Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Հանդիպում Կոտայքի մարզպետարանում

16.06.2021

Մարզային տեղեկատվական հանդիպումների շրջանակում տեղի ունեցով հանդիպում Կոտայքի մարզում:

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան Կոտայքի մարզպետարանում կազմակերպել էր իրազեկման հանդիպում, որի ընթացքում ներկայացվել է սոցիալական պաշտպանության ոլորտի նոր՝ եռամյա, «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսաապահովման միջոցառումների խթանում» դրամաշնորհային ծրագիրը և քննարկվել վերջինիս շրջանակներում համագործակցության հնարավորություններ Կոտայքի մարզում։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, Կոտայքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ, Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, ինչպես նաև մարզում գործող Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ղեկավարներ, տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Ծրագրի ներկայացուցիչները ներկայացրեցին Ծրագրի հիմնական նպատակները, Ծրագրին աջակցող կառույցներին, շահառուների շրջանակը, նրանց ընտրության կարգը, տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական աշխատողների դերակատարությունը:

Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, կարևորելով առկա ճգնաժամերի պայմաններում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր տարբեր կառույցների կողմից հստակ ձևակերպված համապատասխան մասնագիտական որակավորում, կարողություններ ու հմտություններ ունեցող սոցիալական աշխատողի պահանջարկը, նշել է, որ ներկա փուլում ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգը վերապրում է ինտենսիվ կառուցվածքային բարեփոխումներ, երբ վերակազմավորվում են առանցքային սոցիալական ծառայությունները: Այդ բարեփոխումները պատեհ առիթ են հանդիսանում գործընթացի կիզակետում դիտարկելու շահառուի լավագույն շահն ու սոցիալական աշխատողին: Այս համատեքստում Սոցիալական աշխատողների ասոցիացիան նախատեսում է ծրագրի շրջանակներում մշակել սոցիալական դեպքի վարման նոր մեթոդաբանություն, իսկ աղքատության հաղթահարումը փորձարկել ակտիվացման և ներառման հստակ նորարարական մեխանիզմներով, ինչը թույլ կտա ավելի պատրաստ ու դիմացկուն լինել տարատեսակ սոցիալական ռիսկերին արձագանքելու գործընթացում:

ՀՀ ԱՍՀՆ կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների հարցերով խորհրդական Եվգինե Վարդանյանի խոսքով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մշակված այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընտանեկան նպաստի համակարգում գրանցված, այդ համակարգից դուրս մնացած ընտանիքներին տրամադրել սոցիալական բազմաբնույթ ծառայություններ, ինչպես նաև հզորացնել նրանց հետ աշխատող սոցիալական ծառայությունների աշխատակիցների կարողությունները։

Ծրագրի ղեկավար Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ ծրագիրը երկու հիմնական բաղադրիչներից է բաղկացած, որոնք նպատակ ունեն բարեփոխումներ բերել սոցիալական աշխատանքի պրակտիկայում, որի արդյունքում ավելի արդյունավետ կդառնա խոցելի խմբերի հետ մասնագիտական աշխատանքը, և հնարավորություններ կստեղծվեն սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ապրող մարդկանց համար դուրս գալու աղքատության ճիրաններից: Ծրագրի ընթացքում կընտրվեն շահառու ընտանիքներ, որոնց համար հնարավորություն կստեղծվի ինքնուրույն հաղթահարել եկամտի աղբյուր ունենալուն խոչընդոտող խնդիրները և զարգացնել սեփական ձեռնարկատիրական հմտությունները:

Սույն հրապարակման մեջբերումները ըստ՝  Կոտայքի մարզպետարանի կայքի հրապարակման:

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին