ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Նունե Գեղամյանի հետ. սոցիալական աշխատողից մինչեւ սոցիալական ծառայության ղեկավար
21.02.2023
Սոցիալական աշխատողի մասնագիտական աճի հեռանկարները Հայաստանում: Ներկայացնում ենք պատմություններն այն մասնագետների, ովքեր այսօր գործում են որպես սոցիալական ծառայության ղեկավար:
«Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի ծրագրի ղեկավար
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հիմնադիր-անդամ
Ի՞նչ է Ձեզ համար սոցիալական աշխատանքը։
-Իրականում, շատ եմ մտածել այդ հարցի մասին, սակայն առաջին անգամ եմ առիթ ունենում պատասխանելու։ Արդեն 20 տարի է ինչ ոլորտում եմ եւ կարող եմ ասել, որ սոցիալական աշխատանքն ինձ համար արդեն կյանքի ոճ է։ Որքան էլ տարիների ընթացքում անձնայինի ու մասնագիտականի սահմանը փորձում եմ պահել, այնուամենայնիվ, դրանք ինչ որ պահի միաձուլվում են, հատկապես սոցիալական աշխատանք մասնագիտության պարագայում։
Մի փոքր կպատմեք Ձեր անցած ճանապարհի մասին, ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք ոլորտում եւ մասնագիտացաք հենց սոցիալական աշխատանքում։
- Որքան էլ զարմանալի լինի, ամեն ինչ շատ մանրամասն հիշում եմ։ Ամեն բան սկսվել է հենց ԵՊՀ-ից։ Կյանքումս առաջին անգամ ծնողներիս դեմ գնացի եւ ասացի, որ ես չեմ ցանկանում դառնալ հաշվապահ, աշխատել թվերի եւ թղթերի հետ, այլ ցանկանում եմ աշխատել մարդու հետ։ Առանց խորքային պատկերացում ունենալու սոցիալական աշխատանքի մասին, որոշեցի դիմել հենց այդ բաժինը, քանի որ այդ տարի մասնագիտությամբ առաջին ընդունելությունն էր կազմակերպվում։ Փաստաթղթեր ընդունող աշխատակիցը այն ներկայացրեց որպես տարբեր գիտակարգերի համադրություն եւ նոր ձեւավորված մասնագիտություն: Հենց առաջին կուրսից շատ սիրել եմ ու հասկացել, որ ճիշտ որոշում եմ կայացրել։ Ես հաճույք եմ ստանում իմ աշխատանքից, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց օգնելուց, նույնիսկ պատմելուց, թե ինչպես են մեր շահառուների կյանքում միջամտության արդյունքում տեղի ունենում դրական փոփոխություններ։ Փոփոխություններ, որոնց այդ իրավիճակում չհայտնված մարդու համար կարող են թվալ «ոչինչ»։
Ուսումնառությանս ընթացքում, Տիկին Անտոնյանի հետ, ով, իդեպ, եղել է իմ առաջին կուրսային աշխատանքի ղեկավարը, մուտք գործեցի աշխատանքային դաշտ, որի
ընթացքում էլ առաջին անգամ առնչվեցի շահառուների հետ։ Տարբեր մարզեր էինք մեկնում եւ փորձում հիմնել եւ բարեկարգել կենտրոններ, որոնք կծառայեին որպես այդ
մարզերում սոցիալական ծառայությունների մատուցման առաջին կենտրոններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Այդ ընթացքում մանագիտության մասին այսքան խորը պատկերացումները բացակայում էին, մասնագիտական գրականության սղություն կար, սակայն սերը դեպի մասնագիտությունը միայն աճում էր։ Հետագայում առաջարկ ստացա նաեւ դասավանդելու ԵՊՀ-ում։
Ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպել Ձեր ճանապարհին։
- Աշխատանքի ընթացքում շատ տարբեր բնույթի դժվարություններ կային, մասնավորապես մասնագիտության հետ առնչվող կարծրատիպերը, որոնք այդ ժամանակահատվածում բավականին ակնառու էին։ Սակայն, որքան էլ որ ճնշող լինեին դրանք, ինձ համար վախեցնող չէին, այլ հակառակը՝ ես ընկալում էի դրանք որպես մարտահրավերներ, որոնք պետք էր հաղթահարել եւ այդպես էլ անում էի։ Սկզբնական շրջանում, երբ դժվարությամբ դեռ համատեղում էի ուսումն ու աշխատանքը, արդեն իսկ ընտանիք էի կազմել։ Դա անձնական եւ մասնագիտական կյանքի բուռն ընթացք էր ինձ համար, եւ եթե չլինեի հենց սոցիալական աշխատող, եւ չլինեի սոցիալական աշխատողների միջավայրում, միգուցե դժվարությամբ հաղթահարեի, կամ նույնիսկ, ստիպված լինեի ընտրության առաջ կանգնելու։ Տարիների ընթացքում սովորական է դառնում դժվարությունները հնարավորությունների վերածելու գործընթացը եւ դրանք փոփոխություններ են բերում ինչպես շրջապատիդ, այնպես էլ շահառուների կյանքում։
Սոցիալական աշխատանքն ինձ շատ օգնել եւ օգնում է նունիսկ հարազատներիս եւ ինքս ինձ աջակցելու հարցում,այն սովորեցրել է երբեք չհանձնվել։
Արդյո՞ք, սոցիալական աշխատողի եւ արդեն ղեկավարի աշխատանքային գործունեության մեջ տարբեր են սկզբունքների առաջնահերթությունները։ Այս առումով երբեւէ եղե՞լ է հակասություն, թե՞ ոչ։
- Չեմ բացառում, որ հետագայում կարող է հակասություն առաջանալ, բայց դեռ չեմ հանդիպել։ Ինձ համար ամենամեծ սկզբունքը մարդակենտրոնությունն է։ Մեր կենտրոնում շահառուն երեխան է եւ մենք փորձում ենք մեր աշխատանքը կազմակերպել միշտ կենտրոնում ունենալով երեխային։ Պատահում է, որ դերային հակասություն առաջանա տնօրինություն, անձնակազմ եւ շահառու հարաբերություններում շահառուի վերաբերյալ երկընտրանքային իրավիճակների առկայության պարագայում, սակայն որպես ղեկավար հնարավորինս փորձում եմ այդպիսի իրավիճակները հավասարակշռել։
Հայացք գցելով Ձեր անցած ուղուն որպես սոցիալական աշխատող, կվերհիշեք, թե ինչպիսի՞ փոփոխությունների կարիք ունեիք աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար եւ արդյոք հիմա, որպես ղեկավար փորձում եք դրանք իրականացնել։
- Ստեղծագործականության ազատությունն է եւ' որպես սոցիալական աշխատող, եւ' որպես ղեկավար ինձ համար շատ կարեւոր։ Մասնագիտությունը սիրողը պիտի ստեղծագործի՝ հիմնվելով համամարդկային արժեքների վրա եւ ունենալով ազատություն։ Ստանդարտացումը մշտապես տանում է լճացման, իսկ ստեղծագործականությունը՝ զարգացման։ Որպես ղեկավար, փորձում եմ մեր կենտրոնի մասնագետներին տալ այդ ազատությունն ու ստեղծագործականություն ցուցաբերելու հնարավորությունը։
Ո՞ր դերն է ձեզ համար շատ ավելի հոգեհարազատ. սոցիալական աշխատող, թե՞ ծրագրի ղեկավար
- Ես որտեղ էլ լինեմ հոգով սոցիալական աշխատող եմ, մշտապես դեպքերը դիտարկում եմ որպես սոցիալական աշխատող, քանի որ մշտապես մոտիվացվում եմ դրական փոփոխություններից, դեպքերի ելքերի։ Միեւնույն ժամանակ մասնագիտական աճը, տարբեր ծրագրերում ներգրավվածությունը եւս ինձ համար կարեւոր հանգամանք է եւ
հնարավորություն ստեղծագործելու։ Առհասարակ, բազմազանությունն ինձ համար կարեւոր է։
Ի՞նչ խորհուրդ կտաք դաշտ նոր մուտք գործող եւ արդեն իսկ կայացած սոցիալական աշխատողներին։
- Ցանկացած իրավիճակում լինել էթիկապես գերգրագետ, խուսափել սոցիալական աշխատանքին որպես մեքենայական աշխատանք վերաբերելուց եւ լինել սկզբունքային։ Նաեւ խորհուրդ կտամ չվախենալ հասարակության վերաբերմունքից եւ առկա կարծրատիպերից, որոնք նունիսկ ամենազարգացած երկրում առկա են։ Իրական փոփոխության ձգտող սոցիալական աշխատողների մարտահրավերները նույնն են, իհարկե, մեր երկրում, պայմանավորված մի շարք հանգամանքներով, այդ խնդիրներն ավելի ցայտուն են, սակայն անհրաժեշտ է չվախենալ, սիրել մասնագիտությունն, ամեն դժվարության մեջ փնտրել ելքեր ու հաճույք ստանալ դրանից։