Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Հայ

|

Դասընթաց սոցիալական ոլորտի մասնագետների համար «Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպումը արտակարգ իրավիճակներում» թեմայով

02.03.2023

Ասոցիացիան հերթական անգամ իր ջանքերն ուղղում է զարգացնելու սոցիալական ոլորտի մասնագետների՝ արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունները

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան, կարևորելով արտակարգ իրավիճակների համատեքստում բնակչության սոցիալական պաշտպանության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը, շարունակում է աշխատանքները համայնքներում սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման ուղղությամբ։ 

Աշխատանքների իրականացման ներկայիս փուլում, նման առաջին հանդիպում-դասընթացը տեղի ունեցավ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Դասընթացն ընդգրկում էր համայնքում գործունեություն ծավալող այնպիսի մասնագետների, ինչպիսին են պետական և ոչ պետական ոլորտների սոցիալական աշխատողները, բժիշկները, ուսուցիչները և այլն։

Ինչպես նշեց, Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը․ «Ցանկացած աղետի կամ արհավիրքի պարագայում, նախապատրաստված լինելը էականորեն նվազեցնում է կորուստներն ու դրանց հնարավոր բացասական հետևանքները։ Մենք փորձում ենք մասնագետներին օգնել այդ պատրաստվածության հարցում, որպեսզի իմանան, թե ինչպես համարժեք և արագ արձագանք տալ իրենց հանդիպող հնարավոր արտակարգ իրավիճակներին, և դրանով խուսափել ժամանակ ու այլ ռեսուրսների հնարավոր մեծ կորուստներից»։

Նկատի ունենալով, հատկապես, արտակարգ իրավիճակների պայմաններում, մասնագիտական այրման բարձր հավանականությունը, դասընթացի կարևոր մասն է կազմում նաև մասնագիտական ինքնախնամքի որոշ հմտությունների ուսուցանումը։ Այս իմաստով, ինչպես տիկին Անտոնյանն է նշում. «Մենք հասկացանք, որ շատ կարևոր է հենց մասնագետների դժվարությունների հետ աշխատանքը, քանի որ, ցավոք սրտի, օգնող մասնագետներն իրենց հերթին անցնելով այդ ամենի միջով, իրենց հերթին օգնող լինելու հանդերձ, իրենք կրում են բոլոր խնդիրների ազդեցությունը։ Մասնագետն ինքը հայտնվում է շատ երկակի և բարդ իրավիճակում, որը ոչ բոլորն են կարողանում հաջողությամբ հաղթահարել։ Այս առումով մեթոդաբանությունը մշակելիս շատ կարևոր բաղադրիչ ենք ավելացրել, այն է «օգնողներին օգնելու» հանգամանքը»։

Ծրագրի շրջանակներում կարողությունների զարգացման դասընթացներ նախատեսվում են իրականացնել նաև Վայոց ձորի մարզում։

Դասընթացն իրականացվում է «Ապրանքների մատակարարման նախապատրաստում ևարտակարգ իրավիճակների համակարգմանն օժանդակություն» ծրագրի շրջանակում ACTED-իկողմից իր գործընկեր Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, Աշխարհի բժիշկներ կազմակերպության և Գորիսի մամուլի ակումբի հետ համագործակցությամբ և Start Fund-ի ֆինանսական աջակցությամբ։

 

 

Նորություններ

Տեսնել ավելին

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Տեսնել ավելին