ինքնուրույնության զարգացմանը։
- Առաջնահերթ է միջմասնագիտական համագործակցությունը, որը ենթադրում է թիմի այլ մասնագետների և արտաքին կառույցների ներգրավում։
- Աշխատանքը իրականացվում է հաշվի առնելով սոցիալական հավասարության, արժանապատվության և խտրականության բացառման սկզբունքները, հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը։
- Սոցիալական աշխատողը պարտավոր է ցուցաբերել ճկունություն և ստեղծագործական մոտեցում, համադրելով տեղի ռեսուրսները և նորարարական մասնագիտական մեթոդները։
գ) Աշխատանքի կազմակերպչական շրջանակը
- Սոցիալական աշխատողը գործում է համաձայն Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ներքին կանոնակարգի:
- Աշխատանքային գործունեությունը ենթադրում է պարբերական սուպերվիզիաների և դասընթացների մասնակցություն, որոնք նպաստում են մասնագիտական աճին և հոգնածության կանխարգելմանը։
- Սոցիալական աշխատողը իր գործունեության ընթացքում ենթարկվում է Սոցիալական տանը կցված Սուպերվիզորին:
3․ Մասնագետի աշխատանքային պարտականությունների շրջանակը.
ա) Անհատ շահառուի հետ աշխատանք
- Իրականացնել շահառուների կարիքների բազմակողմանի գնահատում՝ համաձայն գնահատման գործիքակազմի,
- Վերլուծել բարձր ռիսկայնության դեպքերը (բռնություն, անտեսում, առողջական կամ հոգեբանական ծանր խնդիրներ) և մշակել արագ արձագանքման գործողություններ։
- Կազմել անհատական միջամտության ծրագրեր՝ ներառելով շահառուի կարիքները, ուժեղ կողմերը և նպատակները։
- Կազմակերպել պարբերական անհատական խորհրդատվություններ, աջակցել շահառուների սոցիալական իրավունքների իրացմանը։
- Խթանել շահառուի ինքնուրույնությունը՝ կենցաղային հմտությունների, ինքնասպասարկման և սոցիալական ակտիվության խթանման միջոցով։
- Սպասարկել շահառուի կապը ընտանիքի, հարազատների և համայնքի հետ՝ նպաստելով նրա սոցիալական ներառմանը։
- Տրամադրել տեղեկատվություն և ուղղորդել շահառուներին համապատասխան պետական և հասարակական ծառայություններ (առողջապահական, կրթական, իրավաբանական, սոցիալական օգնություն և այլն)։
բ) Խմբային ձևաչափով աշխատանք
- Կազմակերպել և վարել խմբային հանդիպումներ՝ ուղղված շահառուների հմտությունների զարգացմանը (հաղորդակցական հմտություններ, ֆինանսական գրագիտություն, առողջ ապրելակերպ և այլն)։
- Խթանել բնակիչների ներգրավումը ստեղծագործական, կրթական և ժամանցային խմբակներում։
- Նպաստել շահառուների միջև փոխօգնության և համերաշխության մշակույթի ձևավորմանը։
- Կազմակերպել խմբային քննարկումներ՝ սոցիալական տան ներքին կյանքին առնչվող խնդիրների լուծման համար։
- Իրականացնել ինտերակտիվ և մասնակցային մեթոդներով միջոցառումներ, որոնք կօգնեն բնակիչներին հաղթահարել մեկուսացվածության զգացումը։
գ) Փաստաթղթավորում
- Վարել յուրաքանչյուր շահառուի սոցիալական գործը՝ ապահովելով ամբողջական և թափանցիկ փաստաթղթավորում, համաձայն գործիքակազմի։
- Մշակել և պահպանել գաղտնիության կանոններին համապատասխան տվյալների բազա։
- Ներկայացնել աշխատանքային արդյունքների մասին պարբերական հաշվետվություններ։
- Մասնակցել ծրագրերի և ծառայությունների մոնիթորինգին և գնահատմանը՝ անհրաժեշտ տվյալներ տրամադրելով։
դ) Գործընկերների հետ աշխատանք
- Համագործակցել համայնքային, մարզային և պետական կառույցների հետ՝ շահառուների կարիքների արդյունավետ լուծման համար։
- Կազմակերպել միջմասնագիտական քննարկումներ՝ ներգրավելով առողջապահական, կրթական, իրավաբանական և այլ ոլորտների մասնագետներին։
- Նպաստել համայնքային ռեսուրսների մոբիլիզացիային և շահառուների ծառայությունների հասանելիության ընդլայնմանը։
ե) Թիմում աշխատանք
- Աշխատել միասին թիմի այլ մասնագետների հետ (հոգեբան, բուժքույր, խնամողներ, սուպերվիզոր և այլն)։
- Մասնակցել պարբերական թիմային հանդիպումների և սուպերվիզիաների։
- Նպաստել թիմի ներսում տեղեկատվության և փորձի փոխանակմանը։
- Աջակցել գործընկերների մասնագիտական զարգացմանը:
- Կատարել տրված առաջադրանքները և մասնակցել կազմակերպչական հարցերի լուծմանը։
4․ Սոցիալական աշխատողին առաջադրվող որակավորման նվազագույն պահանջները.
Պարտադիր պահանջներ.
- Բարձրագույն մասնագիտական կրթություն կամ գտնվում է սոցիալական աշխատանքի կամ սոցիալական մանկավարժության ավարտական կուրսում:
- Սոցիալական ծառայությունների ոլորտում մասնագիտական կամ կամավորական աշխատանքի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:
- Սոցիալական պաշտպանության համակարգի ընթացիկ բարեփոխումներին, ոլորտի իրավական դաշտին տեղեկացված լինելը:
Առավելություն տվող պահանջներ.
- Անդամակցությունը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիային կդիտարկվի որպես առավելություն:
- Մասնակցությունը մասնագիտական համաժողովներին և գիտաժողովներին կդիտարկվի որպես առավելություն:
5․ Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ մինչև ս/թ սեպտեմբերի 21-ը ներառյալ՝
- Ինքակենսագրական (CV), որը ընդգրկում է համապատասխան փորձը և որակավորումները։
Դիմումները պետք է ուղարկվեն procurement@aasw.org էլհասցեին՝ հստակ նշելով պաշտոնը, որի համար դիմում եք։
Հայտարարություններ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.01.2024
ԱՄԱՆՈՐՅԱ ԵՎ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՈՒՂԵՐՁ
30.10.2023
Երիտասարդների մասնակցությամբ աշխատարաններ
